Մատչելիության հղումներ

Տուժող ոստիկանը չներկայացավ Կիվիրյանի գործով դատին


Արգիշտի Կիվիրյան
Արգիշտի Կիվիրյան
Արգիշտի Կիվիրյանի գործով տուժող ճանաչված ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը երեքշաբթի դատարան ներկայանալու և ցուցմունք տալու փոխարեն ուղարկել էր գրություն, թե հիվանդ է:

Դասակի տուժող հրամանատարը դատարանին չէր ներկայացրել որևէ տեղեկանք հիվանդության վերաբերյալ: Վրթանեսյանի ցուցմունքը ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը չընդունող Կիվիրյանի գործով առանցքային նշանակություն ունի:

Ամիսներ առաջ գլխավոր դատախազությունը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ 2013 թվականի օգոստոսի 24-ի դեպքերի վերաբերյալ զեկուցագիր է ներկայացրել, ապա բացատրություն տվել Պարեկապահակային ծառայության դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը՝ նշելով, որ Երևանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթևեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս «հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք»։

Ավելի ուշ Կիվիրյանին է հասել ոստիկանական շրջանակների տեղեկատվական արտահոսքը, թե, ինքը «խփել, կծել, հայհոյել է» այդ ոստիկանին։

Ամեն դեպքում տուժող ոստիկանը Կիվիրյանին առաջադրված մեղադրանքի հիմքերը պետք է ներկայացներ այսօր, որից հետո, ըստ նախորդ նիստին սահմանված կարգի, պետք է նաև ցուցմունք տար երկու վկա ոստիկան։ Պաշտպանական կողմն այս մարտավարությունն է նախընտրել՝ նկատի ունենալով տուժող ոստիկանի և նրա երկու վկա գործընկերների ցուցմունքների անհրաժեշտ հաջորդականությունը մեկ դատական նիստի ժամանակ:

Կիվիրյանն ու նրա փաստաբաններն այսօր իրենց պնդումներով կասկածի տակ էին դնում տուժող ոստիկանի՝ դատարան չներկայանալու պատճառաբանությունը՝ նշելով, որ ոստիկանությունն այդպիսով խուսափում է դատարանում պնդումներ ներկայացնելուց: Արգիշտի Կիվիրյանը ասաց, որ ոստիկանությունը դեռ չի կողմնորոշվել, թե «ինչպես պետք է դրսևորվի դատարանում»:

«Բերում են մի թուղթ, որ ինքը վատառողջ է՝ առանց որևէ կից տեղեկանքի, թե ինչ հիվանդ է։ Եվ իրենք հիմա մտածում են, թե ոնց խուսափեն իրար հետ հարցաքննվելու իրավիճակից։ Որովհետև ակնհայտ է, որ իրար հետ հարցաքննվելու ժամանակ չեն հասցնի պայմանավորվել, թե ինչ պատասխաններ տան։ Նախաքննության ժամանակ երեքն էլ տվել են հակասական ցուցմունքներ»,- ասաց Կիվիրյանը։

Դատավորը որոշեց հաջորդ նիստը նշանակվեց մարտի 4-ին:
XS
SM
MD
LG