Մատչելիության հղումներ

Բագրատյանը համաձայն է զբաղվել «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի վաճառքով


Նախկին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակավ հայտարարել է, թե երկրի նախագահից լիազորագիր ստանալու դեպքում «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառելու գործընթաց կսկսի:

Շաբաթ օրը՝ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 10-րդ համագումարի ժամանակ, պատասխանելով գործարքը վատաբանողներին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր․ - «Եթե մեկը գտնվի, որ այդ 20 տոկոսի համար տա 100 մլն ԱՄՆ դոլար, ես պատրաստ եմ բանակցել ռուսական կողմի հետ, ետ վերցնել և այդ 100 միլիոնով տալ այն մարդուն, ով կուզեր այդ 20 տոկոսը: «Ասում են՝ ինչո՞ւ մրցույթ չեք անցկացրել, ինչո՞ւ, չգիտեմ, ուրիշներին չեք հարցրել: Ես իրավունք չունեմ հրապարակավ ասելու, բայց ցանկությունս այնքան մեծ է ասելու, որ ասելու եմ՝ բա որ մրցույթ անցկացնեինք, այդ 20 տոկոսն արժենար 30 մլն, մենք ո՞նց էինք «սաղացնելու» 150 միլիոնով այդ 20 տոկոսը»:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, հիշեցնենք, գազային համաձայնագիրը, որով «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին փոխանցվեց 2011-ից կուտակած 300 մլն դոլար պարտքի դիմաց, «վասալային» էին որակում՝ պնդելով, թե բաժնետոմսերն անհամեմատ թանկ գնով կարելի էր վաճառել:

Պարտքի կեսը ռուսական կողմը ներել էր, այսինքն՝ կառավարության բաժնեմասը փաստացի գնահատվել էր 150 մլն: Ու թեև Հրանտ Բագրատյանը ոչ իշխանական ուժերի հայտարարությունն ապացուցելու համար բաժնետոմսերով զբաղվելու պատրաստակամություն հայտնել է, նախագահական նստավայրը լռում է:

ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի մեկ այլ պնդում ևս արժանացել է ընդդիմադիրների քննադատությանը: Նա ասել էր, թե քննարկումների ժամանակ ոչ ոք կասկածի տակ չի դրել Ռուսաստանից ստացվող գազի գնի շահեկան լինելը․ - «Որևէ մեկը, որ այդ տարբեր հարթակներում խոսում է Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ և ավելի էժան ու ավելի լավ պայմաններով գազ բերել՝ խնդրեմ, թող գնա անի, թող բերի: Ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ, կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջն անվավեր կհամարեն: Բայց կա՞ այդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ»:

Գազային համաձայնագրերի քննարկումների ժամանակ խորհրդարանական ոչ իշխանական ուժերը, ինչպես «Ազատության» հետ զրույցում պնդեցին այդ ուժերի ներկայացուցիչները, բազմաթիվ օրինակներով փորձել են դա անել՝ հիշեցնելով ամեն օր մի նոր ուսումնասիրության ԱԺ ամբիոն բարձրացող Արամ Մանուկյանին (ՀԱԿ):

«Սերժ Սարգսյանն իր խոսքով ապացուցեց, որ իշխանությունը շատ անլուրջ է իր կեցվածքով, քանի որ Ռուսաստանը մեզ ամենաէժան գազը չի վաճառում», - հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: - «Պարզ, էլեմենտար անճշտություններ է ասում: Կարող եմ ասել նույնիսկ՝ սուտ է խոսում: Ամենաէժան գազը մեզ չի վաճառում: Եթե այդպես ենք մոտենում, մենք էլ ուրեմն այդ ձևով խոսենք իրենց հետ: Ամենաէժան գազը վաճառվում է Բելառուսին՝ 166 դոլարով: Բայց ինձ և ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի, թե գազը սահմանի վրա ինչքան եք գնում: Ինձ և ձեզ համար նշանակություն ունի, թե մենք մեր գազօջախը կամ սալօջախը վառելիս ինչքան ենք վճարում: Մեզ բերում հավասարեցնում եք եվրոպական երկրներին, բայց եկամուտները թողնում եք․․․ ամենաաղքատագույն երկրներից մեկն ենք համարվում մենք»:

Խաչատրյանը վտանգավոր է համարում, որ իշխանությունը քննադատություն չի ընդունում, չի սիրում չարածի մասին հիշեցումներ լսել: Բայց չդիմանալով՝ ասում է իշխանություններին․ - «Եթե ձեր բոլոր խոստումները կատարած լինեիք, պետք է Նյու Վասյուկիում ապրեինք՝ ամեն մեկս երկու տնով, մեքենայով, բարձր աշխատավարձով»:

«Ինքը՝ իշխանությունը վտանգ է դառնում պետության համար, պետականության համար, որովհետև եթե իրենց թվում է, որ մի ծրագիր են իրականացնում, որը կոչվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, և որին դեմ են 80 տոկոսը, ու դա պիտի պարտադրեն, ես հասկանում եմ, որ դա նշանակում է բռնատիրության հոտ», - ասաց նա՝ հավելելով, որ միակ ելքը կազմակերպվելն է․ - «Մեզ մոտ հստակ գծեր են գծվում, տարանջատվում, պատնեշներ են կառուցվում․․․ Այսինքն, մենք էլ ասենք՝ գիտեք ինչ կա, թշնամի եք ու վերջ: Ու գնում ենք: Այդպես էլ կանենք»:
XS
SM
MD
LG