Մատչելիության հղումներ

Փոստանջյանը «պիտի վախենա Հանրապետականի սկզբունքներից»


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջին, ասաց, թե պետք է վախենալ ոչ թե Հանրապետականի բռունցքներից, այլ Հանրապետականի սկզբունքներից:

Փոստանջյանը, հիշեցնենք, երեկ դիմել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով ապահովել իր անվտանգությունը խորհրդարանում և թույլ չտալ, որ իրեն մոտենան իշխող խմբակցության պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Կարեն Ավագյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը:

Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին ուղղած հարցից հետո նշված պատգամավորները Փոստանջյանի հասցեին հայհոյախառն արտահայտություններ էին արել:

Գալուստ Սահակյանը, այդուհանդերձ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ ընդդիմադիր պատգամավորն իրենից վախենալու պատճառ չունի:

«Ինչպե՞ս եք պատկերանում. հանկարծ Գալուստ Սահակյանը պիտի բռունցքներով հարվածներ հասցնի Զարուհի Փոստանջյանին: Կհերոսանա Զարուհին, կանվանարկվի Գալուստ Սահակյանը», - ասաց նա` նշելով, այդուհանդերձ, որ նման ցանկություն «բնականաբար» կա:

ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը հավելեց, որ Փոստանջյանը նախ այն գործիչը չէ, որի նկատմամբ հաշվեհարդար տեսնեն, և իրենք էլ այն ուժը չեն, որ գնան այդ ճանապարհով:

«Ոչ թե պիտի վախենալ Հանրապետական բռունցքներից, որը բացառված է, այլ պիտի վախենալ Հանրապետական սկզբունքներից: Իսկ ինչ վերաբերում է անձնական վախի խնդիրներ[ին], դա, բնականաբար, չի կարող ունենալ, առավել ևս Գալուստ Սահակյանի կողմից, որովհետեւ Գալուստ Սահակյանը վաղուց ճանաչել, ընկերություն է արել իր ամուսնու հոր հետ, ապա շատ մոտիկ հարաբերությունների մեջ է իր ամուսնու հետ», - հայտարարեց նա:

Հարցին, թե իր գործընկերներին կոչ կանի արդյոք ձեռնպահ մնալ հետագա վիրավորանքներից, Սահակյանը պատասխանեց. - «Կոչ անելու որևէ խնդիր չկա, որովհետև արդեն ձեռնպահ են, արդեն որևէ մեկը չի հիշում Զարուհի Փոստանջյանին: Այնպես որ, չեմ կարծում այդտեղ վախի գործոն կա: Այդտեղ ցանկություն կա այդ վախի պրոցեսը օգտագործել, քաղաքական իմիջի խնդիրները լուծել այդ ճանապարհով: Մենք այդ ամեն ինչը հասկանում ենք և թույլատրում ենք. թող ավելի շատ վախենա, բայց ավելի բարձր քաղաքական գործիչ դառնա»:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Առաքել Մովսիսյանը (ՀՀԿ), ով Զարուհի Փոստանջյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լսելով Փոստանջյանի մտավախությունների մասին, կրկին վիրավորական (ոչ հրապարակելի) արտահայտություններ թույլ տվեց կին պատգամավորի հասցեին:

Ինչ վերաբերում է Փոստանջյանին «թուրք» և «դավաճան» անվանած երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանին, ապա նա Հովիկ Աբրահամյանին ուղղված դիմումը փորձեց բացատրել բժշկական տերմիններով. - «Դա բժշկության մեջ համապատասխան տերմին ունի` հետապնդման զառանցանք»:

Հարցին, թե չի զղջում արդյոք Փոստանջյանին տված իր որակումներին համար, Ավագյանն արձագանքեց. - «Ափսոսեմ ինչի՞ համար: Դրանք գնահատականներ են եղել, և ես չեմ լսել, որ Զարուհի Փոստանջյանը դրանից վիրավորված լինի»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG