Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի հետ կալանավորվածներից մեկն ազատ արձակվեց


Միսաք Առաքելյան
Միսաք Առաքելյան
Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով 14 կալանավորվածներից մեկը՝ Միսաք Առաքելյանը, այսօր ազատ է արձակվել։

Առաքելյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով. նրա փաստաբան Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ նախաքննական մարմինն այսօր Մանուկ Առաքելյանի մեղադրանքը վերաորակել է խուլիգանություն [Քրեական օրենսգրքի 258 հոդվածի առաջին մաս] և փոխել խափանման միջոցը։

Միսաք Առաքելյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա կալանավորվել էր ոստիկանների ուղղությամբ պայթուցիկ սարքեր նետելու կասկածանքով։

«Կներեք, շփոթված եմ, շոկի մեջ եմ, անակնկալ էր ինձ համար, կարծես ապրիլմեկյան կատակ լիներ։ Պարզապես չգիտեմ ինչ համար էի հինգ ամիս բանտում, այդ մասին հետո կխոսեմ, կենտրոնանալուց հետո։ Հիմա նախ շոկի մեջ եմ, հետո՝ առողջական պրոբլեմներ ունեմ »,- ազատ արձակվելուց հետո «Ազատության» հետ զրույցում ասաց Առաքելյանը։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ բացի Միսաք Առաքելյանից փոխվել են Մաշտոցի պողոտայի իրադարձությունների հետևանքով կալանավորվածներից ևս 6-ի մեղադրանքները, բայց նրանք կշարունակեն մնալ անազատության մեջ, որովհետև խափանման միջոցները չեն փոխվել։

Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքներով ի սկզբանե կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Արմեն Հովհաննիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սևակ Մնացականյանի ու Հայկ Հարությունյանի գործողությունները ևս որակվել են «խուլիգանություն» [ մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով]:

Կալանավորվածների փաստաբանները եզրակացնում են՝ շուրջ 5 ամիս շարունակվող նախաքննության ընթացքում ոստիկանությանը չի հաջողվել հիմնավորել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքը։

«316 հոդվածի երկրորդ մասի բացակայությունը այլևս փաստ է, եթե լինեին այդ հոդվածի հատկանիշները, բնականաբար վերաորակում տեղի չէր ունենա»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց փաստաբան Հովհաննես Քոչարյանը:

«Այսինքն կալանքի որոշումներն ապօրինի՞ են եղել»՝ դիտարկմանը փաստաբանն արձագանքեց. - «Այո, ես կարող եմ նման եզրահանգում անել, որովհետև դատարանները ամեն անգամ այդ հարցի պատասխանը պետք է տային՝ մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկած կա՞, թե՞ չկա։ Ասում էին՝ այո, կա, ոստիկանության ծառայողների մասով կա այդ կասկածը։ Հիմա պարզվեց, որ չկա»։

Փաստաբանի կարծիքով, ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքը փոխելով և «խուլիգանություն» դարձնելով, մեղադրանքի կողմը փորձում է նաև ցույց տալ, որ մեղադրյալները նոյեմբերի 5-ին ունեցել են ոչ թե քաղաքական ու քաղաքացիական, այլ խուլիգանական մղումներ:

«Ի՞նչ է նշանակում խուլիգանական մղումներ. հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա կատարված արարք, մարտահրավեր հասարակությանը՝ սեփական անձի առավելությունը ընդգծելու, անզուսպ եսամոլությունը դրսևորելու, ինչո՞ւ չէ՝ դրանից հաճույք ստանալու և զվարճանալու նպատակներով։ Մի պահ մոդելավորենք, թե որքանով են համապատասխանում այս օրենքի այս հատկանիշները նրանց կողմից կատարված արարքի հետ: Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ համապատասխանությունը»,- ասաց Հովհաննես Քոչարյանը, դժվարանալով կանխատեսել, թե արդյոք մեղադրանքները փոխելը այս գործով բոլոր կալանավորվածներին հետագայում ազատ արձակելու նպատակ է հետապնդում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրավապաշտպանները համոզմունք էին հայտնում, որ Շանթ Հարությունյանի և 13 ընդդիմադիրների գործը բեռ է դարձել իշխանությունների և ոստիկանության վրա, նրանք «դեմք փրկելու» ուղիներ են փնտրում։ Միաժամանակ, մեր զրուցակիցները թերահավատ էին, որ կալանավորվածները հերթով ազատ կարձակվեն։

Արթուր Սաքունցի կարծիքով իշխանությունները կփորձեն ամեն գնով ընդդիմադիրներին պահել բանտում, որպեսզի նոյեմբերի 5-ը նախադեպ չդառնա ընդդիմախոսների համար:

«Ակնհայտորեն ոստիկանությունը փորձում է իր երեսը փրկել, բայց սա երևույթի միայն մի մասն է. քաղաքական իշխանությունը փորձում է ամեն ձևով պատժել Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին քաղաքացիական անհնազանդության համար, որն ուղղված է իր իշխանության համար կենսական նշանակություն ունեցող որոշման դեմ՝ Մաքսային միությանը միանալու՝ Սերժ Սարգսյանի միանձնյա որոշման դեմ»,- ասաց Սաքունցը։

«Իշխանությունների կամքով, առանց հիմնավոր պատճառների ու պատճառաբանության բանտում են հայտնվել քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ակտիվ երիտասարդներ, ովքեր չպետք է լինեին բանտում»,- նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով «սադրանքի զոհ» է համարում նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածներին:

«Եվ հիմա իշխանությունները աչքերը փակ մատը դնում են ինչ-որ կամայական հոդվածի վրա և փորձում են այդ հոդվածով ապացուցել նրանց մեղքը։ Չկարողացան մի հոդվածով ապացուցել՝ հիմա փորձելու են մեկ այլ հոդվածով: Չի բացառվում, որ դատական պրոցեսի ընթացքում փոխվի մեկ այլ հոդվածի, այնքան որ կարողանան ինչ որ բան կպցնել և կարողանան փակել իրենց իսկ սկսած գործը։ Իրենք են սկսել այդ գործը, իրենք պետք է տակից դուրս գան, և դուրս գալու համար իրենք պետք է ընդամենը փակեն դա, հայտարարեն, որ սխալ է տեղի ունեցել։ Բայց դրա փոխարեն իրենք սկսում են հոդվածներ ընտրել քրեական օրենսգրքից», - ասում է իրավապաշտպանաը:

Մյուս 7 կալանավորվածների մեղադրանքները ևս, ըստ ոստիկանության, կարող են առաջիկայում փոխվել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG