Մատչելիության հղումներ

Ակտիվիստները տրանսպորտի այլընտրանքային հանձնաժողով կձևավորեն


Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները հանդիպել են Հանրային խորհրդի անդամների հետ, արխիվ
Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները հանդիպել են Հանրային խորհրդի անդամների հետ, արխիվ
Երևանի քաղաքապետին կից տրանսպորտային հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած ավագանու երկու խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» դեռևս չի շտապում կարծիք հայտնել քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ ստեղծվելիք այլընտրանքային հանձնաժողովի մասին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը ասաց, որ յուրաքանչյուր մարդ կարող է արտահայտել իր դիրքորոշումը, մինչդեռ ակտիվիստների ձևավորելիք հանձնաժողովը ոչ մի ռեալ լիազորություններ չի ունենալու, ամեն դեպքում խմբակցությունը կհետևի մի քանի նիստերի, ինչից հետո էլ կհայտնեն իրենց կարծիքը։

Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները առաջիկայում պատրաստվում են մասնագետներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որի նպատակը կլինի տրանսպորտի ուղեվարձի հարցի քննարկումը։ Երեկ երեկոյան Մաշտոցի պուրակում մի քանի տասնյակ ակտիվիստներ հանրային քննարկում անցկացրեցին՝ Երևանի քաղաքապետարանում ստեղծված տրանսպորտային հանձնաժողովին այլընտրանք ստեղծելու նպատակով։

Ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի», «Բարև Երևան» խմբակցությունը ողջունում է այլընտրանքային հանձնաժողովի ստեղծումը։ Խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի առաջին նիստից հետո իրենք համոզվեցին, որ դրա նպատակը ընդամենը Տարոն Մարգարյանի ուղեվարձի բարձրացման նախկին որոշումը գործարկելն է, ուստի «Բարև Երևանը» կմասնակցի միայն այլընտրանքային հանձնաժողովի աշխատանքներին։

«Իհարկե այն իրավական ուժ չունի, բայց կարևորը, որ մենք կարողանալու ենք ստեղծել հանրության տեսակետ, փորձելու ենք մասնագետների օգնությամբ փոփոխությունների փաթեթ մշակել, ու երբ կգա բուն գործողության ժամանակը, կտեսնենք թե որ հանձնաժողովը ինչ կարգի ազդեցություն է ունենալու հանրային քաղաքականության ոլորտում»,- ասաց ավագանու անդամը։

Սանասարյանը ասաց, որ պայքարելու են մի քանի ուղղությամբ։ Նախ խմբակցությունը վարչական դատարանում վիճարկելու է Տարոն Մարգարյանի ուղեվարձի բարձրացման նախկին որոշումը։ Պատրաստ են նաև փողոց դուրս գալ և բողոքի ակցիաների միջոցով ստիպել քաղաքային իշխանություններին հետ կանգնել ուղեվարձը բարձրացնելու մտքից, իսկ մինչ այդ առաջիկայում այլընտրանքային հանձնաժողովին են պատրաստվում ներկայացնել գործողությունների սեփական ծրագիրը։

Այլընտրանքային հանձնաժողովի նախաձեռնողներից քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի խոսքով՝ ի տարբերություն Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի, իրենց մոտ ներկայացված կլինեն բոլոր կողմերը։

«Կհրավիրենք բոլոր ՀԿ-ներին, քաղաքապետարանից, կառավարությունից, ԱԺ-ից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, բոլորին կհրավիրենք»,- ասաց նա։

Առաջիկա օրերին ակտիվիստները մասնագիտական հանձնաժողով ստեղծելու աշխատանքներով կզբաղվեն, իսկ հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա մեկ շաբաթից։

Նախատեսվում է նաև, որ մեկ շաբաթից տեղի կունենա քաղաքապետին կից տրանսպորտային հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում արդեն կներկայացվի մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի նախնական գինը։
XS
SM
MD
LG