Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը հրաժարվեց «դդումի գործով» հայցից


Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյան

Հրապարակախոս Արգիշտի Կիվիրյան

Ոստիկանությունը հրաժարվել է հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի դեմ վարչական դատարան ներկայացրած իր իսկ հայցադիմումից:

Ոստիկանությունը 2013 թվականի հոկտեմբերի 31-ին Կիվիրյանին բաժին տանելուց, ապա վարչական իրավախախտման արձանագրություն կազմելուց հետո դիմել էր դատարան` պահանջելով հրապարակախոսին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»:

Ոստիկանության գրությունն այսօր հրապարակեց դատավոր Ռոբերտ Սարգսյանը: Պատճառների մասին դատավորը ոչինչ չհայտնեց:

Ինքը` Կիվիրյանը, ոստիկանության քայլը այսպես է բացատրում. - «Ոչ միայն վերածվելու էին ծաղրուծանակի, այլ նաև բացահայտվելու էր իրենց ապօրինիությունների ողջ շղթան»:

Ոստիկանությունը հայցադիմումի մեջ նշել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 20:15-ին, չորս դիմակավորված անձ, այդ թվում՝ Արգիշտի Կիվիրյանը, Բաղրամյան 26 հասցեում փորձել են որպես նվեր դդում հանձնել Հայաստանի նախագահին: Ոստիկանները, ըստ հայցադիմումի, հայտնել են, որ «իրավասու չեն որևէ բան նախագահին փոխանցել` խնդրելով մոտենալ աշխատանքային ժամերին և դիմել իրավասու պաշտոնատար անձանց»:

Ակցիայի մասնակիցներից Անի Կաղինյանը դդումի խորհուրդն այսպես մեկնաբանեց. - «Որոշել էինք, որ Սերժ Սարգսյանին «Հելոուինի» նման սարքած դդում ենք նվիրելու, քանի որ դա կրակոտ դդումի տոնն էր: Քանի որ մեր նախագահն էլ կրակոտ տղամարդ է` իր համակուրսեցիներից մեկն էր ասել, մենք որոշեցինք այդ ձևով շնորհավորել նրա տոնը»:

«Արդյունքում իրենք մեծ ուրախությամբ վերցրեցին այդ դդումը», - պատմում է Կիվիրյանը, - «Չնայած մենք տեղյակ չենք` իրենք արդյո՞ք պատշաճ ձևով հանձնեցին դա Սերժ Սարգսյանին, թե չհանձնեցին»:

Այդ օրը դդումը ոստիկաններին հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները երգելով հեռացել էին, սակայն նախագահի նստավայրից քիչ հեռու ոստիկանները բերման էին ենթարկել չորս քաղաքացու:

Ոստիկանության հայցի մեջ նշված է եղել, թե Արգիշտի Կիվիրյանը չի կատարել ոստիկանների պահանջները՝ «հանել դիմակները, հեռանալ Հայաստանի նախագահի նստավայրի դարպասների մոտից»: Արգիշտի Կիվիրյանն ասաց՝ ոստիկանները նման պահանջ չեն ներկայացրել` «ընդամենը հայտարարել են, որ աշխատանքային ժամն ավարտվել է»:

Հիմա արդեն Արգիշտի Կիվիրյանն է պատրաստվում հայց ներկայացնել ոստիկանության դեմ՝ իրեն ավելի քան 3 ժամ ոստիկանությունում պահելու համար:
XS
SM
MD
LG