Մատչելիության հղումներ

Կառավարության, ԿԲ-ի աշխատակիցները պարտադիրից հրաժարվելու դիմումներ չեն գրում


Կառավարության, ԿԲ-ի աշխատակիցները պարտադիրից հրաժարվելու դիմումներ չեն գրում
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Կառավարության տարբեր ներկայացուցիչներ թեպետ պնդում են, որ բոլորն ազատ են դիմում ներկայացնել պարտադիր պահումների դեմ, այդուհանդերձ, գործադիրի աշխատակիցները իրենց օրինակով ճիշտ հակառակն են ապացուցում:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսան Տոնոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ պարտադիրից հրաժարվելու որևէ դիմում դեռ չեն ստացել, պատճառները չեն նշվում:

Մեզ հայտնի է դարձել, որ բանկերում նույնպես ղեկավարները չեն խրախուսում աշխատակիցներին դիմումներ գրել: Այդուհանդերձ, աշխատակիցները խուսափում են այդ մասին բարձրաձայնել տեսախցիկի առջև, իսկ ղեկավարությունը հերքում է ճնշումների մասին լուրերը:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Մերի Շահինյանը ավելորդ է համարում խոսել ճնշումների մասին՝ վստահեցնելով, որ իրենց կառույցում նման բան չկա: Ըստ ԿԲ ներկայացուցչի՝ այստեղ նույնպես ոչ ոք պարտադիրից հրաժարվելու մասին դիմում չի ներկայացրել:

Դիմումներ չի գրում նաև խորհրդարանական մեծամասնությունը: ԱԺ-ում պարտադիր պահումներից հրաժարվել են միայն ոչ իշխանական խմբակցությունների երիտասարդները: 1974-ից հետո ծնված հանրապետական պատգամավորները, սակայն, չեն շտապում հետևել գործընկերների օրինակին: Մեզ հետ զրույցներում այդ լուրը հաստատեցին ՀՀԿ պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Հովհաննես Սահակյանը, Լևոն Մարտիրոսյանը։ Վերջինս սպասում է օրենքի վերջնական տարբերակի ընդունմանը:

«Դեռևս պարզ չէ՝ համակարգը կմնա, չի մնա, ինչ տեսքով կմնա, դեռ ժամանակ կա։ Իմ աշխատավարձից մայիսին պահում եղել է»,- փոխանցեց Մարտիրոսյանը։

Օրենքի վերջնական տարբերակի ընդունմանը սպասում է նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն, ի դեպ, ժամանակին միացել էր ոչ իշխանական ուժերի օրենքը մեկ տարով հետաձգելու նախաձեռնությանը։

«Դիմում դեռ չեմ գրել, ուզում եմ հասկանալ՝ ինչ են ուզում անել»,- ասաց Մարուքյանը։

Մինչ այդ սոցիալական ցանցերում շարունակվում են ակտիվ քննարկումները այն մասին, որ աշխատանքը կորցնելու վախի պատճառով մարդիկ դիմում չեն գրում։

Թեև կրթության նախարարը ավելի վաղ մեզ հետ զրույցում պնդում էր, որ ճնշումներ չկան իր ենթակայության տակ գտնվող կառույցներում, «Դեմ եմ»-ի անդամ Սրբուհի Ղազարյանը այսօր թվարկեց մի քանի բուհի անուն, որտեղից բողոքներ են ստացել ճնշումների վերաբերյալ: Ըստ այդ ահազանգերից մեկի՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում պարտադիրից հրաժարվելու դիմումը ընդունում են միայն աշխատանքից ազատվելու դիմումի հետ:

«Նման ահազանգեր ստացել ենք նաև Բժշկական համալսարանից, երեկ երեկոյան Չայկովսկու անվան երաժշտական դպրոցից, նաև «Գրանդ Տոբակո»-ից «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից»,- թվարկեց Ղազարյանը։

«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ Արմեն Աբրոյանն էլ ավելացրեց, որ որոշ գործատուներ մոլորեցնում են աշխատակիցներին ու ասում, որ եթե հիմա չվճարեն, միևնույն է հետո են վճարելու։ «Դեմ եմ» թիմի անդամները վստահեցնում են, որ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ մինչև պարտադիր դառնա կամավոր:

Այս խնդիրները օրակարգում ունենալով՝ քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է դիմել ԱԺ-ի ոչ իշխանական ուժերին ևս մեկ արտահերթ նիստ գումարելու և նոր օրինագիծ ներկայացնելու խնդրանքով։

Ըստ Դավիթ Մանուկյանի՝ դեռևս անհայտ է արդեն իսկ պահված ու ֆոնդերին փոխանցված գումարների ճակատագիրը.- «Եվ նոր օրինագծում պետք է կարևորագույն կետ ներառվի՝ միանշանակ գումարների վերադարձելիությունը, կետ, որին այս օրինագիծը առհասարակ չանդրադարձավ՝ թողնելով ապագային»։

Հաջորդ շաբաթ քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել ի պաշտպանություն այն կառույցների աշխատակիցների, որոնք այսօր իշխանական ճնշումների զոհ են դարձել:

«Ուղղակի այդ մարդկանց ցույց տանք, որ մենք իրենց սատարում ենք, որ միգուցե համարձակվեն խոսել դրա մասին»,- ասաց Մանուկյանը։
XS
SM
MD
LG