Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ում երկու քրգործ է հարուցվել հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայից հետո


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) երկու քրեական գործ է հարուցվել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ հունիսի 23-ի բողոքի ակցիայից հետո:

Հենց այդ օրը, Երևանի ոստիկանության վարչությունում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել լրագրող Անի Գևորգյանն ու օպերատոր Սարգիս Գևորգյանը, ովքեր նշել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել: Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու, բռնություն կիրառելու, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելու հատկանիշներով:

Անի Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ օրը, երբ ակցիայի մասնակիցները Սարյան փողոցից երթով շարժվել են դեպի ոստիկանության կենտրոնի բաժին, ոստիկանները նրանց բռնի ուժով հեռացրել են շենքի բակից։ Ըստ Անիի՝ ոստիկանական շղթայից մի ոստիկան իրեն հարվածել է:

«Չեմ տեսել ինձ հարվածողի դեմքը, բայց հարվածը ինձ հասցվել է ոստիկանական շարքի կողմից: Այսինքն՝ էն պահին, երբ ես տեսախցիկով նկարահանում էի ինձնից ձախ տեղի ունեցող իրադարձությունները, աջ կողմից ես հարված ստացա՝ ոստիկանական շարքի կողմից: Դրանք այն ոստիկաններն էին, որոնք հրմշտում էին քաղաքացիներին և լրագրողներին և բռնություն գործադրելով՝ ստիպում էին հեռանալ բաժնի մոտից», - պատմեց Գևորգյանը:

Օպերատոր Սարգիս Գևորգյանն «Ազատությանը» պատմեց, որ նույն օրն ու նույն վայրում իրենց մոտեցած ոստիկանն ասել է, թե բակում կայանած հեծանիվները քերծում են իրենց պետի մեքենան ու փորձել են հրելով հեռացնել տարածքից: Դա համարելով անհիմն պատճառ՝ Սարգիսը հրաժարվել է լքել տարածքը:

«Հայտնվեց Վալերի Օսպիյանը, սկսեց հորդորել մեզ հանգստանալ: Ես մոտեցա նրան ու ասեցի, որ մենք հանգիստ ենք, ու ավելի լավ է կարգի հրավիրի էդ թափթփուկ ոստիկաններին, ովքեր էդպես էին իրենց պահում քաղաքացիների հետ: Ասեց, որ քեզ բերման կենթարկեմ, ես էլ ասեցի, որ չեմ վախենում իրենց բերման ենթարկելուց և պնդում եմ իմ պահանջը: Եվ բղավելով՝ դե տենանք, թե ոնց չես վախում, հրահանգեց ինձ էլ տանել բաժին: Եկավ իմ հետևից ու բղավեց, որ անպայման ձեռնաշղթաներով տանեն՝ թաքնված սպառնալիք կար էլի էդտեղ, որ անպայման ցավոտ լինի: Հագցրեցին ձեռնաշղթաները, մի քանի ոստիկան տարան ու սկզբից հարվածներ հասցրին էդ ոստիկանական շարքը, հետո էդ բերման ենթարկողները էդ ձեռնաշղթաներից ոլորում էին ձեռքերս ու հնարավորինս ցավ պատճառում: Երբ մտանք ոստիկանության Կենտրոնական բաժին, գցեցին գետնին, դիտավորյալ ձեռնաշղթաներից բարձրացրին, իբր պատահական և այլն, և այլն»,- պատմեց երիտասարդը։

Անի Գևորգյանն ասում է, որ դատաբժիշկները միտումնավոր ուշացրել են իր և մյուս քաղաքացիների մարմնի կապտուկների զննման օրը՝ պատճառաբանելով, թե ավելի կարևոր դեպքեր ունեն: Իսկ, երբ մի քանի օր հետո դատաբժիշկն իրեն ընդունել է՝ հարվածի հետքերն արդեն աննկատ են եղել:

«Դատաբժիշկը ինձ զննեց և ասաց, որ իմ դեմքի վնասվածքը արդեն անցել է: Կա ճիշտ է լուսանկար և տեսագրություններ, սակայն դատաբժիշկը չարձանագրեց, քանի որ այն պահին, երբ ինքը ինձ զննում էր, այդ վնասվածքը տեսանելի չէր այլևս», - պատմեց Անին:

Զրուցակիցներս նաև նշեցին, թե փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում քրեական գործն ինչպես հարուցվում է, այնպես էլ, քիչ ավելի ուշ, անհիմն պատճառներով կարճվում:

«Շատ կարևոր է, որպեսզի հարուցումից հետո լինեն համապատասխան և օրինական գործողություններ նախաքննական մարմնի կողմից, սակայն փորձը ցույց է տալիս, որ որևէ բան չի արվում նախաքննության ընթացքում», - նշեց Անի Գևորգյանը:

«Արդեն հաշիվը կորցրել ենք թե քանի անգամ են ոստիկանները մեզ բերման ենթարկել, ոստիկանները ավելի դաժան բռնության շնորհիվ ստացել ավելի բարձր պաշտոններ։ Էդ ամեն ինչի բացատրությունը այն է, որ իշխանությունը ունի զենք, որն օգտագործում է, գործիք, որն օգտագործում է ու երբևէ ինքը չի փչացնի էդ գործիքը», - հավելեց Սարգիս Գևորգյանը:

Մի խումբ քաղաքացիների բողոքի հիման վրա, ըստ որի Սարյան փողոցում ոստիկաններն իրենց բռնության են ենթարկել, նույնպես ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: Մինչդեռ այդ օրերին Երևանի ոստիկանապետը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ոստիկանները գործել են օրենքի սահմանում:

XS
SM
MD
LG