Մատչելիության հղումներ

Թեղուտը՝ Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների «միկրոմոդել»


Հայաստան - Թեղուտի անտառը Լոռու մարզում
Հայաստան - Թեղուտի անտառը Լոռու մարզում

Բնապահպան ակտիվիստները պատրաստվում են մեծ ցույց և երթ անցկացնել ի պաշտպանություն Թեղուտի:

Թեղուտն այսօր Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների միկրոմոդելն է: Այսօր հրավիրված ասուլիսին այս միտքը հնչեցրեցին «Փրկենք Թեղուտը» նախաձեռնության անդամները, ովքեր պատրաստվում են հոկտեմբերի 10-ին մեծ ցույց ու երթ անցկացնել ի պաշտպանություն Թեղուտի:

Բնապահպան ակտիվիստները, որոնք պարբերաբար այցեր են կատարում Թեղուտ, վերջին այցից հետո է՛լ ավելի են մտահոգված: Ըստ նրանց՝ այն բանից հետո, ինչ «Վալլեքս Գրուպ»-ը հայտնվեց Թեղուտ և Շնող գյուղերի տարածքում և սկսեց նախապատրաստվել հանքի շահագործմանը, այնտեղ իրավիճակը է՛լ ավելի է վատթարացել:

Արմատներով թեղուտցի բնապահպան ակտիվիստ Նարե Ստեփանյանի փոխանցմամբ, օրինակ, բավական չէր, որ այստեղ մարդկանց առողջությունն է վտանգված՝ պայթեցումների հետևանքով առաջացած փոշուց, հիմա էլ պարզվում է, որ ջրահեռացման թունելի փլուզման վտանգ կա: Ավելին՝ եթե առաջ թեղուտցիներն իրենց առողջության, կյանքի հաշվին պատրաստ էին շատ զիջումների գնալ՝ միայն թե աշխատանք ունենան, հիմա պարզվում է նաև, որ թեղուտցիներին աշխատանք էլ չեն տալիս հանքավայրում, կամ եթե ընդունում են, ապա՝ շատ ցածր աշխատավարձով: «Ակնհայտ է, որ ուղղակի «Վալլեքս»-ը այդպիսի ծրագիր է հետապնդում, որ Թեղուտը լինի առանց թեղուտցիների, և հիմա թեղուտցիները արդեն զգալով այդ ամենը՝ դժգոհ են», - ասաց ակտիվիստը:

Ըստ ակտիվիստ Գայանե Բաբլոյանի, գյուղացիները պատմել են, որ արգելում են արածեցնել իրենց անասուններին արոտավայրերում` մեկնաբանելով, թե տարածքը իրենց այլևս չի պատկանում: Ակնհայտ է, որ դա նպատակ է հետապնդում ավելացնել գործազուրկների քանակը, ասաց ակտիվիստն ու ավելացրեց․ - «Ասել են՝ «եթե դուք չաշխատեք հանքում՝ մենք կբերենք շնողցիներին, եթե շնողցիները չաշխատեն՝ Աֆրիկայից սևամորթներ կբերենք»: Այսինքն, «հանքը լինելու է՝ դուք ուզեք, չուզեք, վաճառեք ձեր հողը, չվաճառեք՝ մենք բռնազավթել ենք, վե՛րջ»

Այն, որ հանքը լինելու է, պարզ էր դեռ 2007 թվականից, երբ կայացվեց Թեղուտը հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշումը, սակայն ակտիվիստ, իրավական հարցերով պատասխանատու Լևոն Ստեփանյանի պնդմամբ՝ նույն որոշման մեջ կային պարտավորություններ, որոնք մինչև օրս չեն կատարվել․ օրինակ՝ նոր ճանապարհներ, գազամատակարարում, ջրամատակարարում, էլեկտրամատակարարում պետք է ապահովվեր գյուղում:

«Մենք որ այցելեցինք՝ այնպիսի ողբալի վիճակ տեսանք, որ, ասենք, ո՛չ ջուր կար, ո՛չ գազ կար: Խայտառակություն էր, որ այնտեղ քառակուսի մետրը 33-44 դրամ (0.08-0.1 դոլար) վաճառվել է այդ տարածքը, որը իրականում շուկայական գինը շատ, մի քանի անգամ ավելին է: Տեղերում նույնիսկ առքուվաճառքի պայմանագիր չկա: Այստեղ գյուղացիների նաև որոշակի միամտությունը կա, որ նրանք հաճախ ինչ-որ բանավոր խոսքի են հավատացել, բայց, ըստ էության, նրանց խաբել է «Վալեքս Գրուպ»-ը, սակայն կան նաև ակնհայտ հենց փաստաթղթային խաբեություններ», - հայտարարեց Լևոն Ստեփանյանը:

Ըստ ակտիվիստի՝ իրավական առումով առնվազն 77 ներպետական, օրենսդրական ակտեր, ինչպես նաև միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ են խախտվել:

Ակտիվիստ Եղիա Ներսիսյանը, սակայն, չի ակնկալում, որ Հայաստանում հանքարդյունաբերության խնդրին լուծում կտրվի միջազգային դաշտում: «Ոնց որ ինքը գալիս է քո երկիրը թալանում է, բայց դու խնդրում ես իր դատարանին, որ քո հարցը լուծի․ այդպիսի բան չի կարող լինել», - հայտարարեց Ներսիսյանը:

Երթ, ցույց կազմակերպելով, իհարկե, խնդիրներին լուծում չի տրվում, ասաց Եղիա Ներսիսյանը: Նպատակը հանրային իրազեկումն է՝ բարձրացնել մարդկանց գիտակցությունը, քանզի պատկերը Թեղուտում օր օրի աղետալի է դառնում․- «Իրենք ուղղակի մահանում են, մահանում են և՛ հողը կորցնելով, և՛ ֆիզիկապես, և իրենք կախված են այդ մի կտոր, մի գրոշ աշխատավարձից: Այսօրվա Հայաստանի գերբնապահպանական խնդիրը մարդկանց գիտակցության բացակայությունն է, որ մարդը կարծում է, թե ինքը մի կտոր հացը այսօր վաստակում է՝ իր համար լավ է: Ցանկացած թեղուտցու այսօր եթե հարցնեք, ինքը քեզ կասի՝ «հանքի ծրագիրը վերջանալու է՝ ես գնամ այստեղից», գիտի, որ չի կարող ապրել: Բայց քանի որ այդ ծրագրի շրջանակներում է ապրում, և ինքը փող է վաստակում, ինքը գիտի, որ ինքը դատապարտվում է»:

Փորձեցինք ակտիվիստներից պարզել, թե կարծո՞ւմ են արդյոք, որ հանքարդյունաբերությունը որպես տնտեսության զարգացման ուղղություն պետք է առհասարակ անտեսվի:

«Ցանկացած հարցին կտրուկ մոտենալը սխալ է, չենք կարող ասել՝ հանք չպետք է լինի Հայաստանում», - ասաց Եղիա Ներսիսյանը: Իր հերթին, Լևոն Ստեփանյանը հիշեց, որ 90-ականներին ընդամենը 3-4 ընտանիք էր Թեղուտից արտագաղթել: Այսօր, ակտիվիստների դիտարկմամբ, 570-580 բնակիչ ունեցող Թեղուտն ունի ապրելու և զարգանալու այլընտրանք:

«Թեղուտը հենց կոնկրետ այնպիսի տնտեսական հնարավորություններ ունեցող տարածք է՝ ուղղակի չեք կարող պատկերացնել: Զարգացած է եղել և՛ այգեգործությունը, և՛ խաղողագործությունը, ցորեն են մթերել, մեղվաբուծության մասին էլ չեմ խոսում, ձկնաբուծություն․․․ Ուղղակի կարելի էր տնտեսությունը զարգացնել զուտ միայն գյուղատնտեսության վրա», - ասաց Լևոն Ստեփանյանը:

Ի պաշտպանություն Թեղուտի երթը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին Երևանի Հանրապետության հրապարակից՝ կառավարության շենքի մոտից, կշարունակվի դեպի «Վալլեքս Գրուպ»-ի գրասենյակ և կհանգրվանի Բաղրամյան 26-ում՝ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG