Մատչելիության հղումներ

Թեղուտի բնակիչները բողոքում են


Թեղուտ գյուղի բնակիչները դժգոհում են, որ «Թեղուտ» ընկերության տեղադրած դարպասը փակել է դեպի սրբավայր եւ գերեզմանատուն տանող ճանապարհը:

Այսօր նրանք հավաքվել էին այդտեղ, փակել ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց այդ եւ մի շարք այլ դժգոհությունները: Մասնավորապես, որ գյուղն ամբողջությամբ փոշու մեջ է, գետի ջուրն այնքան կեղտոտ է, որ չեն կարողանում օգտագործել ոռոգման նպատակով:

«Թեղուտ» ընկերության ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում էին, թե դարպասը տեղադրվել է հենց գյուղի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ փաստարկելով, որ տարածքում «տեխնիկա է աշխատում»:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, արձագանքելով գյուղացիների բողոքներին, այսօր փակ հանդիպում ունեցավ ընկերության ղեկավարության հետ:

Հանդիպումից հետո մարզպետը փորձում էր հանգստացնել թեղուտցիներին․ - «Խնդիրը բոլորիս պարզ է: Հարցերը այնքան շատ են, որ դուք ավագանիներով, համայնքի ղեկավարներով պայմանավորվեք, պահանջեք ժամանակացույց, թող ընկերությունը պարտավորություն կրի եւ սկսկի այդ հարցերին լուծում տալ: Ճանապարհ փակելով՝ խնդրի ոչ մի լուծման չենք հասնելու»:

Հանդիպումից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը փորձեց գյուղացիների հետ գնալ սրբավայր, նրան թույլ չտվեցին՝ ասելով, թե ճանապարհը բաց է միայն Թեղուտի եւ հարակից գյուղերի բնակիչների համար, իսկ մյուսները պետք է նախապես թույլտվություն ստանան:

Թեղուտցիները մտավախություն ունեն, որ ամիսներ անց իրենց էլ կարգելեն մուտք գործել տարածք, ուստի շարունակելու են պայքարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG