Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը մերժեց գազային հանձնաժողով ստեղծելու առաջարկը


Իշխանական կոալիցիան մերժեց գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը:

«Սա հնարավորություն է և՛ ՀՀ կառավարությունը, և՛ բոլոր պատասխանատու մարմիններին ցույց տալ, որ պետք է պետականության նկատմամբ վերաբերվել պատշաճ ձևով: Եվ ես կոչ եմ անում սա նկատի ունենալ», - քվեարկությունից առաջ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, բայց նրա կոչին ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիր»-ը չարձագանքեցին:

«Երկու օր շարունակ հիմնականում զազրախոսություն, հանցանքի մեջ մեղադրանքներ: Առավել ևս` հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք ինչ ենք անում, մենք մեր պատասխանատվության տերն ենք: Այն բոլոր խնդիրները, որ հասարակության մեջ կառաջանան, մենք պարտավոր ենք և կպատասխանենք», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Քվեարկությունն անցկացվեց, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակեց արդյունքը․ - «Կողմ` 44, դեմ` 58, ձեռնպահ`3: Որոշումը չի ընդունվել»:

Նախաձեռնության հեղինակները հայտարարեցին, որ Հանրապետականն իր քվեարկությամբ ապացուցեց, որ թաքցնում է հանցավոր գործարք:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն, ուզում էին առաջարկվող հանձնաժողովի միջոցով ստանալ մի քանի հարցերի պատասխանները. ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլար պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչո՞ւ Հայաստանի սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչությանը 380-ով հասնում, ինչո՞ւ կառավարությունը երաշխավորեց, որ մինչև 2044 թվականը ռուսական գազ է գնելու միայն «Գազպրոմ»-ից:

Խորհրդարանական քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, թե խախտվել է Սահմանադրությունը․ 2011-ից կառավարությունը պարտք է կուտակել՝ որևէ տեղ այն չարտացոլելով, անգամ պետական բյուջեի նախագծերում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց. - «Հիմնական հարցադրումները, թե ինչպես են գոյացել 300 մլն դոլարի պարտքը և ինչպես է գոյացել սակագինը 380 դոլարին համարժեք դրամով, պատասխան չստացան: Դեմ քվեարկելով այս նախագծին` մենք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատասխանատվություն ենք վերցնում թաքցնել այս մութ գործարքը»:

Ոչ իշխանական պատգամավորների՝ գազային համաձայնագրերին վերաբերող բազմաթիվ հարցեր երեկ խորհրդարանականներն անպատասխան թողեցին՝ հայտարարելով, թե Ազգային ժողով է գալու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, և նրան է պետք ուղղել այդ հարցերը:

Արամ Մանուկյանը (ՀԱԿ) այսօր փորձեց օգտվել այդ խորհրդից, բայց պատասխան չստացավ:

«Տվեք այնպիսի հարց, որ գոնե երկխոսենք այստեղ: Ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Դա մեր գործառույթներից դուրս է», - ասաց Նազարյանը:

Մանուկյանն արձագանքեց․ - «Ես հիմա իրենց ապացուցեցի, որ այս հարցերի պատասխանը Ձեր լիազորության սահմաններից դուրս է: Եվ այս հարցերի պատասխանը հանձնաժողով ստեղծելու մեջ է»:

Ի պատասխան Հրանտ Բագրատյանի հարցի՝ Նազարյանը միայն ասաց, այն էլ իրեն ապահովագրելով, թե, իր ունեցած տեղեկություններով, Հայաստանն այս պահին գազի նոր պարտք չի կուտակում:

Թեև խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնությունը տապալվեց, քվեարկության արդյունքները, այդուհանդերձ, չբավարարեցին Գալուստ Սահակյանին․ վաղ առավոտից միայն այդ քվեարկության համար խորհրդարան եկած հանրապետական պատգամավորներից ոմանք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը, ոմանք էլ ձեռնպահ մնացին՝ չնայած դեմ քվեարկելու խմբակցության հստակ որոշմանը:

Նշենք, որ գրանցվել, բայց քվեարկության չեմ մասնակցել ՀՀԿ խմբակցության անդամներ Շուշան Պետրոսյանը, Մանվել Բադեյանը, Մհեր Սեդրակյանը, Սպարտակ Մելիքյանը: Ձեռնպահ են քվեարկել Գարեգին Նուշիկյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արթուր Գևորգյանը:

Չնայած հերթական նախաձեռնության տապալմանը` խորհրդանական ոչ իշխանական ուժերը «Ազատության» հետ զրույցներում ասում էին, որ շարունակելու են խորհրդարանում բարձրացնել հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերը:

Ոչ իշխանական ուժերը, հիշեցնենք, պարբերաբար քննարկումներ են անցկացնում, համաձայնեցնում են իրենց քայլերը: Երեկ գազային հանձնաժողովի ստեղծան քննարկումների ժամանակ, սակայն, Ազգային ժողովի ամբիոնից քաղաքական ուժերը իշխանությանը զգուշացրին՝ մի՛ ստիպեք փողոց դուրս գալ:

Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն») կարծում է, որ Ազգային ժողովում իրենց անելիքը սպառված չէ: Նրա խոսքով՝ չի կարելի ժողովրդին ինքնանպատակ քայլերով հիասթափեցնել:

Դիրքորոշումը, թե «հրապարակ դուրս գալն իմաստ ունի մի դեպքում՝ եթե միասին ենք», պաշտպանում են թե՛ Ռուբեն Հակոբյանը, թե՛ Արամ Մանուկյանը: Վերջինս «Ազատությանն» ասաց․ - «Ես կարող եմ միայն իմ մոտեցումը ասել․ ես կարծում եմ, հիմա հանգիստ կարելի է դնել կառավարության հրաժարականի հարցը»:
XS
SM
MD
LG