Մատչելիության հղումներ

Վարչապետը կուսումնասիրի պարտադիր տուգանքների հետևանքները


«Դ!եմ եմ պարտադիրին» շարժման հանրահավաքը Երևանում: 12-ը ապրիլի 2014 թ.

«Դ!եմ եմ պարտադիրին» շարժման հանրահավաքը Երևանում: 12-ը ապրիլի 2014 թ.

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՏՏ ոլորտի մասնագետների հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաև կուտակյին կեսաթոշակին առնչվող խնդիրներ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որ ներկա է եղել այդ հանդիպմանը, «Ազատության» հետ հետ զրույցում ասաց՝ վարչապետին զգուշացրել են, որ եթե կառավարութոյւնն սկսի տուգանել պահումներ չկատարող գործատուներին, ապա դա կլինի առնվազն անմտություն:

«Եթե ինչ-որ մեկը անմտություն անի, սկսի տույժ, տուգանք հավաքել, ապա դա կարող է բերել նրան, որ մասսայական ընկերության աշխատողները ընկերություններին դատի տան: Այ դա արդեն շատ վտանգավոր է, որովհետև մեր ընկերությունների մի զգալի մասը մուլտինացիոնալ ընկերություններ են, և եթե նրանց զգան, որ իրենց երևանյան մասնաճյուղը մասսայական դատական պրոցեսների մեջ է ընկել, ապա շատ կարճ ժամանակում կորոշվի այդ ընկերությունների տեղահանման հարցը», - ասաց Վարդանյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննարկման ընթացքից իրենք տպավորություն են ստացել, որ կառավարությունը համենայն դեպս այս փուլում չի գնա ծայրահեղ քայլերի: Վարչապետը ժամանակ է խնդրել հարցն ավելի խորը ուսումնասիրելու համար․ - «Իր արձագանքը հետևյալն էր՝ ինձ ժամանակ տվեք, կառավարություն ձևավորեմ, նաև այլ շահառու խմբերի հետ հանդիպեմ և հանդես գամ առաջարկությամբ: Ես կարծում եմ, ուրիշ շանս չկա․ այս խնդիրը պետք է լուծվի ի օգուտ ժողովրդի, ի օգուտ բիզնեսի»:

Հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը կհակառակվի երկրի նախագահին, Վարդանյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, մենք արհեստականորեն նախագահին կապում ենք այդ կարծրացած տեսակետի հետ: Հասկանալի է, որ հայտարարեց: Հիմա մարդ է, սխալվելու իրավունք չունի՞»:

Հաշվապահները անհամբեր են․ ապրիլի 20-ին լրանում է հարկայինի՝ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը: Նրանք անելանելի վիճակում են․ մի կողմից հնարավոր տույժ, տուգանքներն են սպառնում, մյուս կողմից՝ ՊԵԿ-ից, Ֆինանսների նախարարությունից կամ պետական մեկ այլ գերատեսչությունից չկա պահումների մասին հստակ գրավոր հրահանգ - պահանջ:

Իրավաբան Մերի Խաչատրյանը, ով ՍԴ-ում ներկայացնում էր Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորներին, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե տարակուսած է․ ինչի՞ն նախապատվություն տալ՝ կառավարության անդամների բանավոր հայտարարությունների՞ն, թե՞ բարձագույն դատարանի գրավոր որոշմանը․ - «Կառավարությունը ընդամենը դիրքորոշում է հայտնել: Իսկ ո՞վ ասաց, որ այն ենթակա է պարտադիր կատարման: Ես առաջնորդվում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Սահմանադրության 3-րդ հոդվածով, այդ թվում նաև` Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ կետով, որը ուժի մեջ է մտել հրապարակման պահից: Կառավարության դիրքորոշումը ՍԴ-ի որոշման վերաբերյալ ոչ իրավաչափ է, որովհետև «Իրավական ակտերի մասին» օրենքով, Սահմանադրությամբ, այլ օրենքներով որևէ մեկը իրավունք չունի դիրքորոշում հայտնելու ՍԴ որոշման վերաբերյալ: Այն ենթակա է կատարման»:

Կուտակային կենսթոշակների բարեփոխումների մասին օրենքի՝ հակասահմանադրական ճանաչված 76-րդ հոդվածը ամրագրում է, որ սահմանված ժամկետում պարտադիր վճարը չկատարելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժ՝ չվճարված գումարի 0.15 տոկոսի չափով: Օրենքում նախատեսված են ավելի խիստ միջոցներ՝ պետությունը կարող է նաև կալանք դնել ընկերությունների հաշվի վրա, եթե տուգանքը գերազանցի 500.000 դրամը:

Գործատու Կարեն Վարդանյանին, սակայն, չի վախեցնում անգամ այս հեռանկարը․ - «Նախ, այդ կալանքը․․․ ձևեր կան: Եթե դու գիտես, որ կալանք են դնում, դու դա բողոքարկում ես և վեց ամիս կարող ես բողոքարկես: Երկրորդը՝ դու կարող ես եկամտահարկի հաշվետվությունը չտաս, ու ընդամենը 25 հազար դրամ է այդ տուգանքը»:

Ե՛վ գործատու Վարդանյանը, և՛ իրավաբան Խաչատրյանը, և՛ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ի վերջո, պնդում են, որ տուգանվելու դեպքում գործատուները պետք է դիմեն դատարան, ընդհուպ՝ մինչև ստրասբուրգյան:

Այդուհանդերձ դատական քաշքշուկը կարող է ամիսներ տեւել, իսկ ստեղծված իրավիճակում հենց հիմա տուժում է աշխատողների իրական աշխատավարձը չթաքցնող, բարեխիղճ գործատուն, ու պետությունը, շատերի համոզմամբ, նրան մղում է ստվեր:

«Ինքը ուղիղ ուղղված է բարեխիղճ գործատուի դեմ: Սա այն ամենակարևոր հանգամանքն է, որը նախագահը չի նշում», - ասաց Կարեն Վարդանյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG