Մատչելիության հղումներ

Փոստանջյանը պահանջում է կալանավորել Խաչիկ Ասրյանին


Փոստանջյանը պահանջում է կալանավորել Խաչիկ Ասրյանին
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Փոստանջյանը պահանջում է կալանավորել Խաչիկ Ասրյանին

Արդեն մի քանի օր է ոստիկանության երկու աշխատակիցներ ապահովում են «Ժառանգություն» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի անվտանգությունը:

Ոստիկանները Փոստանջյանին հետևում են ամենուր՝ աշխատանքի գնալիս, երեխային մանկապարտեզ տանելիս և այլն:

«Առավոտ երբ ես տանից դուրս եմ գալիս, երկու ոստիկան ինձ ուղեկցում է իմ տեղաշարժման ժամանակ։ Ես հիմնականում ոտքով եմ քայլում, ամբողջ ճանապարհին ուղեկցում են, հետո աշխատանքը վերջացնելուց հետո նույն կերպ ուղեկցում են, մինչև ես հասնեմ բնակարան»,- փոխանցեց ընդդիմադիր պատգամավորը։

Զարուհի Փոստանջյանի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունն առաջ եկավ այն բանից հետո, երբ սպորտի և երիտասարդության փոխնախարար, հանրապետական Խաչիկ Ասրյանը հայտարարեց, թե Ստրասբուրգում նախագահին կազինոյի մասին հարց տալու համար Փոստանջյանի պետք է այրել խարույկի վրա։

Մտավախություն ունենալով, որ պաշտոնյայի այս հայտարարությունից հետո ոմանք կարող են իր դեմ տարբեր ոտնձգություններ կատարել, Փոստանջյանը դիմեց ոստիկանապետին ՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը: Եվ այժմ փաստորեն ոստիկաններն ամենուր հետևում են նրան:

«Ոստիկանների ներկայությունը պետք է սթափեցնի բոլոր այն անձանց, ովքեր կցանկանան ոտնձգություն կատարել իմ նկատմամբ»,- ասաց Փոստանջյանը՝ հավելելով, որ ինքը մարտարվեստի է տիրապետում, հետևաբար կարող է ինքն իրեն պաշտպանել։

Չնայած երկու ոստիկանները ամենուր հետևում են Փոստանջյանին, մեկ ոստիկանական մեքենա էլ առանձին հետևում է նրա տեղաշարժին, ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ քանի դեռ սպորտի և երիտասարդության փոխնախարարը մեկուսացված չէ հասարակությունից, սպառնալիքը շարունակում է մնալ: Հետևաբար Փոստանջյանը պահանջում է քրեական գործ հարուցել «Հայոց արծիվների» ղեկավարի դեմ և կալանավորել նրան:

Պատգամավորի փոխանցմամբ՝ թեև Ասրյանի հայտարարությունն էլ բավարար էր քրեական գործ հարուցելու համար, ամեն դեպքում այժմ կա նաև հաղորդում հանցագործության մասին: Մասնավորապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ասրյանի նկատմամբ և նրան ենթարկել պատասխանատվության՝ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն, այն է՝ «սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի համար»։

«Տվյալ դեպքում բոլոր հիմքերը կան, պարտավոր են հարուցել քրեական գործ մեղադրանք առաջադրել և նաև այս անձին մեկուսացնել՝ կալանքի տակ վերցնել, որպեսզի սա նաև այլ անձանց համար կրի կանխարգելիչ բնույթ»,- ասաց Փոստանջյանը։

Հարցին՝ ոստիկանությունը փաստորեն ընդունել է, որ կա սպառնալիք, բյուջեից գումար է տրամադրել պատգամավորի անվտանգությունը ապահովելու համար, այդ դեպքում ինչո՞ւ որևէ գործողություն չի իրականացվել սպառնալիքը հնչեցրած Ասրյանի նկատմամբ, Փոստանջյանը պատասխանեց.- «Շատ պարզ պատճառով. սպառնալիքը նաև ուրիշների համար է, ոչ միայն ինձ համար։ Ես իմ կարծիքը մշտապես հայտնելու եմ, ես կաշկանդված չեմ և պայքարելու եմ իմ իրավունքների համար։ Բայց կարող եմ ասել՝ այսպիսի սպառնալիքներ հնչեցնում են, որպեսզի նաև ապացուցեն այլ անձանց, որ տեսեք՝ մենք կարող ենք հնչեցնել նման սպառնալիքներ և մնալ անպատիժ»։

Պատգամավորն այսօր դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նա իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ իրականացնի հանրապետական այն պատգամավորների նկատմամբ, ովքեր ատելություն և թշնամանք են սերմանում իր նկատմամբ։

Հիշեցնենք, նախագահին ուղղված Փոստանջյանի՝ հայտնի կազինոյի մասին հարցից հետո մի շարք հանրապետական պատգամավորներ հայհոյախառն հայտարարություններ հնչեցրեցին ընդդիմադիր պատգամավորի հասցեին։

«Խնդրում եմ, օգտագործելով Ձեր լիազորությունները, ՀՀ ԱԺ տարածքում ապահովել իմ անվտանգությունը, ինչպես նաև անխափան աշխատանքի հնարավորությունը։ Մասնավորապես, պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի և Մհեր Սեդրակյանի կողմից իմ նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկել, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ ինձ, ինչպես նաև չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը ինձ վիրավորելու և իմ անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է Փոստանջյանի դիմումում։

Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ իր դիմումին արձագանքելը ԱԺ նախագահի պարտականությունների մեջ է մտնում։

«Եթե Հովիկ Աբրահամյանը միջոցներ չձեռնարկի, պատասխանատվությունը ընկնելու է իր վրա։ Մենք պատասխանատվության կանչելու ենք բոլորին»,- ասաց նա։
XS
SM
MD
LG