Մատչելիության հղումներ

Թեպետ բնակչության 80 տոկոսը, ինչպես ասել էր երկրի նախագահը, դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, պետական հաստատությունների, դպրոցների, բուժհիմնարկների, նախարարությունների հաշվապահությունները դեռևս հատուկենտ դիմում են ստանում համակարգից հրաժարվելու վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցներում այս կառույցների աշխատակիցները, չձայնագրվելու պայմանով, ասում են, թե ղեկավարությունը չի ընդունում դիմումները, իսկ օրեր առաջ ընդունված դիմումները ստիպում են հետ վերցնել:

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհի Շուշան Մինասյանը «Ազատության» հետ զրույցում համարձակություն ունեցավ բարձրաձայնելու խնդիրը` չվախենալով անգամ աշխատանքը կորցնելու հեռանկարից: Դպրոցի 18 ուսուցիչներից Շուշանը միակն է, ով համակարգից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, և այսօր` աշխատավարձ ստանալու օրը, պարզվել է, որ իր դիմումը տեղ չի հասել. - «Պահումներ կատարվել էր, բայց պարզաբանվեց այնպես, թե քանի որ ստացական դեռ չեմ ստացել, ու իրենք էլ ինչ-որ հրահանգների են սպասում»:

Մինասյանը հավելեց, որ այսօր իր հետ դպրոց էր տարել օրենքը. - «Ասում են` օրենք կա, բայց քանի որ օրենքից առաջ իրենք հրահանգ ստացել են, որ անպայման պարտադիր ձևով պահեն, հիմա հակառակ հրահանգին են սպասում»:

Շուշանը պատրաստվում է նորից խոսել տնօրենի հետ, և եթե դիմումը ներկայացնելու մասին ստացական չտան, փաստաթուղթը կուղարկի փոստով:

Երևանի Չարենցի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը «Ազատությանը» փոխանցեց, թե առայժմ որևէ դիմում չի ստացել: «Միգուցե մտածում են ապահով ծերության մասին», - ենթադրեց նա:

Հարցին, թե միգուցե ճնշումնե՞րն են նման պասսիվության պատճառը, տնօրենը պատասխանեց, թե իրենց դպրոցում այդպիսի բան չկա:

Մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշխատակիցներ մասնավոր զրույցներում պնդում են, թե դիմումները չընդունելու հրահանգը ստացվել է քաղաքապետարանից: Քաղաքապետարանը, սակայն, շարունակում է հերքել դա:

Կրթական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշում գործադրելու մասին պնդումները հերքեց նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. - «Ուզում եք օրը երեք անգամ կրկնեմ` մենք ենթական հիմնարկներից նման խնդիրներ չունենք»:

Հավելենք, որ այսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «Ազատությանն» ասել է, թե ֆոնդերում արդեն բավական գումար է հավաքագրվել. - «Շահութաբերությունը տասը տոկոսից ավելի է»:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, հավաքագրված գումարը կազմում է մոտ երկու միլիարդ դրամ:
XS
SM
MD
LG