Մատչելիության հղումներ

ՍԴ անդամը իրարամերժ մեկնաբանություններ է անում բարձր դատարանի որոշման առնչությամբ


ՍԴ անդամը իրարամերժ մեկնաբանություններ է անում բարձր դատարանի որոշման առնչությամբ
please wait

No media source currently available

0:00 0:04:57 0:00

Ֆելիքս Թոխյանը մեկ ասում է՝ անմտություն է կուտակային պահումներ անելը, մեկ էլ պնդում է, թե պարտադիր բաղադրիչը դեռ ուժի մեջ է։

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը բարձր դատարանի երեկվա որոշումը երկու տարբեր հեռուստաընկերություններում միանգամայն տարբեր ձևով մեկնաբանեց։

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ուղիղ եթերում պատասխանելով հարցին՝ մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացիները պե՞տք է կատարեն պարտադիր վճարներ, Թոխյանը ասաց.- «Մենք ասել ենք՝ մեր անվավեր ճանաչելը, հակասող ճանաչելը, մեր իրավական որոշումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 30-ից։ Սակայն պարզից էլ պարզ է՝ մեր որոշման ամենավերջին կետերից մեկում հստակ նշված է՝ հակասահմանադրական ճանաչված դրույթները չպետք է գործածեք։ Երկրորդն էլ՝ մենք հատուկ շեշտել ենք, որ այն բոլոր դեպքերում, երբ մինչ այդ եղել են տարաբնույթ մոտեցումներ մեր նաև աշխատակարգային որոշման վերաբերյալ, երբ կասեցրել էինք [վճարումներ չկատարելու համար] պատասխանատվությունը, և մոտ 127 հազար աշխատողներից պահվել են գումարները, դրանք պետք է վերադարձվեն։ Եթե դու հիմա չես վերադարձնում, վերադարձնելու ես սեպտեմբերից հետո։ Եթե դու մինչև սեպտեմբեր որևէ բան պահես, սեպտեմբերին ես վերադարձնելու։ Ուրեմն հիմա ուղղակի անմտություն է պահել, որովհետև բոլոր դեպքերում սեպտեմբերին վերահաշվարկ ես կատարելու և մարդկանց փողերը վերադարձնելու ես»։

«Արմնյուզ»-ում հնչեցված այս կարծիքը հեռուստաընկերության տեղեկատվական բազայում մինչև այս պահը տեղադրված չէ։ Ավելի ուշ Թոխյանը հյուրընկալվում է «Շանթ» հեռուստաընկերությունում, որտեղ ՍԴ անդամը միանգամայն այլ տեսակետ հայտնեց՝ թյուրիմացություն է կարծելը, թե մինչև սեպտեմբերի 30-ը չպիտի վճարեն կուտակային կենսաթոշակների մասին օրենքում սահմանված պարտադիր վճարները։

«ՍԴ-ի որոշմամբ՝ այսօր պարտադիր կենսաթոշակային պետական այդ պահանջը չի վերացվել։ Թյուրիմացություն է այդպես կարծելը։ Մինչև սեպտեմբերի 30-ը պարտավոր են վճարել»,- ասում է Թոխյանը։

Ուշագրավ է, որ ՍԴ անդամը «Արմնյուզ»-ի ուղիղ եթերում ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ կրկնեց, որ դատարանի որոշումը մարդկանց ազատել է կուտակային պարտադիր վճարներ կատարելուց.- «Միանշանակ հակասահմանադրական ճանաչված նորմը չպետք է կիրառվի, անկախ նրանից, որ մենք ասել ենք՝ սեպտեմբերի 30-ից է ուժի մեջ մտնում»։

Թոխյանն անգամ պարզաբանեց, թե ՍԴ-ի որոշումից հետո ի՞նչ հիմքով կարելի ետ վերադարձնել հունվարից պահված գումարները՝ հղում կատարելով դատարանի որոշման եզրափակիչ մասին.- «Որոշման վերջին կետում ուղղակի պահանջել ենք, որ կատարվի վերահաշվարկ, եթե վերցրել եք, ուրեմն ետ տվեք այդ փողերը, եթե չէ, ուրեմն սեպտեմբերին ետ կտաք»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին հետաքրքրում է՝ ինչպե՞ս է իրարամերժ կարծիքներ հայտնող ՍԴ անդամը նայելու հանրության աչքերին։

«Նրանք միայն իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնում են քաղաքական նպատակներին, հատկապես Հանրապետական կուսակցության շահերին։ Արժանապատիվ պահվածքը, հարգանքը իրենց մասնագիտության նկատմամբ ի սպառ բացակայում է։ Ո՞րն է ամբողջ նպատակը։ Ամեն գնով պոկել փողը մարդկանցից՝ մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս... սա իրենց համար շատ կարևոր է»,- ասաց Ալեքսանյանը։

Իրավաբան, ՍԴ-ում Ազգային ժողովի 36 պատգամավորներին ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասին համահունչ է Ֆելիքս Թոխյանի առաջին կարծիքը, որն ամբողջությամբ անհետացել է կաբելային հեռուստացանցից ու չի տեղադրվել «Արմնյուզ» հեռուստաընկերության կայքում։

«Եզրափակիչ մասի 6-րդ կետը չի հետաձգվել ուժի մեջ մտնելու մասով։ Դա մտել է ուժի մեջ և գործում է, ըստ որի մարդու կամքից անկախ, հակառակ նրա կամքին չեն կարող նրա աշխատավարձի մի մասը տնօրինել»,- ասաց իրավաբանը։

Զեյնալյանը նկատեց՝ ՍԴ-ի որոշման իր հիշատակած կետը աշխատողի համար դատարան գնալու և իր գումարները պահող գործատունին պատասխանատվության կանչելու հիմք է։

«Ահռելի մեծ ծախսերի հետ է կապված սա։ Չի կարող նման բան արվել։ Գիտես, որ իրավունքը խախտում ես, շարունակես խախտել, որպեսզի հետագայում վերականգնե՞ս։ Սա անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ»,- ասաց Զեյնալյանը՝ պարզաբանելով. - «Ծախսեր ասելով նկատի ունեմ՝ վերադարձնել ոչ միայն այդ գումարները, վերադարձնել տոկոսները, նաև փոխհատուցել կրած ոչ նյութական վնասնեը»։
XS
SM
MD
LG