Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ականները հրաժարվեցին մասնակցել Մարտի 1-ի թեմայով քննարկմանը


Չնայած նախնական համաձայնությանը, հանրապետական պատգամավորներ Մկրտիչ Մինասյանն ու Մարգարիտ Եսայանը վերջին պահին հրաժարվեցին մասնակցել «Մեդիա կենտրոնի» նախաձեռնած «Ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով քննարկմանը:

Հրավիրված մյուս մասնակիցները բնորոշեցին՝ սա արհամարհանք է, իշխանությունների գնահատականը մարտի 1-ին: «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հայտարարեց՝ նրանք գիտեն, որ մեղքի իրենց բաժինն ունեն։

«Գործը բացահայտված է, բացահայտելու ոչինչ չկա։ Այն, որ նրանք վախենում են գալ, կանգնել այստեղ ինձ հետ տեսախցիկների առաջ խոսել մարտի 1-ից, դա արդեն դատապարտելի է, նրանք ամաչում են»,- ասաց Հարությունյանը.- «Այլ խնդիր է, որ մեղավորները պատժված չեն։ Կգա՛ օրը, կպատժվեն»։

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատմամբ, մարտի 1-ը միայն ամբողջական իշխանափոխության դեպքում կբացահայտվի, իսկ խորհրդարանում այս օրերին ընթացող քննարկումները՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, իշխանություններին տրված հնարավորություն է։

«Իշխանությունը ոչ միայն արել է, այլ կոծկելու պարտակելու ամբողջ պատասխանատվությունն է իր վրա։ Բոլորը պաթետիկ ձևով կողմ են հանձնաժողով ստեղծելուն և բացահայտելուն, բայց վերջում մի փոքր «բայց» են ավելացնում կարկամած ձայնով ասում՝ հանձնաժողովը այդ հարցը չի կարող լուծել։ ՀՀԿ-ն, գործող իշխանությունը մեղավոր են և երբեք չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են»,- ասաց Մանուկյանը։

Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ եթե խմբի աշխատանքը չվիժեցվեր, առնվազն մի քանի սպանություն բացահայտվելու էին: Սեդա Սաֆարյանը, սակայն, միաժամանակ հարցնում է՝ եթե այն ժամանակ միջազգային կառույցների ճնշման ներքո դա տեղի չունեցավ, ապա այժմ ինչպե՞ս է դա անելու խորհրդարանական հանձնաժողովը։

«Պիտի այլ ճանապարհով գնալ»,- ասաց Սաֆարյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշում է՝ ինչպես իշխանությունները կտրուկ փոխեցին գործելաոճը, երբ փաստահավաք խումբը արդյունքի էր հասնում.- «Քանի դեռ այս իշխանության ձեռքում է երկրի ղեկը, որևէ փաստահավաք խումբ կամ որևէ հանձնաժողով մեծ հաջողություններ գրանցել դժվար թե կարողանա»։

Արամ Մանուկյանն ասում է՝ իրեն մեղավոր զգում է, իր կազմակերպած հանրահավաքի ժամանակ են մարդիկ զոհվել, բայց նաև արել է ամեն ինչ հանցագործությունը բացահայտելու համար։

«Բացահայտված է, մեղավորները հստակ են, ուղղակի դեռ դատարանի դուռը չեն հասել, քանի որ նրանց հովանավորները այն մարդիկ են, ովքեր կազմակերպել են այս ոճիրը»,- ասաց պատգամավորը։

ՀԱԿ-ը մտադիր է խորհրդարան բերել զոհերի իրավահաջորդներին դրամական փոխհատուցում տալու հարցը, բայց դա, ըստ Արամ Մանուկյանի, պետք է լինի օրենքով սահմանված՝ կանոնավոր.- «Իրենք հիմա էլ են ուզում նախագիծ մշակեն, Սերժ Սարգսյանը բերի 10 հազար դոլար ամեն մեկին տա, ես դա չեմ համարում լուծում։ Մեյմունությունը ամենևին քաղաքական կամք չէ, որով իրենք ուզում են անպայման մարտի 1-ի խնդիրը լուծել»։
XS
SM
MD
LG