Մատչելիության հղումներ

Ծառայակցի սպանության համար մեղադրվող զինվորը կարել է բերանը


Անցած տարի մայիսի 15-ին Տավուշի մարզի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանը արդեն 6 օր է հացադուլ է հայտարարել ու կարել բերանը:

Խաչատրյանն այդ քայլին գնացել է մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստից հետո, երբ մեղադրող կողմը պահանջել է նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատության» հետ զրույցում ասացին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում մասնագետները համոզում են Դավիթ Խաչատրյանին արձակել բերանի կարերը և հրաժարվել հացադուլից: Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ միակողմանի քննություն է կատարվում:

«Այստեղ ոչ թե արդարության հասնելու ձգտումներ կան, այլ ամեն գնով տուժող կողմին, բորբոքված կողմին հանգստացնելու փորձեր և նրանց համոզելու, որ իբր արդարությունը իրականացվեց։ Առաջին օրվանից մենք գիտենք, որ երբ Լյուքս Ստեփանյանի դին նրա հարազատները տեղափոխում էին Երևան, Սևանի մայրուղում բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպեցին նրանց, և նրանք պահանջում էին հայտարարել, որ այդտեղ առկա է եղել դիտավորյալ սպանություն»,- ասաց Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը, որը մեղադրվում է ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին՝ ծանր վնասվածք հասցնելու համար, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ինքը հենց դա էլ ասում է, չի ասում՝ մի դատապարտեք ինձ, ասում է՝ դատապարտեք այն արարքի համար, ինչը կատարել եմ։ Ինքը ասում է՝ «այո, ես իրավունք չունեի զենքը լիցքավորել և պահել որևէ մեկի ուղղությամբ 30 մ հեռավորության վրա», այսինքն զենքի օգտագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։ Միանշանակ ամբողջ դատական քննությունը հաստատեց, որ սպանության մասին բացարձակապես խոսք լինել չի կարող»,- ասաց փաստաբանը։

Երբ դատապարտյալներն իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար դիմում են ծայրահեղ քայլերի, դա վկայում է դատարանի նկատմամբ հասարակության անվստահության մասին, ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Եթե վերցնենք զինվորական գործերը, ապա գիտենք, թե որքան գործեր կան, որոնց դեպքում մինչև հիմա բացահայտված չեն սպանողները։ Հիշենք թեկուզ Մատաղիսի գործը, որ այդպես էլ չպարզվեց, թե ովքեր են սպանողները և այդպիսի գործեր էլի կան»,- ասաց Իշխանյանը։

Ըստ իրավապաշտպանի, կա նաև հարցի մյուս կողմը, երբ դատարանները փորձում են պարզապես բավարարել տուժողի կամ հասարակության պահանջները:

«Ես չեմ բացառում, որ այստեղ մեր քննչական կամ դատական համակարգը գնացել է առավելագույն պատժի ճանապարհով, որպեսզի մեղմի և հասարակական դժգոհությունը, և տուժողների պահանջը, քանի որ գիտենք, թե ինչպես զայրացած են տուժողները, և դա բնական է։ Այս պայմաններում ես կարծում եմ, որ նույնիսկ 18 տարի դատավճռի դեպքում տուժողները էլի դժգոհ կլինեն՝ համարելով, որ պատիժը մեղմ էր»,- ասաց իրավապաշտպանը։

2013 թվականի մայիսին Տավուշի մարզի զորամասերից մեկում տեղի ուենցած միջադեպի հետևանքով Լյուքս Ստեփանյանը մահացել, նրա ծառայակից Հրաչյա Սարգսյանը գլխից ծանր վիրավորվել էր:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG