Մատչելիության հղումներ

logo-print
Խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները հայտարարում են, որ ճնշումների են ենթարկվում Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Ոստիկանությունը հերքում է այս մեղադրանքները, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը` հրաժարվում մեկնաբանություններից։

Ազատամարտիկները, մինչդեռ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը շեշտում էին, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչների կողմից ճնշումները մեծացել են հատկապես անցած շաբաթ տեղի ունեցած հանրահավաքից հետո։

Ազատության հրապարակում կազմակերպած հավաքում ազատամարտիկները, պահանջելով մարտական ընկերոջ անհապաղ ազատ արձակումը, սուր քննադատության էին ենթարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Նրանցից երեքը՝ Յուրա Աթոյանը, Գևորգ Սարգսյանը ու Ստեփան Ստեփանյանը այսօր հայտարարեցին, թե հանրահավաքից հետո տարբեր խողովակներով իրենց փորձել են ճնշել՝ հորդորելով չմասնակցել հետագա բողոքի ակցիաներին։

Գյումրեցի Յուրա Աթոյանը պատմում էր, որ ոստիկանության թաղային տեսուչը իր տուն է այցելել, տարբեր հարցեր տվել ընտանիքի անդամներին ու հեռացել։

«Նման բան երբեք չէր եղել», - ասաց նա` շարունակելով. - «[Հանրահավաքի] հաջորդ օրը տնից դուրս եկա, հարսս զանգեց, թե եկել, դուռն է թակում, լուսամուտները: Հարցրի, թե ով է, ասաց գրաժդանսկի շորերով է, լիազորն է: Հաջորդ օրը հորեղբորս տուն է գնացել, հորեղբորս որդուն է հարցուփորձ արել»:

Ազատամարտիկները պատահական չեն համարում նմանատիպ այցելությունները։ Համոզված են, որ իրենց անձով հետաքրքրվողները հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչներ են։

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում բնակվող Գևորգ Սարգսյանն ու Ստեփան Ստեփանյանն նշում են, որ իրենց հանրահավաքներին չմասնակցելու հորդորներ են փոխանցել գյուղապետարանի աշխատակիցները։

«Իմ գյուղապետերը գիտեն, իրենց տասն անգամ զանգել են ոստիկանության աշխատակիցներ, ԱԱԾ-ի աշխատակիցներ, զգուշացրել են, որ մենք չմասնակցենք: Շատ են զգուշացրել, չեմ կարող պարզ-պարզ ասել, անգամ պաշտոնյա մարդիկ», - ասաց Սարգսյանը

Իսկ Ստեփան Ստեփանյանը պնդում է, թե անցած շաբաթվա հանարահավքից հետո իրեն սկսել են հետապնդել ինչ-որ անծանոթ մարդիկ, և լցակայանի աշխատակից իր ծանոթը իրեն ասել է, որ այդ մարդիկ իրենով էին հետաքրքրվում:

«Իբր սպալմամբ իմ փոխարեն ուրիշ մարդ են բռնել, տարել` բա դու էս մարդը չե՞ս…Իրենք ինձ շատ լավ էլ ճանաչում են, դեմքով էլ են ճանաչում: Ուղղակի մեսիջ են ուղարկում», - ասաց ազատամարտիկը:

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի վերջին հանրահավաքի նախաձեռնողը ազատամարտիկ Գագրի Սարուխանյանն է։ Նա ևս պնդում է, որ հատկապես վերջին շրջանում ճնշումներն ավելացել են. - «Այնուամենայնիվ կարողացել են իրենք նման այցելության դեպքերով վախի մթնոլորտ ստեղծել: Ես չեմ ասում, որ կոնկրետ այդ տղաներն են վախենում: Վախի մթնոլորտը կապված է այցելությունների հետ կապված այլ մարդկանց հետ: Որ կարողանում են տանել, ասել կներեք, շփոթվել ենք: Այսինքն` մեսիջ են ուղարկում տղաներին»:

Վարդանաշենի գյուղապետ Արթուր Մանուկյանը, սակայն, հերքում է, թե ինքը նման հորդորներ է փոխանցել իր համագյուղացի ազատամարտիկներին։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը անհեթեթություն որակեց իրենց ուղղված կասկածները՝ ընդգծելով, որ Վոլոդյա Ավետիսյանի քրեական գործը իրենց վարույթում չէ։ Ազգային անվտանգության ծառայությունում, ինչպես նշել ենք, հրաժարվեցին մեկնաբանել։

Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար պայքարող ազատամարտիկները քննադատեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով անցած շաբաթ Ազգային Ժողովում Ավետիսյանի գործով հայտարարություն էր արել։ Նախարարն ասել էր, թե Ավետիսյանը պայմանավորվածություն է խախտել։ Նկատի էր ունեցել անցած մայիսից ազատամարտիկների սոցիալական վիճակի համար սկսված բողոքի ակցիաներից հետո Ավետիսյանի հետ հանդիպումը, երբ կառավարությունը խոստացել էր լուծում տալ նրանց բարձրացրած հարցերին։

«Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունն ու շարունակել բողոքի ակցիաները», - ասել էր Օհանյանը։

Ազատամարտիկները, սակայն, ասում են, թե Ավետիսյանը կառավարության որևէ ներկայացուցչի հետ պայմանավորվածություն չի ունեցել։
XS
SM
MD
LG