Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիան կթանկանա օգոստոսի 1-ից


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու որոշումը:

Էլեկտրաէներգիայի սակագինը մեկ ամսից կբարձրանա մոտ 4 դրամով։ Երկու ժամից ավելի տևած լարված քննարկման արդյունքում նման որոշում կայացրեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։

Բնակչությանը մատակարարվող ցերեկային էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ/ժամը ներկայումս գործող 38 դրամի դրամի փոխարեն կդառնա 41․85 դրամ, իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31․85 դրամ: Այս սակագինը առաջիկա մեկ տարվա համար է։

Ազգային ժողովի ոչ իշխանական քաղաքական ուժերը որոշումից հետո ամոթանք տվեցին հանձնաժողովի անդամներին։

Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը քառյակի անունից ելույթ ունեցավ և հանձնաժողովին հորդորեց մտնել ժողովրդի դրության մեջ՝ հետաձգել հարցի քվեարկությունը։ Այս առաջարկությանը միացավ նաև «Օրինաց երկիրը»։ Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քաղաքական ուժերի առաջարկը մերժեց, ասաց՝ իրենք քաղաքականության մեջ չկան։

«Մեր երկիրը պաշտոնական տվյալներով գրանցել է 37 տոկոս աղքատություն։ Մեկ տարվա ընթացքում շուրջ 40 տոկոս հոսանքի թանկացումը անթույլատրելի է։ Ֆինանսական հիմնավորումները բավական չեն արդարացնելու այն քայլը, որ դուք պետք է այսօր քվեարկեք»,- ասաց Արամ Մանուկյանը։

Կոմունալ ոլորտի աշխատողների միության Ատոմ Սարգսյանը հայտարարեց.- «Տարածաշրջանում ամենաթանկ սակագինն է սպառողների համար»։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ էր որոշել վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը՝ «հայաստանցի սպառողի անվտանգության նկատառումներով, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու համար»։

Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացել է ավելի քան 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որը փակելու համար փաստորեն որոշվել է բարձրացնել գործող սակագները։ Անցած մեկ տարվա ընթացքում նախատեսվածից քիչ էլեկտրաէներգիան են արտադրել ատոմակայանը, Որոտանի ՀԷԿ-ն ու Միջազգային էներգետիկ կորպորացիան։ Թերմատակարարված էլեկտրաէներգիան փոխարինվել է «Հրազդան» ՋԷԿ-ից ձեռք բերված թանկով, ինչի պատճառով սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարելու բացառիկ մենաշնորհ ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մոտ 17 միլիարդի վնաս է կրել։ Դա պետք է փոխհատուցվի։

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը բողոքեց.- «Եթե պետական է ԱԷԿ-ը, եթե պետական է Երևանի ՋԷԿ-ը, չեք կարծո՞ւմ, որ պետությունը՝ որպես սեփականատեր պետք է այլընտրանքային ֆինանսական միջոցներ հայթայթի և այդ բեռը չդնի բիզնեսի, բնակչության վրա»։

Այսօրվա քննարկման ընթացքում պարզվեց՝ սակագների բարձրացումը նախաձեռնող Ռոբերտ Նազարյանն էլ է դեմ թանկացմանը, բայց ճար չունի։

«Իհարկե, աղքատություն կա, սա սոցիալական բեռ է ավելացնում, իհարկե սա իր հետևից կարող է որոշակի առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման բերել, չեմ բացառում։ Սրանք հետևանքներ են, կարծում եմ, պետք է այս հարցերը ուղղել այն պատկան մարմիններին, որոնք կոչված են լուծելու այդ խնդիրները։ Եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այս համակարգին, ուրեմն համակարգը արդեն այն վիճակում է... արդեն ունենք կայանների չվճարումներ, ապա համակարգի կայունությունը կարող է խարխլվել, և մենք ավելի շատ տուժենք, քան այս սոցիալական բեռն է»,- հայտարարեց Նազարյանը։

Ի դեպ, այսօր էլ հայտնի չդարձավ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ղեկավար Եվգենի Բիբինի աշխատավարձի չափը։ Մամուլը գրում է՝ նա ամսական միլիոնավոր դրամներ է ստանում, չնայած նրա ղեկավարած ընկերությունը նախորդ տարին միլիարդավոր դրամների վնասով է փակել։

Բիբին ասաց՝ կցանկանար նման աշխատավարձ ստանալ, այն կբավարարեր իրեն, բայց ավաղ։

Տեղեկացնենք նաև, որ հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ցույց անցկացնող երիտասարդներից ընդամենը երկուսին թույլատրվեց մասնակցել հանձնաժողովի նիստին։ Մնացածի մուտքը տեղ չլինելու պատճառաբանությամբ շենքի տարածք արգելվեց։

«Էդ 4 դրամը դուք չեք տալիս, ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս... դուք էդ 4-ը դրամը հաստատ չեք մարսելու, ես չեմ տալու էդ փողը»,- ասաց երիտասարդներից մեկը։

XS
SM
MD
LG