Մատչելիության հղումներ

logo-print

Դասախոսները խոստովանում են՝ պարտադիրից հրաժարվելու դիմում չեն համարձակվում գրել


Մայիսի 30-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները հնարավորություն են տալիս աշխատողներին հրաժարվել պարտադիր համակարգից, սակայն դիմումը չընդունելու դեպքում գործատուին պատասխանատվության ենթարկելու որևէ մեխանիզմ օրենքը չի սահմանում։

Իրավաբան Մերի Խաչատրյանը, ով Սահմանադրական դատարանում ներկայացնում էր ակտիվիստների շահերը, «Ազատության» հետ զրույցում փաստում է՝ օրենքում որևէ բառ չկա այն մասին, որ գործատուն պարտավոր է վերցնել դիմումը և ստացական տրամադրել, ստացվում է, որ գործատուն կարող է անել այն ինչ ուզում է։

«Օրենսդիրը և գործադիրը այս հարցում լուսանցք են թողել»,- ասաց իրավաբանը։

Այս հարցում հատկապես անպաշտպան են պետական համակարգի աշխատակիցները։ Մերի Խաչատրյանը պնդում է, որ կառավարությունը այս հարցում անմասն չի մնում, իշխանական տարբեր օղակներ փորձում են մարդկանց ճնշումներով տանել պարտադիր կուտակային համակարգ։

«Դեմ եմ» շարժման ակտիվիստները բազմաթիվ ահազանգեր են ստացել, որոնց համաձայն մարդկանց առաջարկում են կուտակայինից հրաժարվելու դիմումի հետ մեկտեղ նաև աշխատանքից ազատվելու դիմում գրել, որոշ դեպքերում էլ դիմումը պարզապես չեն ընդունում։

«Կոլեկտիվ դիմումի ձև մշակեցինք, որ դիմումը կոլեկտիվ ներկայացնեն՝ գոնե հոգեբանական տեսակետից մենակ չլինելու համար։ Բայց փաստորեն այդ դիմումի մշակումն էլ լուծում չի տալիս, որովհետև պետական ապարատը շատ տրամադրված աշխատում է»,- ասաց Մերի Խաչատրյանը։

Թեև սոցիալական ցանցերում այս հարցի շուրջ թեժ քննարկումներ են ընթանում, այդուամենայնիվ, տեսախցիկի առջև որևէ մեկը խոսել չի հանդգնում։ «Ազատության» հետ զրույցում Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի երկու դասախոսներ չներկայանալու պայմանով ասացին, որ իրենց բուհում ևս երիտասարդ բոլոր դասախոսները դեմ են պարտադիրին, մինչդեռ դիմում ոչ ոք չի համարձակվում գրել։

«Առաջինը լինել միգուցե վախենում են։ Հնարավոր է աշխատանքից ազատեն զուտ ինչ-որ պատճառաբանությամբ»,- ասաց դասախոսը։

Դասախոսների համոզմամբ՝ օրենքն ավելի լավ կաշխատեր, եթե դիմում գրելու պարտավորություն դրվեր միայն համակարգին միանալ ցանկացողների վրա, այդ դեպքում հրաժարվողները աչքի չէին ընկնի և անհարկի ճնշումների չէին ենթարկվի, ասում են նրանք։

«Դեմ եմ» թիմը հատկապես ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ պարտադիր համակարգին դեմ է բնակչության 80 տոկոսը, դպրոցներում և թանգարաններում մարդիկ հազվադեպ են պարտադիրից հրաժարվելու դիմում գրում։

Մի քանի ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ Սարդարապատի հուշահամալիր թանգարանի շուրջ, երբ աշխատակիցներին ավտոբուսներով տարել էին Արմավիր քաղաք՝ կենսաթոշակային համակարգի ֆոնդ ընտրելու համար։ Այսօր «Ազատության» հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանը ասաց, որ իրենց մոտ ոչ ոք հրաժարվելու դիմում չի ներկայացրել, մինչդեռ օրինակ Երևանի Թումանյանի թանգարանում կենսաթոշակային համակարգից հրաժարվել են բոլորը։

Իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքով՝ քանի դեռ օրենքը պատասխանատվություն չի ենթադրում, գործատուներին հնարավոր է ճնշել միայն հասարակական արձագանքի միջոցով։ Մեկ այլ տարբերակ է նաև նամակի միջոցով դիմումը գործատուին ուղարկելը, այս դեպքում, ըստ իրավաբանի, եթե գործատուն շարունակի պահումներ անել, ապա նամակի ստացականի միջոցով նրան կարելի է դատական պատասխանատվության ենթարկել։
XS
SM
MD
LG