Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանը հուսով է՝ իշխանությունը կբացահայտի Մարտի 1-ի պատասխանատուներին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հույս ունի, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կբացահայտեն 2008-ի մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներին:

Իր այդ հույսի մասին Ջհանգիրյանը լրագրողներին տեղեկացրեց այսօր Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում:

ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, հանդես է եկել Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկությամբ, և այժմ հարցը քննարկվում է Ազգային ժողովում:

«Ես առայժմ հույս ունեմ, որ իշխանությունը իր մեջ քաղաքական համարձակություն կգտնի, ի վերջո այսպիսի ծանր ժառանգությամբ առաջ շարժվել հնարավոր չէ։ Մեկ պրոբլել, երկու, երեք... Հայաստանի նման երկիրը չի կարող ոտքերը կապած այսպիսի ծանրաձողերի առաջ շարժվել»,- ասաց պատգամավորը։

Ընդդիմության և մասնավորապես ՀԱԿ-ի բազմիցս են հանդես եկել հայտարարություններով, թե արդեն վեց տարվա վաղեմության արյունալի իրադարձությունների հետևում կանգնած են իշխանությունները, որոնք 2008-ի մարտի 1-ին դիմեցին ուժային գործողությունների՝ կեղծված ընտրություններից հետո նպատակ ունենալով պահել իշխանությունը:

Այսօր Ջհանգիրյանը վերահաստատեց ընդդիմության այդ դիրքորոշումը:

«2008-ից ի վեր իշխանությունները չեն փոխվել, և այնուամենայնիվ, հույս ունե՞ք, որ իշխանությունները կբացահայտեն Մարտի 1-ը»,- հարցրեցինք Գագիկ Ջհանգիրյանին:

Նա բերեց Ուկրաինայի օրինակը.- «Եթե Յանուկովիչը իմանար, որ ի վերջո իր հետ այսպես է լինելու, առաջին իսկ պահանջների ժամանակ կնստեին բանակցությունների և լուծումներ կգտնեին։ Ես չեմ ուզում նոր արյունահեղություն, չեմ ուզում նոր զոհեր, նոր արտագաղթի ալիք, նոր քաղբանտարկյալներ։ Այն ժամանակ էլ չեմ ցանկացել։ Դրա համար ասում եմ՝ ես դեռ հույս ունեն, որ իշխանությունները կամք կգտնեն և մենք կփորձենք համաձայնության գալ և աշխատել այդ խնդիրը բացահայտելու համար»։

Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը արդարացված համարեց իր ընդդիմադիր գործընկերոջ հույսերը։

«Նման գործերը հնարավոր չէ, որ չբացահայտվեն»,- ասաց նա։

Դեռ ավելին, ըստ Սահակյանի, մարտի 1-ի պատասխանատուների գտնելու ու պատժելու համար իշխանափոխության կարիք ամենևին էլ չկա, ինչպես հայտարարում են ընդդիմադիր դաշտից:

«Ազատության» հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք պատասխանատվության ենթարկված չէ մարտիմեկյան սպանությունների համար, Սահակյանը պատասխանեց.- «Որևէ անձ այս տարիների ընթացքում որևէ վկայություն չի տալիս, պատճառը դա է»։

Ինչ վերաբերում է Կոնգրեսի առաջարկած Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Գալուստ Սահակյանը հայտնեց, որ ՀՀԿ-ի դիրքորոշումը կներկայացվի քվեարկությունից առաջ:

Մարտի 1-ի թեման այսօր գերիշխում էր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցներում, և ԱԺ-ում ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին խնդրեցին արձագանքել պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ երեկ խորհրդարանի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը, թե «բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգություն»-ից, բոլորդ Մարտի 1-ի կոծկման մասնակից են»:

«Կոալիցիայի մեջ լինելը չի նշանակում, որ մենք կոծկելուն կողմնակից ենք եղել»,- ասաց Վարդանյանը։

2008-ի մարտի 1-ից առաջ և հետո էլ իշխանության մեջ էր նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

«Ձեզնից առաջ Գագիկ Ջհանգիրյանն էր այդտեղ նստած և մարտի 1-ի դեպքերի համար կրկին մեղադրեց իշխանություններին, [իսկ այն ժամանակ ԲՀԿ-ն նույնպես իշխանություն էր]: Գոնե մասնավոր զրույցներում դուք հարցրե՞լ եք, թե ի՞նչ մասով են մեղադրում ձեզ»,- լրագրողներից մեկը այսօր հարցրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:

«Դրա համար եմ ասում, ուրեմն ՀԱԿ-ի մեր գործընկերները ունեն ինչ-որ փաստեր, որ մեղադրում են, ինչո՞ւ տորպեդահարել հանձնաժողովի ստեղծումը, միգուցե մարդիկ ունեն լրջագույն փաստեր, որոնք ենթակա են քննարկման, եկեք քննարկենք նաև այն հարցերը, այն սլաքները, որոնք ուղղվում են դեպի ԲՀԿ։ Մենք կոմպլեքս չունենք որևէ հարցի քննարկումից»,- Զոհրաբյանը։

«Իշխանությունը շահագրգռված չէ, քաղաքական կամք չունի, որպեսզի բացահայտվի Մարտի 1-ը»,- սա էլ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի համոզմունքն էր.- «Որովհետև ի վերջ Մարտի 1-ը ունի մեղավորներ, կազմակերպիչներ, հրահրողներ, և բնականաբար, Մարտի 1-ը հետևանք էր նախագահական ընտրությունների, իսկ ցանկացած համապետական ընտրությունների պատասխանատուն օրվա իշխանությունն է»։
XS
SM
MD
LG