Մատչելիության հղումներ

Փոխվել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը


Մաշտոցի պողոտան նոյեմբերի 5-ի բախումից հետո

Մաշտոցի պողոտան նոյեմբերի 5-ի բախումից հետո

Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հետ կալնավորված Տիգրան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է։ Ավելի վաղ փոխվել էր նաև Շանթ Հարությունյանի և նույն գործով մի քանի այլ կալանվածներին առաջադրված մեղադրանքները։

Տիգրան Պետրոսյանը նախկինում մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, մասնավորապես, ոստիկան Արա Մարտիրոսյանին հրելու մեջ։ Դատարանն էլ այն ժամանակ որոշել էր, որ ազատության մեջ մնալով Պետրոսյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել ու խանգարել նախաքննությանը, հետևաբար՝ ուժի մեջ էր թողել, իսկ հետագայում էլ մերժել էր վերջինիս փաստաբան Արա Զաքարյանի՝ Պետրոսյանին ազատ արձակելու մասին միջնորդությունը։

Մի քանի օր առաջ, սակայն, փոխվել է Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը։ Այն, ինչպես և նույն գործով մի քանի այլ անձանց պարագայում, վերաորակվել է խուլիգանություն։ Փաստաբան Արա Զաքարյանի համոզմամբ, այս փոփոխությունն արվել է, քանի որ այդպես էլ չեն կարողացել հիմնավորել կալանքի տակ պահելու նախկին որոշումները։ Այս մեղադրանքը ևս, ըստ փաստաբանի, անհեթեթ է։

Փաստաբանը նշում է, որ նախկինում հենց քննիչներ էին արձանագրություն կազմել այն մասին, թե Պետրոսյանը քաշքշել ու հրել է ոստիկանին, իսկ ոստիկանին հարվածելու մասին եզրակացությունում որևէ խոսք չի եղել։ Պետրոսյանի կողմից իբր բռնության ենթարկված ոստիկան Մարտիրոսյանի հետ էլ 15 ժամ առերեսում է եղել, և վերջինս էլ երբեք չի ասել, թե իրեն հարվածել են։

«Այս հանգամանքն արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեղադրանքի մեջ նշված հանգամանքը ակնհայտորեն հակասում է քրեական գործով ձեռք բերված ապացույցներին»,- ասաց փաստաբանը։

Զաքարյանն ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ մեղադրանքը թեև փոխվել է, սակայն մեղադրանքի մեջ խուլիգանական որևէ գործողություն Պետրոսյանին վերագրված չէ։ Այսինքն կրկնվում է նույն իրավիճակը՝ իր պաշտպանյալին մեղսագրվում է արարք, որն այդպես էլ փաստերով չի հիմնավորվում։ Չի նշվում, թե ինչպիսի գործողություններ կատարելով է Պետրոսյանը խախտել հասարակական կարգը։ ճիշտ հակառակը՝ տեսաձայնագրություններում հստակ երևում է, որ Պետրոսյանը բաժանողի դերում է։

«Գալիս եմ այն հետևության, որ իրոք Տիգրան Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում է իրականացվում։ Այսինքն նա, ըստ էության, քաղբանտարկյալի կարգավիճակ ստանա»,- ասաց Զաքարյանը։

Փաստաբանը դիմել է դատարան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությամբ։ Ու թեև նախկին միջնորդությունների մեջ նշվել է, որ երկրորդ կարգի հաշմանդամ հայր ունի, որի միակ խնամակալն է, այդուամենայնիվ, միջնորդությունը չի բավարարվել, հոր խնամքով էլ զբաղվել են հարևաններն ու ընկերները, քանի որ մայրն ու քույրը Հայաստանում չեն։

Պետրոսյանը ոչ խուլիգան է, ոչ էլ հանցագործ, ասում է դրկից հարևանուհին ու հույս հայտնում, որ Տիգրանին շուտով ազատության մեջ կտեսնի։
XS
SM
MD
LG