Մատչելիության հղումներ

Արա Գոչունյան. «Հայաստանի և Թուրքիայի մոտ զգալի է քաղաքական կամքը՝ առկա փակուղին հաղթահարելու իմաստով»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ, արխիվ

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանից ներկայացուցչություն է մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։

Շեշտելով այս պահը՝ Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ յոթ տարի առաջ Աբդուլա Գյուլի ընտրվելը Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև նամակների փոխանակելու առիթ էր դարձել, իսկ հիմա, երբ Թուրքիան պաշտոնապես հրավեր է ուղարկել, ուրեմն, ակամա, ինչ-որ շարժառիթի ակնկալիք կա։

«Այստեղ մի սիմվոլիկ դրական ազդանշանների նշույլներ կան երկու երկրների միջև, և պատմության մեջ առաջին անգամ, որ Թուրքիայի նախագահի պաշտոնակալման արարողությանը Հայաստանի կողմից պատվիրակություն պիտի մասնակցի. աննախընթաց հանգամանք կա այստեղ», - ասաց Գոչունյանը։

Նա ավելացրեց, որ, բնականաբար, չափից ավելի լավատեսությամբ պետք չէ ընկալել այս ամենը, բայց ամեն դեպքում. - «Պետք է ասել, որ նոր շրջան է սկսում, նոր պաշտոնավարության ժամանակահատված է բացվում և, այս իմաստով նաև, նորից ասենք, Հայաստանի և Թուրքիայի մոտ մի քիչ զգալի է քաղաքական կամքը՝ առկա փակուղին հաղթահարելու իմաստով»:

Հարցին, թե 2015 թվականի ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կգա Հայաստան, Արա Գոչունյանը պատասխանեց. - «Մի փոքր պետք է համբերել. այս պահի դրությամբ դժվար թե հանրապետության նախագահն անձամբ գնա Ծիծեռնակաբերդ հաջորդ տարի, դա, եթե լինի, դա Թուրքիայի պետականության դիրքորոշումը Հայկական հարցի կապակցությամբ դա կնշանակե, որ հիմնովին փոփոխության կարող է ենթարկվել, բայց համենայն դեպս, եթե նույնիսկ այդքան հեռու չգնանք, էդ ծրագրերով պայմանավորված, կարող է ներկայացուցիչ լինի, տարբեր մակարդակի պատվիրակություն լինի, բայց այնտեղ բեկումնային բան է, մոտիկացնելու իմաստով, կարելի է կարևոր տեղաշարժ ակնկալել»։

Ստամբուլի «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հաթեճյանը ևս «Ազատության» հետ զրույցում ասաց, թե գոհունակությամբ իմացավ, որ Հայաստանը պատվիրակություն է ուղարկելու՝ մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։

Ըստ Հաթեջյանի՝ սա կառուցողական գործընթաց է ու ֆուտբոլի քաղաքականության տրամաբանական շարունակությունը։

Իսկ հարցին, թե արյդոք 2015 թվականի ապրիլին Էրդողանը կժամանի Հայաստան, «Մարմարա» թերթի խմբագիրը պատասխանեց, թե չի կարծում, որ էրդողանն այդ քաջությունը կունենա։

«Մենք՝ Թուրքիայում ապրողներս, գիտենք, որ հայ և թուրք հարաբերությունների մեջ նմանօրինակ քայլերը որքան դժվար են, որովհետև եթե կա այդ քայլերը քաջալերող շրջանակներ, կան ուրիշ շրջանակներ, որոնք բոլորովին դեմ պետք է լինեն այդ քայլերին և պետք է քննադատեն իշխանություններին։ Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը կարողանա մասնակցել այդ հանդիսություններին, որոնք բավական դժվար կացություն պետք է ստեղծեն Թուրքիայի համար, որն այժմ էլ կարելի է տեսնել։ Ուրեմն, առանձնապես սրանից ավել կարծիք չեմ կարող և չեմ ուզում հայտնել, պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի», - ասաց Հաթեճյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG