Մատչելիության հղումներ

Բողոքի երթ` ընդդեմ Թեղուտի հանքավայրի շահագործման


Թեղուտի պաշտպանության ակցիաները չեն դադարում
please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00
«Ի պաշտպանություն Թեղուտի» նախաձեռնության անդամներն այսօր բողոքի երթով կրկին ահազանգեցին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական վտանգների մասին:

Կառավարության շենքի մոտ մեկնարկած բողոքի երթի մի քանի տասնյակ մասնակիցները շարժվեցին նախ դեպի ՎՏԲ բանկի (որն աջակցում է հանքը շահագործել պատրաստվող ընկերությանը) կենտրոնական գրասենյակը, ապա` դեպի «Վալլեքս գրուպ»-ի (որի մեջ է մտնում «Թեղուտ» ՓԲԸ-ն) գրասենյակը:

«Հանքատերը ամբողջ Հայաստանով մեկ գլուխ է գովում, պարծենում է, թե այս հանքի պոչամբարը տարածաշրջանում լինելու է ամենամեծը: Անհասկանալի է թույնամբարով ինչու են հպարտանում», - երթը սկսելուց առաջ դիմելով հավաքվածներին` ասաց բնապահպան ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը: - «Մենք ոչնչացնում ենք արդեն Լոռին, որտեղ մնացել է մեր մի քիչ անտառը: Լոռին, որտեղ դեռ մաքուր էր օդը, ջուրը, հողը... Եվ եթե Թեղուտի հանքավայրը բացվեց, ապա Թեղուտի կիրճերը նույնպես լցվելու են պոչամբարներով»:

Ակտիվիստները նշում էին, որ աշխարհի շատ երկրներում հանքարդյունաբերողները պոչամբարների համար մեծ տուրքեր են վճարում, մինչդեռ մեր օրենսդրությունը դրա համար ոչ մի լումայի տուրք չի սահմանել:

«Մենք Թեղուտը բացելով` մի նոր Չեռնոբիլ ենք բերելու արդեն Հայաստանի գլխին: Տեղից էլ արդեն ամբողջ Հայաստանը թունավորված է, եթե մենք թունավորենք Լոռին, կարող ենք Հայաստանի վրա խաչ քաշել», - հայտարարեց Սաֆարյանը:

Ակտիվիստներից մեկը ասաց, թե թեղուտցիներից շատերն այսօր իրենց խաբված են զգում, քանի որ «Թեղուտ» ընկերությունը չի կատարում իր խոստումները. մարդկանց մի մասին աշխատանքի չեն ընդունում, իսկ ընդունվածներին խոստացված երկու հարյուր հազար դրամի փոխարեն տալիս են ընդամենը յոթանասուն հազար դրամ աշխատավարձ:

Ակտիվիստների պնդմամբ` խախտվել են առնվազն յոթ տասնյակ ներպետական օրենսդրական ակտեր, բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակտիվիստ Եղիա Ներսիսյանն ասաց, որ թեղուտցիներն էլ գիտակցում են վտանգը. - «Քսան-երեսուն տարի հետո իրենք կանգնելու են ուղղակի կոտրած տաշտակի առաջ»:

«Բազմիցս մեզ առաջարկել են` եկեք, քննարկենք և այլն, և այլն: Մենք ասել ենք, որ քննարկելու բան չունենք կոնկրետ «Վալլեքս գրուպ»-ի հետ: Մեր պահանջը մեկն է` Թեղուտը չի շահագործվելու», - հայտարարեց Ներսիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան «Թեղուտ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը պնդեց, թե ակտիվիստների բոլոր մեղադրանքներն անհիմն են. ծրագիրն իրականացվում է Հայաստանի օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան: Նրա փոխանցմամբ, սեպտեմբերի վերջի դրությամբ «Թեղուտ» ընկերությունն ունի 1200-ից ավելի աշխատող, որոնցից 147-ը Թեղուտի բնակիչներ են, իսկ միջին աշխատավարձը օգոստոսին կազմել է շուրջ 240 հազար դրամ:

Թեղուտի հանքավայրի շահագործումը նախատեսված է սկսել 2014 թվականի ապրիլին:
XS
SM
MD
LG