Մատչելիության հղումներ

Մետրոյի ղեկավարության փաստարկները համոզիչ չեն դատարանի համար


Մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքում են պարտադիր կուտակային ներդրման դեմ, փետրվար, 2014թ․

Մետրոպոլիտենի աշխատակիցները բողոքում են պարտադիր կուտակային ներդրման դեմ, փետրվար, 2014թ․

Դատավոր Սիմիզար Հովսեփյանը Մետրոպոլիտենի նախկին աշխատողների գործով դատական երկրորդ նիստի ժամանակ էլ չստացավ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:

Երևանի մետրոպոլիտենի նախկին աշխատողները ընդդեմ Մետրոպոլիտենի․ շաբաթ օրը դատական երկրորդ նիստն էր այս գործով, որի ընթացքում դատավոր Սիմիզար Հովսեփյանը նորից փորձում էր հասկանալ, թե ինչ փաստերի հիման վրա է Մետրոյի ղեկավարությունը աշխատանքից ազատել Գագիկ Գալստյանին, Սևակ Հովհաննիսյանին և Անդրանիկ Գևորգյանին:

Հիշեցնենք, որ վերջիններս ընդամենը մեկ անգամ՝ փետրվարի 11-ին մասնակցել են կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ ցույցին, իսկ արդեն փետրվարի 13-ին ղեկավարությունը անվստահություն է հայտնել նրանց աշխատանքի վերաբերյալ և գործից ազատել: Հայցվոր կողմը՝ Մետրոյի նախկին աշխատակիցները, մինչդեռ, պնդում են, որ 15 տարվա աշխատանքային փորձի ընթացքում անգամ մեկ գրավոր զգուշացում չեն ստացել թերի աշխատանքի վերաբերյալ:

Այսօրվա նիստին ներկա էր նաև Մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը, ով, պատասխանելով դատավոր Հովսեփյանի հարցերին, այդպես էլ չպարզաբանեց, թե հատկապես ինչ թերություններ էին դրանք, և ինչու գոնե մեկ անգամ գրավոր նկատողություն չի արձանագրվել:

«Էս մատյաններում չկան նման գրառումներ, ըստ երևույթին՝ ուղեմասի պետը բավարարվել է բանավոր նախազգուշացումներով, ինձ տենց ա թվում», - ասաց Մնացականյանը:

«Պարոն Մնացականյան, երևի թե հասկանում եք, որ զեկուցագիրը չպետք է ուղղակի, վերացական զեկուցագիր լինի: Զեկուցագրում պետք է հստակ նշվի, թե նրանցից յուրաքանչյուրը ինչպիսի խախտում է թույլ տվել», - շեշտեց դատավորը:

Դատավարության ընթացքում Սամվել Մնացականյանը որոշեց «անկեղծանալ», ասելով, որ թերի աշխատանքի համար արձանագրություններ չեն կազմվել զուտ մարդասիրական նկատառումներով՝ չէին ցանկանում աշխատավարձից պահումներ անել․ - «Ճիշտն ասած, հելնելով էն բանից, որ էդքան էլ բարձր աշխատավարձ նրանք չեն ստանում և ցանկալի չէր, որպեսզի իրենց ընտանեկան բյուջեին հարված հասցնելու, ուղղակի մենք մոտենում էինք էս բանով, որ մարդկայնորեն, որպեսզի իրենց ընտանիքի բյուջեներին չխփենք, գրպանը չմտնենք: Բայց ես դա ուղղել եմ, սրանից հետո իրենք շատ լավ գիտեն, տեղյակ են, որ սրանից հետո ում տեսնում ենք՝ մարդը ստանում ա համապատասխան․․․»:

«Այսինքն, իրենց ազատելուց հետո որոշեցիք Ձեր աշխատաոճը փոխել», - դատավորի այս դիտարկմանը մասնաճյուղի պետը արձագանքեց․ - «Ոճը փոխեմ, որովհետև մարդիկ չեն կարում հասկանան․․․»:

«Եթե իրենց այդ պահին աշխատանքից չազատեիք և այդ ոճով սկսեիք, իրենք գուցե կհասկանային և սրանից հետո ա՞յլ աճով կաշխատեին», - Սիմիզար Հովսեփյանի այս հարցադրմանն էլ Մնացականյանը պատասխանեց․ - «Միգուցե, չի բացառվում»:

Դատավորը հետաքրքրվեց նաև, թե ինչ ժամանակահատվածում է Մետրոյի ղեկավարությունը սկսել թերություններ նկատել աշխատակիցների աշխատանքում: Պատասխանող կողմի պնդմամբ՝ հունվարի 15-ից հետո, այսինքն՝ մինչև փետրվարի 13-ը այդ ստուգայցերը առավելագույնը երեք-չորս անգամ են եղել: Հարցին՝ արդյոք այդ ժամանակահատվածում բոլոր ստուգումների ժամանակ Մետրոյի ղեկավարությունը թերություննե՞ր է գտել, Մնացականյանը պատասխանեց՝ այդ թերությունները բազմաթիվ էին:

Նախորդ նիստի ժամանակ պատասխանող կողմի շահերը ներկայացնող իրավաբան Արտակ Երեմյանը նշում էր, որ շարժասանդուղքի մեքենավարի թույլ տված յուրաքանչյուր սխալը կարող է հղի լինել վտանգավոր հետևանքներով: Այս հանգամանքը հենց հիշելով՝ դատավորը հարցրեց․ - «Այսինքն, 15 օր իմանալով, որ ամեն րոպե կարող է վթար տեղի ունենալ, ամեն րոպե կարող է ուղևորների կյանքին վտանգ սպառնալ, Դուք թույլ եք տվել, որ նրանք շարունակեն աշխատե՞լ, և որևէ բացատրություն չեք պահանջել: Առաջին օրը դիտողություն արեցիք, երկրորդ օրը բանավոր նկատողություն արեցիք, երրորդ օրը գնացիք տեսաք նույն վիճակն է․․․»:

«Չէ, տեսանք, որ փոխվել է, ինչ-որ բան արել է, այսինքն՝ մտածեցինք՝ նորմալ ա, հետո հաջորդ անգամ գնում տեսնում եք՝ էլի ինչ-որ մի բան չի արել», - արձագանքեց Մնացականյանը:

Առավել ևս, եթե թերի աշխատանքը հաջորդ ստուգայցին ուղղվում էր, ի՞նչ պատահեց, որ հենց փետրվարի 13-ին Մետրոյի ղեկավարությունը որոշեց ազատվել երեք հմուտ աշխատողներից․ դատավորի բարձրացրած այս հարցը մնաց անպատասխան:

«Պարտավո՛ր էիք հասկանալ՝ 15 տարվա աշխատողին մի օրում աշխատանքից չեն ազատում, փորձում են հասկանալ», - ընդգծեց դատավորը:

Սիմիզար Հովսեփյանը դատական նիստի ավարտին նորից ժամանակ տվեց պատասխանող կողմին, որպեսզի դատարանին հիմնավոր ապացույցներ ներկայացնի երեք աշխատակիցներին գործից զրկելու համար:

Իսկ այսօր որպես այդպիսի ապացույց ներկայացվեցին գրանցամատյանները, որոնք, ըստ պատասխանող կողմի, Գալստյանը, Հովհաննիսյանը և Գևորգյանը թերի են լրացրել: Գրանցամատյանները դեռ պետք է ուսումնասիրվեն:

Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 23-ին:

«Ազատության» հետ զրույցում մետրոյի նախկին աշխատակիցները ասացին, որ դեռևս գործ չեն գտել, քանզի դեռ հույս ունեն վերականգնել հին ու սիրելի աշխատանքը:
XS
SM
MD
LG