Մատչելիության հղումներ

Դավութօղլուն հերքել է տարածքների վերադարձի դիմաց սահմանը բացելու առաջարկի մասին լուրերը


Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Երևանում, 12-ը դեկտեմբերի, 2013թ., լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը Երևանում, 12-ը դեկտեմբերի, 2013թ., լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Ստամբուլի «Ժամանակ» հայալեզու թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ով մասնակցել է այսօր թուրք լրագրողների համար Ահմեթ Դավութօղլուի` Երևանում հրավիրած ասուլիսին, արտգործնախարարը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Թուրքիան առաջարկել է գրավյալ երկու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց բացել Հայաստանի հետ սահմանը:

«Պարոն Դավութօղլուն ասաց, որ թուրքական մամուլում հայտնվել են այդպիսի տվյալներ և դրանց արձագանքելով` հայկական մամուլն էլ այդ մասին գրել է, բայց բացարձակապես հերքեց այդ բոլորը: Ասաց, որ Թուրքիայի կողմից պաշտոնապես նման բան չի ասվել: Ասաց, որ դրանք սպեկուլյացիաներ են, ավելի մեկնաբանական բնույթ կրող պնդումներ», - ասաց Գոչունյանը:

Արա Գոչունյանը «Ազատության» երևանյան խմբագրությունում:

Արա Գոչունյանը «Ազատության» երևանյան խմբագրությունում:

«Պարոն Դավութօղլուն նշեց, որ պարոն Նալբանդյանի հետ ջերմ հանդիպում են ունեցել, պարզ է, որ կողմերի դիրքորոշումների մեջ առկա են տարբերություններ, սակայն, այդ տարբերությունները հասկանալով հանդերձ, թուրքական կողմը համոզված է, որ ավելի հաճախ պետք է հանդիպել և դա կարող է դրական հեռանկարներ ընձեռել: Անկարայի ցանկությունը այն է, որ Երևանի հետ էլ ամենալավ մակարդակի վրա գտնվեն հարաբերությունները», - ասուլիսից մանրամասներ փոխանցեց Գոչունյանը: - «Ասաց, որ Թուրքիան ունի Կովկասի վերաբերյալ իր տեսլականը, և այդ շրջանակներում Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի միջև լայն համագործակցություն կա, և թուրքական կողմը ցանկություն ունի, որ Հայաստանն էլ այդ ամբողջի մասնակիցը դառնա, տարածաշրջանը վերածվի խաղաղության և կայունության գոտու»:

Հանդիպման բովանդակության մասին, ըստ Գոչունյանի, Դավութօղլուն ընդամենը նշել է, որ առաջին հերթին քննարկվել են երկկողմ հարաբերությունները. - «Բայց թուրքական կողմը նաև հայկական կողմի հետ կիսել է Կովկասի վերաբերյալ իր տեսլականի շուրջ»:

Գոչունյանի խոսքով` թուրքական կողմին գոհունակություն է պատճառում, որ երկխոսությունը հայկական կողմի հետ շարունակություն ստացավ. - «Բաց, անկեղծ զրույց ընթացավ արտգործնախարարների միջև: Պարզ է, որ միանգամից հնարավոր չէ, որ [բոլոր հարցերը] լուծվեն, բայց նաև առանց հանդիպելու խնդիրները լուծել անհնար է: Երկխոսություն է հարկավոր, որպեսզի խնդիրները լուծվեն: Ասաց նաև, որ այսօրվա հանդիպումով հայ-թուրքական հարաբերությունների առումով, իր ձևակերպմամբ` հոգեբանական մի պատնեշ հաղթահարվեց, և հանդիպումը շատ օգտակար եղավ»:

«Հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման համար անհրաժեշտ է նաև ստեղծել շատ ամուր հոգեբանական հիմք, և այդ հիմքի ձևավորման համար հնարավոր է ամեն տեսակի գաղափար քննարկել», - Ահմեթ Դավութօղլուի խոսքերը փոխանցեց Արա Գոչունյանը:

Հինգշաբթի երեկոյան Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը հաղորդագրություն տարածեց ՍԾՏՀԿ-ի նախարարների խորհրդին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ արտգործնախարարի հանդիպումների վերաբերյալ, որտեղ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման մասին նշված է միայն հետևյալը. - «Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։ Նախարարներն անդրադարձել են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետագա գործունեությանը և ծրագրերին»։
XS
SM
MD
LG