Մատչելիության հղումներ

ԱԱԾ հրավիրված երիտասարդին հորդորել են «այլևս այդպիսի արտահայտություններ չանել»


Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարող Վաղինակ Շուշանյանն ասել էր, թե չի վճարելու թանկացած հոսանքի համար՝ «պետք եղավ՝ ահաբեկություն էլ կանեմ»:

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր շուրջ մեկ ժամ անցկացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Պատճառը՝ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում երիտասարդի արած հայտարարությունն էր:

Հիշեցնենք, որ այդ օրը հանձնաժողովը միաձայն որոշեց օգոստոսի 1-ից թանկացնել էլեկտրաէներգիան: Այդ որոշումը հարուցել էր երիտասարդ ակտիվիստի դժգոհությունը:

«Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս․․․ հաստատ էդ չորսը դրամը դուք չեք մարսելու, ես չեմ տալու էդ փողը: Պետք եղավ՝ ահաբեկություն էլ կանեմ, թող սաղ էլ անեն: Պատվո շքանշանով էլ պարգևատրվել եք, պարոն Նազարյան, ազգին արած լավությունների համար․․․ ա՜ռը Ձեզ ազգի կողմից», - ասել էր Վաղինակ Շուշանյանը:

Այսօր առավոտյան Շուշանյանի հետ Ազգային անվտանգության ծառայություն եկած մայրը հուզված պնդում էր, որ իր որդին ահաբեկիչ չէ: «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ երիտասարդի հայրը մեկ տարի է, ինչ մահացել է:

«Իմ երեխան ահաբեկիչ չի: Ես երրորդ կարգի հաշմանդամ եմ: Քույրը բարձրագույնն ավարտել է, բայց հիմա կոշիկ է վաճառում, աշխատանքի տեղ չունի: Իմ երեխան էլ բարկացած է եղել էդ ժամանակ: Էդ բարկացած վիճակում երեխա է, չի մտածել՝ ինչ ասի ու էդպիսի բան է ասել, բայց նա հո չի՞ ասել, որ պետք է անի: Անողը կաներ, ոչ թե կասեր», - ասաց ակտիվիստի մայրը՝ շարունակելով, - «Երեխա է՝ մտածելով, որ հիվանդ մայրը տանն է, քույրը էդ վիճակում գնացել է կոշիկ է վաճառում, որ կարողանա հիվանդ մորը պահի․․․ Սա ինչ-որ ծիծաղելի բան է: Ահաբեկիչները նրանք էին, որ մի շաբաթ էր Քարվաճառում ման էին գալիս, խորոված էին անում, որ էն երիտասարդ 17 տարեկան երեխային էլ սպանել էին, գուցե ավելի վատ բաներ էլ էին արել: Ազգային անվտանգությունը թող գնար այնտեղ պահպաներ, որ ազգին չգային կոտորեին», - ասաց երիտասարդի մայրը:

Նշենք, որ Վաղինակ Շուշանյանը ԱԱԾ էր հրավիրվել առանց որևէ կարգավիճակի, ինչը նշանակում է, որ երիտասարդը կարող էր հրաժարվել և չներկայանալ: Այդ մասին նրան նաև տեղեկացրել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ամեն դեպքում, նա որոշել էր ներկայանալ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ բաժնի պետը՝ գնդապետ Քոչինյանը շուրջ 1 ժամ տևած զրույցի ընթացքում նրան հորդորել է այլևս նման հայտարարություններ չանել, որից հետո երիտասարդին ազատ են արձակել:

«Զուտ իրանք խնդրում և զգուշացնում են, որ այլևս այդպիսի արտահայտություններ չլինեն: Իրենք էլ ասացին՝ մենք վստահ ենք, որ դու իրականացնող չես դա, բայց կարող է լինեն մարդիկ, օրինակը բերեց, որ կարող է սեպտեմբերի մեկին, երբ դպրոցները բացվում են, մի հատ գիժ, հոգեկան հիվանդ անի էսպիսի արտահայտություն, ասի՝ Վաղինակը, տեսեք, արեց, իրան պատասխանատվության չենթարկեցին, ու ինքը մի հատ ապուշ բան անի: Խնդրեց, որ էսպիսի բան չլինի, ու խնդրում եմ բոլորին, որ նման օրինակ չվերցնեն ինձնից, դա տաքացած վիճակում արած արտահայտության հետևանք ա», - ասաց Վաղինակ Շուշանյանը:

XS
SM
MD
LG