Մատչելիության հղումներ

logo-print

Կիվիրյանի դատավարության մեկնարկը՝ դատավորի «անհստակ» որոշումներով


Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն այսօր սկսվեց դատավոր Արթուր Մկրտչյանի կայացրած որոշումների աղմկահարույց բացահայտումներով:

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Այս գործի դատաքննության հենց սկզբում Կիվիրյանը և նրա հինգ փաստաբանները, այդ թվում՝ Փաստաբանների պալատի ներկայիս և նախկին նախագահներ Արա Զոհրաբյանը և Ռուբեն Սահակյանը, բացարկ ներկայացրեցին դատավոր Արթուր Մկրտչյանին: Անցած տարվա նոյեմբերի 7-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ Լևոն Մելքոնյանը Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: Ավելի ուշ դատախազի ցուցումով խափանման միջոցը վերացվել է, սակայն այս տարվա փետրվարի 1-ին դատավորը որոշել է Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, թողնել անփոփոխ:

Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը զարմացած էր. - «Գոնե թե այդ որոշումները պետք է տեսած լինեին, որ խափանման միջոցը վերացված է»:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը գնահատեց դատավորի նման որոշման շարժառիթը. - «Սա ընդամենը կախվածություն է այն մարմնից, որը քննել է գործը: Ներքին` հոգեբանական կախվածություն է»:

Փետրվարի 10-ին դատավորը կայացրել է «անհստակությունները վերացնելու մասին որոշում»՝ ըստ էության փորձելով սրբագրել իր նախորդ որոշումը: Փաստաբանները այսօր հայտարարում էին, թե փետրվարի 10֊ի որոշմամբ դատավորը թույլ է տվել «անհստակությունն անհստակության հետևից»: Իսկ մեղադրող Արթուր Երիցյանը հանդես եկավ այս գնահատականով. - «Դատավորն իրոք սխալ որոշում է կայացրել և անմիջապես նկատել է դա: Պետք է ուղղել միայն 430 հոդվածի մասով` անհստակությունը վերացնել»:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձեց, թե կասկած ունի, որ սխալը նկատել է մեղադրողը, դատավորն էլ փորձել է այն ուղղել՝ ավելի անհեթեթ իրավիճակ ստեղծելով. - «Ես պիտի շնորհակալություն հայտնեմ մեղադրողին, որ մեղադրողը, այս որոշումը կարդալուց հետո, ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ հուշել է դատարանին, որ այստեղ դուք այսպիսի սխալ եք թույլ տվել»:

Մինչ դատավորը խորհրդակցական սենյակում էր և հանրավորություն ուներ հրաժարվել այս գործը քննելուց, նիստին հետևողներն ամփոփում էին տպավորությունները դատավորի գործողությունների վերաբերյալ. - «Ճիշտն ասած ինքը ընկավ շատ անհարմար վիճակի մեջ, իր գույնը անընդհատ փոխվում էր: Սկզբից կարմիր էր, հետո կապտեց, հետո ինչ-որ մի պահ սպիտակեց: Այսինքն ակնհայտ ձևով ինքը հասկանում էր, որ սխալ է գործել»:

Խորհրդակցական սենյակում ավելի քան մեկուկես ժամ անցկացնելուց հետո դատավորը մերժեց բացարկը: Փաստաբանները կրկին ներկայացրին ինքնաբացարկի միջնորդություն՝ ավելացնելով նոր հիմքեր: Մասնավորապես, ստանալով դատավորի հստակեցման որոշման արձանագրությունը, վկայակոչեցին օրենքի խախտումների երկրորդ փունջը, նշելով, որ դատավորը նիստ պետք է անցկացներ` պահպանելով օրենքը և ապահովելով նիստի ձայնագրառումը:

Ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը ևս մերժվեց: Ապա մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ մեղադրականի, Արգիշտի Կիվիրյանը օգոստոսի 24-ին Կոմիտաս 5ա հասցեում խախտել է հասարակական կարգը, բերման ենթարկելիս բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, մեղադրողը պնդեց՝ կծելով ոստիկանին. - «Ճանապարհին Արգիշտի Կիվիրյանը շարունակել է իր ապօրինի վարքագիծը, դիմադրել, և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իրեն բերման ենթարկող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Վահան Վրթանեսյանի նկատմամբ, բռունցքով հարվածել է նրա թևին, ապա կծել, պատճառելով առողջությունը չքայքայող մարմնական վնասվածքներ»:

Ապա դատավորը հարցեր ուղղեց Կիվիրյանին. - «Առաջադրված մեղադրանքի էությունը ձեզ պա՞րզ է»:

«Պարզ չէ, որովհետև ավելի շուտ կարելի է հավատալ Գյուլնազ տատի հեքիաթներից որևէ մեկին», - արձագանքեց Կիվիրյանը: Դատավորի հարցին` իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Կիվիրյանը պատասխանեց` իհարկե չեմ ճանաչում:

Դատավարությանը հետևում էին նաև մարդիկ, որոնք օգոստոսի 24-ին տեսել են, թե ինչ էր անում Արգիշտի Կիվիրյանը:

«Նախ ինքը արդեն` ձևակերպումը` ոստիկանի նկատմամբ բռնությունը, այն էլ Կոմիտաս 5-ում, դա արդեն ծիծաղելի է, որովհետև կար մի 30-40 հոգի երիտասարդ, ընդ որում մայթերին արդեն կանգնած, և կային 2-3 հարյուր հոգի ոստիկան: Այդտեղ ոչ մեկը ոստիկանի նկատմամբ բռնություն չէր կարող կատարել», - մեկնաբանեց մեր զրուցակիցներից մեկը:

Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 25-ին, պետք է ցուցմունք տա տուժող ոստիկանը:
XS
SM
MD
LG