Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի մեղադրանքը փոխվել է


Ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն այժմ մեղադրվում է խուլիգանության մեջ:

Նախաքննական մարմինն այսօր որոշել է փոխել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքը։ Ինչպես տեղեկացանք նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանից, ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն այժմ մեղադրվում է խուլիգանության մեջ. ավելի ստույգ՝ քրեական օրենսգրքի 258 հոդվածի չորրորդ մասով, այն է՝ դիտավորությամբ հասարակական կարգը խախտելը, որը զուգորդվել է բռնությամբ կամ բռնության սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Այս հոդվածով Շանթ Հարությունյանին սպառնում է առնվազն 3 տարով պակաս ազատազրկում: Այդուհանդերձ, փաստաբանը չի կարծում, որ մեղադրանքը մեղմացվել է:

«Թե՛ 316 հոդվածի երկրորդ մասը, թե՛ 258 հոդվածի չորրորդ մասը դասվում են ծանր հանցագործությունների շարքին։ Այս մասով, իհարկե, մեղմացման մասին խոսք գնալ չի կարող, երկուսն էլ ծանր հանցագործություններ են։ Ուղղակի այդ հոդվածների սանկցիաներում կան որոշակի փոփոխություններ. եթե 316-ի երկրորդ մասը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում, ապա այս դեպքում 4-7 է. դա դուք համարում եք մեղմացո՞ւմ... երկու դեպքում էլ անընդունելի է թե՛ Շանթի համար, թե՛ մյուսների համար, որովհետև իրենք քրեական օրենսգրքով սահմանված հանցանք, ըստ էության, չեն կատարել »,- ասաց Ինեսա Պետրոսյանը։

Շանթ Հարությունյանն ի սկզբանե մեղադրվում է նոյեմբերի 5-ի ակցիայի ժամանակ գետնին ընկած ոստիկանին ծեծելու մեջ։ Գրեթե 5 ամիս տևած նախաքննությունից հետո մեղադրանքը փոխելու պատճառը, փաստաբանի կարծիքով, այն է, որ նախաքննական մարմինը չի կարողացել ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքը հիմնավորել, որովհետև Հարությունյանն ու մյուսները չէին կարող գուշակել, որ քաղաքացիական հագուստով և առանց տարբերանշանների անձինք ոստիկաններ են։

«316 հոդվածի 2-րդ մասի մասին խոսելիս ուղղակիորեն բխում էր, որ դա ակնհայտ անհիմն է։ Այսինքն, եթե ասում էին՝ ոստիկանության աշխատակից, ապա գործում արձանագրություններ նույնիսկ կային, որ նրանք համազգեստով չեն եղել։ Ապացույցները բազմաթիվ էին, իմ կարծիքով, դա ուղղակի անհնար էր հիմնավորել, հիմա գնացել են այս տարբերակին»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք նախաքննական մարմինը կարո՞ղ է խուլիգանության մեղադրանքը հիմնավորել, փաստաբանը կարծիք հայտնեց, որ այն ամբողջությամբ անհիմն է, քանի որ, նրա խոսքով՝ Շանթ Հարությունյանը ընդամենը հայտարարել էր իր խոսքը՝ նստացույց էր անում, այնուհետև երթի պետք է դուրս գային։

«Ոստիկանության աշխատակիցները, որպեսզի խափանեն այդ երթը, որոշակի ոչ իրավաչափ գործողություններ են կատարել, որից հետո էլ անձինք ուղղակի փորձել էին պաշտպանվել», - ասում է նա:

Շանթ Հարությունյանը, ըստ փաստաբանի, այսօր որևէ կերպ չի արձագանքել քննիչի որոշմանը:

«Շանթ Հարությունյանը ի սկզբանե հայտարարել է, որ ինքն իր քաղաքական հայացքների համար, քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու համար է հետապնդվում, ուստի այդ մասին խոսելը ուղղակի նա անիմաստ է համարում և նույնիսկ դիրքորոշում չհայտնեց այդ կապակցությամբ։ Եվ չստորագրեց որևէ փաստաթղթի տակ։ Նա շարունակում է ցուցմունք չտալ»,- ասաց Պետրոսյանը։


Ինեսա Պետրոսյանի տեղեկություններով, փոխվել է նաև նույն գործով անցնող ազատամարտիկ Վարդան Վարդանյանի մեղադրանքը, նրան ևս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

Շանթ Հարությունյանի ընտանիքն առայժմ չի արձագանքում նախաքննական մարմնի որոշմանը։

Հարությունյանի որոշ աջակիցների համար նոյեմբերի 5-ի ակցիան «խուլիգանություն» որակելը վիրավորական է։

«Սա վիրավորանք է. իրենց պայքարի իմաստը նսեմացնում է այդ ձևակերպումը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Շանթ և ազատություն» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը,- «Բոլորովին խուլիգանություն անող մարդիկ չէին և խուլիգանություն անելու ցանկություն չունեին բոլորովին»։

Շանթ Հարությունյանն այսօր արժանացավ տարվա «Դոն Կիխոտ» միջազգային մրցանակին, որը սահմանել էր «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG