Մատչելիության հղումներ

Ուսուցիչը պնդում է, որ իրեն աշխատանքից ազատել են կուտակայինից հրաժարվելու դիմումի համար


Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարգսյանը մայիսի 8-ին ազատվել է աշխատանքից: Պաշտոնական ծանուցումը, սակայն, ստացել է մոտ մեկ ամիս անց:

Սարգսյանի պնդմամբ՝ աշխատանքից ազատվել է իր աշխատավարձից պարտադիր կուտակային պահումներ չկատարելու մասին գրած դիմումի պատճառով: Ազատման պաշտոնական հիմնավորումը, մինչդեռ այլ է․ մեկ օր անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը:

«Շատ հարցեր էի բարձրացնում, այդ թվում նաև իմ աշխատավարձից պարտադիր պահումներ չկատարելու հարցը, ինչ նա չէր կարող անել, որովհետև, ինչպես մյուս մարզային դպրոցների, այդ թվում և այս դպրոցի տնօրենը չի կարող որևէ բան անել առանց մարզպետարանից հրաման ստանալու: Իսկ իրենց վերևից հրաման չկար չպահելու մասին դիմումներն ընդունելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:

Զովասարի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը հերյուրանք որակեց նախկին աշխատակցի այս պնդումներ՝ հավելելով, որ այլ պարզաբանումներ և հարցազրույց կտա միայն, եթե այցելենք Զովասար:

Չնայած պատկան մարմինների բազմաթիվ հայտարարություններին, որ ուսուցիչներն առանց կաշկանդվելու կարող են իրենց աշխատավարձերից պահուներ չկատարելու մասին դիմումներ ներկայացնել, իրենք ուսուցիչները շարունակաբար ահազանգում են, որ տնօրենները համապատասխան դիմումի դեպքում իրենց սպառնում են աշխատանքից ազատմամբ: Զովասարի դպրոցի արդեն նախկին ուսուցչի խոսքով, դպրոցում 10-15 ուսուցիչներ կան, ում աշխատավարձերից պահումներ են կատարվում, սակայն որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել:

«Միակը, ով բարձրացրեց այդ հարցը, ես եղա ու ես էլ ազատվեցի աշխատանքից: Կարծում եմ, որ սա անձնավորված մոտեցում է և աշխատանքի մեկ օր չներկայանալը պարզապես առիթ է, ով ուզում է ինչ-որ կեղտ գտնի ուսուցչի վրա: Ցավոք սրտի, մեր Աշխատանքային օրենսգիրքը այդ հնարավորությունը տալիս է», - նշեց Սարգսյանը:

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը կոչ է անում 1974 թվականից հետո ծնվածներին չվախենալ գործատուին դիմումներ գրելուց և պայքարել սեփական ոտնահարված իրավունքները վերականգելու համար:

«Կոչ եմ անում մարդկանց չվախենալ, պետք է հասկանան, որ եթե իրենք իրենց իրավունքը չեն պատշտպանում, ոչ ոք դա չի անի: Նաև ուզում եմ կոչ անել այն տնօրեններին, ովքեր մտածում են, որ կարող են ինչ-որ մեկին լավամարդ դուրս գալ, այդ ինչ-որ մեկը շատ հանգիստ իրենց մատաղ կանի, երբ այս հարցը կհանրայնացի, իսկ մենք այս տիպի հարցերն ամեն կերպ փորձելու ենք հանրայնացնել», - ասաց Լևոն Հարությունյանը:

Աշխատանքից ազատված մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչն, ով շաբաթական երկու անգամ մոտ 80 կիլոմետր էր կտրում Երևանից Զովասար հասնելու համար, իր հերթին նշում է, որ աշխատանքից ազատվել է աշխատանքային օրենսգրքի մի շարք խախտումներով: Նա, մասնավորապես, պահանջում է չեղյալ համարել այն հոդվածը, որի հիման վրա ազատվել է աշխատանքից և պատրաստվում է համապատասխան հայցով դիմել դատարան:
XS
SM
MD
LG