Մատչելիության հղումներ

logo-print

Առաջընթաց հնարավոր է, երբ «Թուրքիան առաջ շարժվի առանց նախապայմանների»


Ահմեթ Դավութօլուն հեռանում է մամուլի ասուլիսի վայրից, Երևան, 12-ը դեկտեմբերի, 2013

Ահմեթ Դավութօլուն հեռանում է մամուլի ասուլիսի վայրից, Երևան, 12-ը դեկտեմբերի, 2013

Հայ-թուրքական հարաբերությունների հարցում քաղաքական ուժերը հիմնականում համակարծիք են։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանը Թուրքիայի հարցում պետք է կոշտ քաղաքականություն վարի։ Նրա խոսքով՝ հայկական կողմի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային միայն ժամանակ շահելու հնարավորություն տվեց, այժմ նրանք նախաձեռնում են «ֆուտբոլային դիվանագիտություն 2-ը», ինչը Մարտիրոսյանի կարծիքով ընդամենը իմիտացիա է, որով նրանք փորձում են ժամանակ շահել և հաղթահարել ցեղասպանության 100 ամյակի հոգեբանական արգելքը։

«Եթե Թուրքիան ցանկանում է իսկապես բարելավել հարաբերությունները, առանց որևէ նախապայմանի պետք է բացի սահմանը, հաստատի դիվանագիտական հարաբերություններ, և միայն դրանից հետո սկսվեն երկկողմ բանակցություններ մնացած խնդիրների շուրջ։ Հակառակ պարագայում, երբ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով, Հայաստանը ևս պետք է իր պայմանները դնի բանակցային սեղանին՝ ցեղասպանության ճանաչում, հայրենազրկման հետևանքների վերացում»,- ասաց նա։

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Դավութօղլուի այցից պետք չէ ոչինչ ակնկալել. նա շեշտեց, որ սահմանի բացման մասին ոչ մի խոսք չի եղել, իսկ այցելությունը ընդամենը հարաբերությունները կարգավորելու ցանկության իմիտացիա էր։

Իշխող Հանրապետական կուսակցություն նույնպես կարծում են, որ նախապայմանները այս հարցում անընդունելի են։ Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան կատարած այցից հետո հայ-թուրքական հարաբերություններում որևէ փոփոխություն պետք չէ ակնկալել։

«Քանի դեռ պաշտոնական Անկարան պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերությունների, պատրաստ չէ վավերացնել այն պրոտոկոլները, որոնք նա ստորագրել է 2009 թվականին Ցյուրիխում, և քանի դեռ մինչև Հայաստան այցելելը պաշտոնական Անկարան այլ հայտարարություններով է հանդես գալիս, կարծում եմ՝ ամեն ինչ իրենց ձեռքերում է։ Երբ նրանք ասում են, որ իրենք պատրաստ են շատ ջանք թափել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի, կարծում եմ՝ շատ ջանք թափել անհրաժեշտ չէ, անհրաժեշտ է անել էլեմենտար մի քանի քայլ»,- ասաց Շարմազանովը։

Իշխող Հանրապետականի խոսնակը նաև հայտարարեց, որ խաղաղության մասին կոչեր անելու փոխարեն ճիշտ կլիներ, որ թուրք գործընկերները անեին այն քայլերը, ինչը նրանցից սպասում է Հայաստանը և միջագային հանրությունը։ Շարմազանովը շեշտեց, որ նախապայմանները ընդունելի չեն ոչ միայն Հայաստանի այլև միջնորդ երկրների համար։ Նրա խոսքով՝ հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ թուրքիայում գիտակցեն, որ պետք է առաջ շարժվել առանց նախապայմանների։

Հայ հեղափոխական դաշնակցությունում նույնպես վստահ են, որ Թուրքիայի արտգործնախարարի այցը ոչինչ չի փոխի երկու երկրների հարաբերություններում։ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի խոսքով՝ սա ընդամենը ցուցադրական այց էր, և ապագայում նման քայլերով խաբկանք ստեղծելու փորձերը կշարունակվեն։

«2015-ին ընդառաջ իրենք ուզում են ստեղծել խաբկանք, որ ինչ-որ գործընթաց կա Հայաստանի հետ հարցերը կարգավորելու, որպեսզի ցեղասպանության 100-ամյան Թուրքիայի վրա ճնշումը հնարավորինս նվազի»,- ասաց Մանոյանը։

Հենց այս նպատակները ձախողելու համար էլ, ըստ Մանոյանի, երեկվա բողոքի ցույցի նպատակը լրատվամիջոցների միջոցով աշխարհին տեղեկացնելն էր, որ Թուրքիան պետք է վերացնի շրջափակումը, ընդունի իր պատմությունը և դադարեցնի տարածքների բռնագրավումը։ Մանոյանը ասաց, որ հասկանում են Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալու կարևորությունը, բայց հայ-թուրքական արձանագրությունների միջոցով դրանց հաստատումը անընդունելի է։

«Պետք է սեղանի վրա դնել շատ կարճ, պարզ, երեք պարբերությամբ մեկ նախագիծ, որտեղ ասվում է, որ երկու պետությունները որոշել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, որոշել ցամաքային հաղորդակցության միջոցները ակտիվացնել, այսինքն՝ Թուրքիան հանի շրջափակումը, և երրորդ՝ երկու պետությունները որոշել են իրենց միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղորեն, միջազգային իրավունքի և պրակտիկայի համաձայն։ Սա հարաբերություններ ստեղծելու համար, բայց որպեսզի հարաբերությունները բարիդրացիական լինեն, Թուրքիան պետք է ի վերջո ճանաչի ցեղասպանությունը»,- ասաց Մանոյանը։

Մանոյանը վստահ է, որ Թուրքիան ձախողվել է արտաքին քաղաքականության հարցում և այս քայլերով ընդամենը փորձում է հաջողություն գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում։
XS
SM
MD
LG