Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնացել է զոհված զինծառայողի ծնողներին ընդառաջ` տեղում հանդիպելու, լսելու նրանց դժգոհությունները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Տավուշի մարզի զորամասերից մեկում մայիսի 15-ին սպանված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը` Իշխան Ստեփանյանը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ որդու դին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից բերում է Երեւան` ի նշան բողոքի։

Իշխան Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ճանապարհ է ընկել դեպի Հանրապետության հրապարակ: Սպանված զինծառայողի հայրը պնդում է, որ որդու մահվան հանգամանքները խեղաթյուրված են ներկայացվում, իսկ իրենք լիակատար անուշադրության են մատնված:

Հայաստանյան լրատվամիջոցները լուրեր են տարածել, որ Պաշտպանության նախարարությունը փակել է ճանապարհը, թույլ չտալով զինծառայողի հարազատներին Երեւան հասնել։

«Ի՞նչ եք կարծում, Պաշտպանության նախարարությունն ի՞նչ իրավասություն ունի ճանապարհ փակելու»,- ասաց նախարարության մամուլի խոսնակը` հավելելով, թե ՊՆ աշխատակիցները ընդամենը փորձել են ծնողների հետ բանակցել, որ պետք չի նման քայլի դիմել:

Պաշտպանության նախարարությունը հերքում է նաեւ տեղեկությունները, թե նախարարությունից որեւէ մեկը չի այցելել սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներին` վստահեցնելով, թե հենց այսօր առավոտյան են զորամասի ղեկավար ներկայացուցիչները եղել Ստեփանյանների ընտանիքում. - «Սեյրան Օհանյանը համարում է, որ իր մեծ ընտանիքից է կորուստ ունեցել: Դուք պետք է միայն տեսնեիք նախարարի վիճակը: Բայց կա մեդալի մյուս կողմը. ծնողների էմոցիոնալ լարվածությունը ուղղորդում է ստացել: Դժվարանում եմ անուններ տալ, բայց ակնհայտ է, որ դեռ երեկվանից փորձում էին այս դեպքը մամուլում շահարկել, կեղծիքներ տարածել, իբր անարդարության մթնոլորտ ներարկել գործընթացին»:

Հիշեցնենք, ըստ պաշտոնական տեղեկատվության, զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված 19-ամյա զինծառայող Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից անմիջապես մահացել է, իսկ մյուս զինծառայողը`19-ամյա Հրաչյա Սարգսյանը, գլխից վիրավորվել:

Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Իսկ 20-ամյա Դավիթ Խաչատրյանը ձերբակալված է ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին ծանր վնասվածք հասցնելու կասկածանքով: Հայաստանի զինվորական դատախազությունն իր հերթին այսօր քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` «սպանությունը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» եւ 112 հոդվածի 1-ին մասով` «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», մեղադրանք է առաջադրել Դավիթ Խաչատրյանին: Հոդվածներից առաջինը նախատեսում է ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ պատիժ, իսկ երկրորդը երեքից յոթ տարի: Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դատախազությունը դատարան է դիմելու:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG