Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին տեղի կունենան մի քանի ակցիաներ


Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀԱԿ-ի հանրահավաքում, արխիվ

Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀԱԿ-ի հանրահավաքում, արխիվ

Մարտի 1-ի գլխավոր իրադարձությունը Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի և Հայաստանի ժողովրդական կուսակցության հրավիրած հանրահավաքն է։ Սպասվում է, որ հանրահավաքին կմասնակցեն մի շարք կուսակցությունների և ուժերի ներկայացուցիչներ, օրերս Ազատության հրապարակ գնալու մտադրության մասին հայտարարեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հանրահավաքին ներկա կլինեն նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ։ «Ազատության» հետ զրույցում կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասաց, որ իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ, ուստի վաղվա հանրահավաքը բացառություն չէ։ Նա շեշտեց, որ հանրահավաքը նախաձեռնող ուժը իրենց գործընկերն է ու թեև հրավեր չեն ստացել, բայց մասնակցելու են։

Վաղը ժամը 1-ին Սարյանի արձանի մոտ են հավաքվելու Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները, ովքեր այնուհետև միանալու են Ազատության հրապարակի հանրահավաքին։ Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանրահավաքը բաղկացած է լինելու երկու մասից, որից հետո մեկնարկելու է երթ։

«Առաջին մասը, բնականաբար, հարգանքի տուրք է զոհվածներին, երկրորդ մասով բարձրացվելու են այն բոլոր խնդիրները, որ այսօր Հայաստանում առկա են։ Եվ վերջում կլինի Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրային ելույթը, որտեղ, կարծում եմ, կլինեն նաև առաջարկներ, լուծումներ այս վիճակից դուրս գալու համար»,- ասաց Մանուկյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանրահավաքի ընթացքում կարո՞ղ են լինել շրջադարձային հայտարարություններ, Մանուկյանը խորհուրդ տվեց սպասել։

Վաղը բողոքի երթ են նախատեսում անցկացնել նաև մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։ Կեսօրին Մյասնիկյանի արձանի մոտից մեկնարկող երթով ակտիվիստները ուղևորվելու են նախագահական նստավայր՝ պահանջելով 2008-ի մարտի 1-ի դեպքերի քննություն և բացահայտում։

Արդեն երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ էին նախատեսում լինել Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքաելյանը, մինչդեռ այսօր վաղ առավոտյան Փաշինյանը հոսպիտալացվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվել է կույրաղիքի անհետաձգելի վիրահատության։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ Սասուն Միքայելյանի հետ որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել այնտեղ, որտեղ եղել են 2008 թվականի նույն ժամանակահատվածում և դիմավորել լուսաբացը այնտեղ՝ մի բան, որը չէր հաջողվել 2008 թվականին։

Թե երբ է Փաշինյանը դուրս գրվելու հիվանդանոցից, դեռ հայտնի չէ։ «Ազատության» հետ զրույցում նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Ալեն Սիմոնյանը ասաց, որ պայթել էր պատգամավորի կույրաղիքը, ինչի հետո նա անձամբ է մեկնել հիվանդանոց, որտեղ էլ նրան վիրահատել են։ Այժմ Փաշինյանի վիճակը գնահատվում է բավարար, իսկ վաղը նախատեսված ակցիան տեղի է ունենալու։

«Սասուն Միքայելյանը այնտեղ կլինի, մենք նույնպես ամբողջ կազմով այնտեղ կլինենք, մեր ընկերները կլինեն, մարդիկ, ովքեր ուղղակի համակրում են, գիշերը կմնանք այնտեղ»,- ասաց Սիմոնյանը։

Մի քանի ժամ առաջ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում գրել է, որ չի կարծում, թե ի վիճակի կլինի մասնակցել շաբաթ օրը նախատեսված ակցիային՝ նշելով, որ իր փոխարեն այնտեղ կլինի որդին։
XS
SM
MD
LG