Մատչելիության հղումներ

Առանցքային վկան փոխում է նախաքննական ցուցմունքը


Խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր վկա Հենրիկ Զաքարյանն ըստ էության հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից, որոնց հիման վրա էլ Ավետիսյանը հայտնվել է ճաղերի հետևում։

Մեղադրական եզրակացության համաձայն, Ավետիսյանը 2000 դոլար է հափշտակել՝ Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով։

Զաքարյանն այսօր դատարանում նախ հայտարարեց, որ վատ հիշողություն ունի, ապա՝ հիվանդ է, իսկ հետո սկսեց հարցերին կցկտուր պատասխանել։ 64-ամյա վկան հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանին գումար է տվել ոչ թե թոռանը բանակից ազատելու, այլ բնակավայրին մոտ զորամասում տեղավորելու համար։ Պնդեց, որ թոռանը բանակից ազատելու մտադրություն չեն ունեցել, պարզապես ցանկացել են մոտ զորամասում ծառայության տեղավորել՝ հիվանդությունների, այդ թվում և հոգեկան խնդիրների պատճառով։ Ավետիսյանն էլ, իբր, նրանցից բժշկական փաստաթղթերը ձևակերպելու, հիվանդ թոռանը հիվանդանոցում օգնելու համար 2000 դոլար է ուզել։

«Ազատման համար չի եղել ոչ մի բան... Մենք ազատելու համար փող չենք առաջարկել», - դատարանում ասաց վկան:

Դատախազի հարցին, թե ինչու է Ավետիսյանին գումար տվել, Զաքարյանն արձագանքեց. - «Մաղարիչ եմ տվել ես իրեն»:

Մեղադրող դատախազը հարկ համարեց նրա հակասական ցուցմունքներից հետո վերընթերցել նախաքննության ընթացքում երեք անգամ տրված ցուցմունքները։

Վկան, ով հարցերը ընկալում էր դժվարությամբ ու պատասխանները հնչեցնում ոչ գրական հայերենով, նախաքննության ժամանակ բավականին գրագետ ցուցմունքներ է գրել, ընդ որում, ինչպես դատախազ Հենրիկ Պապիկյանը հայտարարեց` իր ձեռքով և իր բառերով։

Ի պատասխան դատախազի այն հարցին, թե ինչու է նախաքննական ցուցմունքներում այլ տեղեկություններ հայտնել, մասնավորապես նշել, որ Ավետիսյանը 5.000 դոլար է պահանջել թոռանը բանակից ազատելու համար, վկան կցկտուր պատասխաններ տվեց, ասաց, որ լավ չի հիշում, երկար ժամանակ է անցել:

Նախաքննության ժամանակ նաև նշել է, թե գումարը ծրարով է փոխանցել Ավետիսյանին, բայց այսօր նշեց, թե ծրար չի եղել։ Վերջում էլ վկայի նյարդերը տեղի տվեցին՝ հայտարարեց, թե այլևս չի ուզում խոսել։

«Այս հակասությունները մեկ անգամ ևս հաստատում են այն պնդումները, որ այս գործը շինծու է», - եզրակացրեց Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը։

Դատական նիստից առաջ ազատամարտիկները դատարանի շենքի առջև կրկին բողոքի ակցիա անկացրեցին՝ պահանջելով մինչև մայիսի 9-ը ազատ արձակել իրենց մարտական ընկերոջը։
XS
SM
MD
LG