Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Տվել եմ Հայաստանի 80 տոկոսին հուզող հարցը


Զարուհի Փոստանջյան. «Ես տվել եմ ՀՀ քաղաքացիների 80 տոկոսին հուզող հարց»
please wait

No media source currently available

0:00 0:09:08 0:00
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նիստում կազինոներ այցելելու և ահռելի գումար տանուլ տալու վերաբերյալ մեծ աղմուկ բարձրացրած հարցով դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին, Ստրասբուրգից պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։

«Ազատություն».- Տիկին Փոստանջյան, ինչո՞ւ որոշեցիք հենց կազինոյի մասին հարցը տալ։

Փոստանջյան.- Ընդամենը 30 վայրկյանի ընթացքում ես կարող էի հարցադրում անել, և այդ 30 վայրկյանի ընթացքում ես փորձել եմ անել այն հարցադրումը, որը այսօր հուզում է ՀՀ-ի բնակչության գրեթե 80 տոկոսին։

«Ազատություն».- Այսինքն իսկապես կարծո՞ւմ եք, որ Հայաստանի 80 տոկոսը ցանկանում է իմանալ, թե Սերժ Սարգսյանը խաղում է կազինոներում։

Փոստանջյան.- Հայաստանի 80 տոկոսը գիտի, որ Հայաստանում տիրում է անարդարություն, ընտրությունները կեղծված են, արդեն որերորդ անգամ ՀՀ-ի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը, իրենց քվեն գողացել են, և այսօր գողություն, խարդախություն և կազմակերպված հանցագործություն իրականացնողը Սերժ Սարգսյանն է, և հենց այնպես չէ, որ մենք Սերժ Սարգսյանին հարցնում ենք՝ «դու չներկայանալով որպես հայ ժողովրդի կամքի և իրավունքի լիազորությամբ օժտված անձ, ուղղակի խաղատներում ես անցկացնում քո ժամանակը և վատնում ես միլիոնավոր գումարներ, որոնք պատկանում են հայ ժողովրդին» և հենց այնպես չէր, թե «ո՞վ է Ձեր տեղը այդ գումարը մուծել»։

«Ազատություն».- Տիկին Փոստանջյան, Դուք ստույգ փաստեր ունե՞ք Ձեր պնդումների վերաբերյալ։

Փոստանջյան.- Ես հղում կկատարեմ Սերժ Սարգսյանի ներկայացուցչի կողմից մատնանշված խաղամոլության վերաբերյալ [պնդմանը]։ Դա [նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ] Վիկտոր Դալլաքյանն է, ով ինքը անձամբ այդ մասին հրապարակավ հայտնել է և այսօր էլ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովում։ Փաստերը... եթե մի երկրից այսպիսի հսկայական արտագաղթ է տեղի ունենում, մի երկրում, երբ կան գումարներ, երբ պետական բյուջեի կեսը ուղղակի թալանվում է, և դրա մասին հստակ պաշտոնապես ներկայացված է, և մարդիկ պատժի չեն ենթարկվում, երբ սպանություն կատարող անձը, ով նաև Սերժ Սարգսյանի կողմից նշանակված էր մարզպետ և հենց իր հովանու ներքո է ազատվում պատասխանատվությունից, սա մի արատավոր շղթա է...

«Ազատություն».- Ձեզ բավարարե՞ց նախագահի պատասխանը։

Փոստանջյան.- Այնքանով ես իմ պարտքը կատարեցի, որ նախ հնչեցրի հարցը այդ ամբիոնից, հարցը հնչում էր նաև նրա համար, որպեսզի այլ պատվիրակներ և մեղսակիցներ [լսեին], որովհետև Եվրոպան նույնպես իր մեղսակցություն է ունեցել տվյալ անձի ճանաչելու գործընթացի մեջ՝ որպես ՀՀ նախագահ, և կարող եմ ասել այդ պարզ առևտուրը իրենց համար հեշտ էր իրականացնել հենց խաղամոլի հետ։

«Ազատություն».- Կարո՞ղ ենք ասել, որ Ձեզ ոչ այնքան հարցի պատասխանն էր հետաքրքրում, որքան այն հնչեցնելը։

Փոստանջյան.- Հարցի պատասխանը նույնպես հետաքրքրում էր։ Հոգեբանական տեսանկյունից ես կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանին միլիոնավոր դոլարներից և եվրոներից բացի ոչ մի բան չի հետաքրքրում երջանիկ լինելու համար։ Իսկ ես երջանիկ լինելու համար ունեմ Հայաստան, ունեմ հայրենիք, բայց ես չունեմ ազատ, անկախ, միացյալ հայրենիք։

«Ազատություն».- Բայց նա պատրաստ է այդ 70 միլիոնի կեսը Ձեզ տալ։

Փոստանջյանը.- Ինձ երջանիկ լինելու համար միլիոնավոր եվրոներ պետք չեն, ինչպես ինքն է կարծում։ Նրա համար դա, իհարկե, շատ կարևոր է, և Հայաստանի ամբողջ քաղաքականությունն էլ հենց այդ տիրույթում է գտնվում՝ որքան հնարավոր է շատ հարստահարել ժողովրդին և այդ միլիոնների շնորհիվ բավարարել իրենց պահանջները։

«Ազատություն».- Հանրապետականները բավական սուր քննադատության ենթարկեցին Ձեզ, նույնիսկ առաջարկներ են հնչում ձեզ քարկոծելու, պատժելու հետ կապված։

Փոստանջյան.- Եթե մարդիկ կան, որ սուր քննադատություն ունեն անելու, թող առաջինը քննադատեն այն, որ մենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, ունենալով Հայաստանում հսկայական ծավալի աղքատ մարդիկ, որոնք այսօր քաղցած են, հսկայական ծավալի արտագաղթ, հսկայական ծավալի ստվերային տնտեսություն, թող նրանք այդ մասին մտածեն և դա քարկոծեն։ Եթե ես եմ դրա մեղավորը, թող ինձ քարկոծեն, բայց ես ոչնչից չեմ վախենում, պատրաստ եմ դիմակայելու և շարունակելու պայքարը, որը ինձ համար շատ կարևոր է, որովհետև ես պատրաստ եմ այս պայքարին։ Մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի մեր երեխաները ունենան հայրենիք։

«Ազատություն».- Ճի՞շտ է, որ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է Ձեզ զիջել հարց տալու իր իրավունքը։

Փոստանջյան.- Քանի որ այստեղ ԵԽ-ում Հայաստանի պատվիրակությունը ներկայացված է ութ անդամով, սա ՀՀ ԱԺ-ի մանրակերտն է, և ոչ մեկը ձայնի իրավունքի սեփականության վկայական այստեղ չունի, բոլորս հավասար իրավունքներով օժտված ենք, յուրաքանչյուր պատվիրակ ունի երեք ելույթի իրավունք այս ամբողջ նստաշրջանի ընթացքում, հետևաբար ով ելույթ չի ունենում, այստեղ արդեն համաձայնեցված է, որովհետև հնարավոր չէ, որ չորս պատվիրակ նույն թեմայով ցանկանան ելույթ ունենալ։ Այստեղ պարտավոր են մեկը մյուսին փոխարինել։ Այդ հանգամանքը, որ ինչ-որ մեկը ինձ զիջել է, դա ուղղակի անհեթեթություն է։

«Ազատություն».- Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ցանկանում է Ձեզ հանել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից։

Փոստանջյան.- Նման փորձ արվել է տարիներ առաջ, նա ցանկացել է ինձ պատվիրակության կազմից հանել, և դրա հետևանքով ցանկանում էին ընդհանրապես Հայաստանի պատվիրակության լիազորությունները դադարեցնեին։ Եթե դադարեցման բանակցությունների հիմքում ընկած է եղել այն հանգամանքը, որ ԵԽ-ի յուրաքանչյուր պատվիրակ լիազորված է ներկայանալ, այդ թվում՝ ընդդիմությունը, այսինքն բոլոր խմբակցությունները պետք է ներկայացված լինեն ԵԽ-ում և այստեղ ունենալ ձայնի իրավունք։ Եթե նման ապօրինի ոտնձգություն կլինի որևիցե մեկի կողմից, դա կունենա համահունչ պատասխան։ Մենք պատրաստ ենք, ցանկանո՞ւմ են պատերազմել, ինչպես բազմիցս նշել եմ, թո՛ղ փորձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG