Մատչելիության հղումներ

Քրեակատարողականը հերքում է Վոլոդյա Ավետիսյանի պնդումները


Արխիվ – Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի վետերանները Երևանում բողոքի ակցիայի ժամանակ, Երևան, 13-ը մարտի, 2013թ․

Արխիվ – Պաշտոնաթող գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) և ղարաբաղյան պատերազմի վետերանները Երևանում բողոքի ակցիայի ժամանակ, Երևան, 13-ը մարտի, 2013թ․

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է ազատազրկված Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունները, թե նրան կալանավայրում պահել են անմարդկային պայմաններում։

Խարդախության մեղադրանքով ավելի քան կես տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ավետիսյանը դատական երկրորդ նիստի ժամանակ հայտարարեց, թե առողջական խնդիրներ ունի, քանի որ մինչև դատարան տեղափոխելը նրան 3 ժամ պահել են սառը բանտախցում:

Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնում հերքում են կալանավորի այս մեղադրանքները՝ պնդելով, թե այնտեղ սովորական սենյակային ջերմաստիճան է և այդ խցում Ավետիսյանից բացի նաև այլ կալանավորներ են եղել։

«Ավետիսյանն առողջական խնդիրներ չունի»,- «Ազատությանը» հավաստիացրեցին քրեակատարողական վարչությունում։

Մինչդեռ անցած դատական նիստին Ավետիսյանը հայտարարել էր, որ երբ բժիշկ կանչելու խնդրանքով դիմել էր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, բժիշկն իրեն այցելել էր կես ամիս հետո միայն։

Իրավապաշտպաններն ու կալանավայրերում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը բազմիցս են իրենց զեկույցներում նշել կալանավայրերի անմարդկային պայմանների մասին։ «Նուբարաշենը» համարվում է ամենախնդրահարույցն ու ծանրաբեռնվածը։ Իրավապաշտպանների պնդմամբ, այստեղ 8 հոգու համար նախատեսված բանտախցում երբեմն 20 մարդ է մնում՝ բանտարկյալները հերթով են քնում՝ մահճակալների համար տեղ չլինելու պատճառով, իսկ ամենամտահոգիչն այն է, որ դատապարտյալները սովորաբար չեն հանդգնում բողոքել այդ պայմանների դեմ:

«Ավետիսյանն այս առումով եզակիներից մեկն է, ու կալանավայրի ղեկավարությունը նրա հայտարարության հետքերով գնալու ու ծառայողական քննություն անցկացնելու փոխարեն՝ սովորության համաձայն շտապում է հերքել», - ասում է Կալանավայրերում դիտորդական խմբի նախագահ Ռոբերտ Ռևազյանը:

Դատապարտյալներին անմարդկային պայմաններում պահելը եվրոպական չափանիշների համաձայն դիտարկվում է որպես խոշտանգում։ Փոքր, նեղ տարածքով, լուսավորության պակասով, սանիտարական վատ պայմաններով, առանց ջեռուցման ու օդափոխման համակարգերի խցերը կալանավայրերում գերակշռում են, փաստում են իրավապաշտպանները՝ հայտարարելով, թե Հայաստանը այս հարցում Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները չի կատարել։

«Իրականացվող բարեփոխումները դանդաղում են քաղաքական կամքի բացակայության պատճառով»,-ընդգծում է Ռևազյանը:

Հայաստանի արդարադատության նախարարությունը բազմիցս է հայտարարել բարեփոխումները շարունակելու պատրաստակամության մասին՝ չլուծված խնդիրները հիմնականում կապելով ֆինանսական միջոցների բացակայության հետ։
XS
SM
MD
LG