Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան․ «Ամեն ինչ լավ է լինելու»


Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Երկրապահ կամավորականների միության համագումարում, Երևան, 15-ը փետրվարի, 2014թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Երկրապահ կամավորականների միության համագումարում, Երևան, 15-ը փետրվարի, 2014թ․

Նախագահը Երկրապահ կամավորականների միության համագումարում խոսեց երկրի տնտեսությունից, պարտադիր կուտակայինից, գազային պայմանագրերից, արտագաղթից, ազատամարտիկների բողոքի ցույցերից:

Այս տարի տնտեսական աճի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ քիչ է լինելու: Այսօր պատասխանելով երկրապահների հարցերին՝ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ սպասվում է մոտավորապես 3.5 տոկոս տնտեսական աճ, ինչը այլ երկրների համեմատ լավ է, իսկ Հայաստանի համար բավարար չէ։

Սարգսյանի խոսքով՝ վերջին 6 տարիներին Հայաստանի տնտեսությունը ունեցել է կայուն աճ, իսկ միջին աշխատավարձի աճը նույն ժամանակահատվածում ավելին է եղել, քան միջին տարեկան գնաճը։

Նախագահը խոստովանեց, որ վերջին տարիներին ներդրումները երկրում քչացել են, բայց դա, ըստ նրա, ժամանակավոր է, իսկ այն խոսակցությունները, թե երկրի տնտեսությունը վատ վիճակում է, սխալ են, պատճառը՝ «ընկալման խնդիր է»։

«Մեր տնտեսությունը առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու համար», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հաջորդ հարցը, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 10-րդ համագումարի մասնակիցների կողմից ուղղվեց նախագահին, վերաբերում էր նոր կենսաթոշակային համակարգին և դրա շուրջ բարձրացված աղմուկին․ այս հարցը, ի դեպ, նրան տվեց ԵԿՄ-ի վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը։

Սարգսյանը ասաց, որ, իհարկե, այս պահին 5 տոկոսը պահելով նեղություն են տալիս մարդկանց, բայց սա ապագայամետ ծրագիր է, որը երկար են քննարկել և գիտակցաբար են գնացել այդ քայլին։

Նախագահը շեշտեց, որ այս հարցում իր ամբողջական սատարումն է հայտնում կառավարությանը, իսկ ինչ վերաբերում է բարձրացված բողոքի ալիքին, ապա, նրա խոսքով, ինչպես ամեն ծավալուն փաստաթղթում՝ այստեղ էլ կարող են լինել խնդիրներ, բայց ոչ ոք չի կարող իդեալական փաստաթուղթ կազմել։ Նա ասաց, որ վստահ է՝ ինչ փոփոխության էլ այն ենթարկվի, համակարգի իմաստը չի փոխվելու, քանի որ դա անհրաժեշտություն է։

«Ես գիտեմ, որ այսօր հանրապետության բնակչության 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից: Մենք հո, ներողություն բառիս համար, երկրապահական լեզվով ասեմ՝ մենք հո ախմախ չե՞նք, որ էդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք՝ մենք քաղաքական ռեսուրս ենք չէ՞ ծախսում, մարդիկ մեզնից դժգոհում են: Մենք էդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, որևէ ռեսուրս ձեռք չենք բերում՝ ռեսուրս ենք մաշում 20 տարվա հետոյի համար, մեր երեխաների համար», - հայտարարեց Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ այն գումարները, որոնք կհավաքագրվեն ֆոնդերում, հետագայում կուղղվեն երկրի տնտեսություն, իսկ ցածր տոկոսադրույքներով գումարներ Հայաստանի տնտեսությանը անհրաժեշտ են։

Սերժ Սարգսյանին ուղղված հաջորդ հարցը վերաբերում էր գազային պայմանագրերին: Նա միանգամից շեշտեց, թե այդ պայմանագրերը այնքան հաջողված են, որ որոշ ընդդիմադիրներ այդ պատճառով նախանձից և կատաղությունից փորձում են դրանք որպես վատ և ոչ ձեռնտու պայմանագրեր ներկայացնել։

Նախագահի խոսքով՝ հատկապես մեծ հաջողություն է Հայաստանին վաճառվող գազի գինը, որը նույնն է, ինչ Ռուսաստանում։

Ինչ վերաբերում է գազի գնի ավելի վաղ բարձրացմանը և 300 միլիոն դոլար կուտակված պարտքին, ապա նա ասաց, թե երբեք չի հերքել, որ գինը բարձրացել է, այլ ասել է, որ սպառողների համար այն չի թանկանա։

Ռուսական կողմը, նրա խոսքով, պահանջեց միայն 300 միլիոն դոլարի կեսը, ինչի փոխարեն «Գազպրոմ»-ին փոխանցվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի վերջին 20 տոկոսը: Սա, նախագահի կարծիքով, հաջողված գործարք էր, քանի որ շուկայական գներից էականորեն թանկ են վաճառել բաժնեմասը: Միևնույն է, այդ 20 տոկոսը մեզ համար ոչ մի էական նշանակություն չուներ, հավելեց Սարգսյանը:

«Որևէ մեկը՝ էդ որ տարբեր հարթակներում խոսում են՝ Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, եթե կարող է գնալ բանակցել ռուսական կողմի հետ և ավելի էժան, ավելի լավ պայմաններով գազ բերել, խնդրեմ՝ թող գնա անի, թող բերի՝ ես մեկ օրում կնքված պայմանագիրը չեղյալ կհայտարարեմ: Կխնդրեմ Ազգային ժողովի իմ կուսակիցներին, իմ ընկերներին՝ միանգամից այդ ամբողջը անվավեր կհամարեն: Բայց կա՞ էդպիսի մեկը, թե՞ ուղղակի խոսողներն են շատ: Խոսելը հեշտ է, էնքան հեշտ է», - ասաց նա:

Սերժ Սարգսյանը խոսեց նաև արտագաղթից՝ ասելով, որ այն երկրի ամենացավոտ խնդիրներից է, իրեն շատ է մտահոգում, և որ ինքը չի ընդունում այս հարցով քաղաքական շահարկումները։

Նախագահի խոսքով՝ վերջին տարում երկրից արտագաղթել է մոտավորապես 31 հազար մարդ, ինչը շատ մեծ թիվ չէ, և իրենք աշխատանքներ են տանում այն ուղղությամբ, որ ոչ միայն կանգնեցնեն արտագաղթը, այլև խթանեն ներգաղթը։

Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձավ նաև ազատամարտիկների կողմից կազմակերպվող հանրահավաքներին և նախագահի հրաժարականի պահանջներին՝ մասնավորապես, ասելով․ - «Ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե «մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու»: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել»:

Ավարտելով իր խոսքը՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց այն հարցին, թե ինչ է լինելու երկրում հատկապես տնտեսական առումով առաջիկա տարիներին: Մի քանի փաստեր բերելով՝ նախագահը ասաց, թե ամեն ինչ լավ է լինելու։

«Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»


Համագումարի վերջում Մանվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին այցելության համար և պարգևատրեց՝ յուրօրինակ ձևով դիմելով․ - «Էն, ինչ որ 25 տարի զենքով միասին սկսել ենք, էսօր ուզում եմ մեր վարչության կողմից հպարտությամբ, զենքը գրիչ վերածած վարչության կողմից հուշանվեր փոխանցել Ձեզ և շնորհակալություն հայտնել և ասել․ - «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»:

«Շատ շնորհակալ եմ: Ինչպես ասում են՝ առանց զենքի չկա փրկություն», - պատասխանեց Հայաստանի նախագահը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG