Մատչելիության հղումներ

Պարտադիրի ներդրումը իշխանությունները «սկզբունքային» են համարում


Հայաստան -- «Դեմ եմ» թիմի խորհրդանշական բողոքի ակցիան հասարակական դժգոհությունների պատճառ դարձած կենսաթոշակային բարեփոխումների դեմ, Երևան, 28-ը մարտի, 2014թ․

Հայաստան -- «Դեմ եմ» թիմի խորհրդանշական բողոքի ակցիան հասարակական դժգոհությունների պատճառ դարձած կենսաթոշակային բարեփոխումների դեմ, Երևան, 28-ը մարտի, 2014թ․

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին անգամ հաստատեց, որ նոր կառավարությունը չի հրաժարվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից:

«Պարտադիրի խնդիրը դա ռազմավարության վերածված խնդիր է: Այլ բան է, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո որոշակիորեն քննարկումներ կկատարվեն և նոր բանաձևեր կընդունվեն, որոնք ավելի մեղմ ազդեցություն կունենան հասարակության վրա: Իսկ պարտադիրի խնդիրը առայժմ մեզ համար սկզբունքային է», - մանրամասնեց իշխող կուսակցության փոխնախագահը:

Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Պարտադիրի դեմ պայքարող «Դեմ եմ» թիմը հասկացել է՝ գումարելիների տեղափոխումից գումարը չփոխվեց և մտադիր է շարունակել պայքարը: Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երկխոսության հրավերին, «Դեմ եմ» թիմից Գևորգ Գորգիսյանն «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց, որ Պարտադիր կուտակային մասին օրենքն արդեն իսկ հակասահմանադրական է ճանաչվել և դրա շուրջ երկխոսելն անիմաստ է:

«Նախագահն էլ շահագրգռված է, որպեսզի վերականգնվի կառավարության և , առհասարակ, իշխանության հանդեպ ժողովրդի վստահությունը, իսկ սա շատ լավ առիթ է, որպեսզի դա կատարվի, որովհետև ամիսներ շարունակ ժողովուրդը խոսում է, կառավարությունը չի լսում և արհամարհում է», - հավելեց նա:

Դեռ պարզ չէ նոր կառավարության կազմը, մասնավորապես՝ ովքեր են լինելու Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարները, որոնք որպես աշխատանքային խմբի անդամներ մինչև սեպտեմբերի 30-ը պետք է լրամշակեն պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը:

Եթե նախորդ շաբաթ «Դեմ եմ» թիմը նամակներով հեղեղել էր Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական դեպոզիտարիան և Կենտրոնական բանկը, ապա այժմ պատրաստվում են նամակ հղել երկրի ղեկավարին:
XS
SM
MD
LG