Մատչելիության հղումներ

logo-print

Ռեջեփ Էրդողանը՝ Թուրքիայի 12-րդ նախագահ


Ռեջեփ Էրդողանը դարձավ Թուրքիայի 12-րդ նախագահը, բայց առաջինը, ով ընտրվեց ժողովրդի ուղղակի քվեարկության միջոցով:

Կիրակի օրը անցկացված ընտրություններում Էրդողանը հաղթեց առաջին փուլում՝ հավաքելով քվեների մոտավորապես 52 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդին Իհսանօղլուն ստացել է ձայների 38․5 տոկոսը, իսկ քրդամետ Ժողովրդա - դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահատին Դեմիրթաշը՝ 9․5 տոկոսից ավելին:

Էրդողանը Թուրքիայի առաջին նախագահն է, ով ընտրվեց ժողովրդի ուղղակի քվեարկության միջոցով: Մինչև այժմ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից և ավելի ցածր լիազորություններ ուներ, քան վարչապետը, ով երկրի փաստացի ղեկավարն էր: Հիմա երկիրը կղեկավարի նախագահը՝ Ռեջեփ Էրդողանը:

Արդեն երեկ ուշ երեկոյան Անկարայում նա, ելույթ ունենալով բազմահազարանոց հանրահավաքում, ասաց, թե ողջունում է նրանց «ամբողջ սրտով»՝ հայտարարելով, թե «սա պատմական օր է՝ ժողովրդավարության և ազգային կամքի հաղթանակ»:

«Այսօր մենք մի փուլ ենք փակում և մտնում նոր դարաշրջան: Ես կլինեմ ոչ միայն իմ օգտին քվեարկածների, այլև 77 միլիոնի նախագահը», - նկատի ունենալով Թուրքիայի ամբողջ բնակչությանը՝ ասաց Էրդողանը:

Նա ընտրությունները դրական համարեց նաև Թուրքիայի բարեկամ երկրների համար՝ նշելով Գազայի հատվածի, Ռամալայի ու Երուսաղեմի անունները:

Ռեջեփ Էրդողանը ելույթ ունեցավ նաև Ստամբուլում «Արդարություն և զարգացում» կուսակցության համակարգող կենտրոնի դիմաց հավաքված բազմության առաջ՝ հայտարարելով՝ «մենք կշարունակենք ծառայել մեր ժողովրդին, բարելավել ժողովրդավարական գործընթացները», իսկ անդրադառնալով քրդական խնդրին՝ կոչ արեց անցյալում թողնել հին վիճաբանությունները:

Նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 73 տոկոսը: Վերլուծաբանները նշում են, որ սա սպասվածից փոքր-ինչ ցածր արդյունք է, մասնավորապես մարտին անցկացված տեղական ինքնակառավարման ընտրությունների մասնակիցների թիվը 2 միլիոնով ավելի էր:

Նաև նշվում է, որ երեկ նախագահական ընտրություններում չի քվեարկել Թուրքիայի նախկին նախագահ Ահմեթ Նեջեթ Սեզերը:

Ինչ վերաբերում է հնարավոր կեղծիքների, խախտումների մասին լուրերին, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, արձագանքելով դրանց վերաբերյալ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, Թվիթերի իր էջում գրել է, թե նրանք չափազանցեցրել են իրենց մեղադրանքները, երբ հայտնի են դարձել արդյունքները:

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատել Թուրքիայի նոր ղեկավարության հետ:

«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ակնկալում է արդյունավետ աշխատել Թուրքիայի նոր ընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետի պաշտոնում նրան փոխարինող անձնավորության հետ», - «Անադոլու» գործակալության հարցին ի պատասխան ասել են Սպիտակ տանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG