Մատչելիության հղումներ

Ակտիվիստները չեն վստահում տրանսպորտային հանձնաժողովին


Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց, արխիվ

Տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց, արխիվ

Այս պահին հստակ է, որ Երևանի քաղաքապետին կից տրանսպորտային հանձնաժողովում ընդգրկված 36 անդամներից միայն երեքն են դեմ արտահայտվելու ուղեվարձի գնի բարձրացմանը։

Երեք ներկայացուցիչ էլ ունեն ուղևորափոխադրող ընկերությունները, որոնք պահանջում են բարձրացնել ուղեվարձը։ Մեկական անձով ներկայացված կլինեն ավագանու ՀՀԿ խմբակցությունը, տրանսպորտի նախարարությունը, ոստիկանությունը, Հանրային խորհուրդը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի կազմի մի մասը որոշել է քաղաքապետարանը և հրավերներ ուղարկել։ Դրանում կարող էին ընդգրկվել նաև նախապես ցանկություն հայտնած կազմակերպություններ կամ անհատներ, այդ նպատակով քաղաքապետարանը անգամ հայտարարություն է տարածել սեպտեմբերի 18-ին, որտեղ որպես վերջնաժամկետ նշվել է սեպտեմբերի 19-ը։ Արդյունքում դիմել են 3 քաղաքացիներ, ովքեր ընդգրկվել են հանձնաժողովի կազմում։ Թե կոնկրետ ում է հրավիրել քաղաքապետարանը և ով է դիմել հանձնաժողովում ընդգրկվելու համար, Գևորգյանը չասաց։

Ինչպես նշվում է քաղաքապետի երեկ հրապարակված որոշման մեջ, ուղեվարձի չափը հանձնաժողովը ձևավորվելու է քվեարկությամբ։ Ի դեպ, միայն Երևանի քաղաքապետարանը այստեղ ինը ներկայացուցիչ ունի։

«36-ից որ հանենք 9-ը, կստացվի 27, այդ 27-ը այլ ձայներ են, և այդ 9-ը այստեղ որոշիչ դեր չեն կատարելու»,- ասաց Գևորգյանը։

Կազմում ընդգրկված են նաև տարբեր բուհերից ոլորտի վեց մասնագետներ, որոնիցից գլխավորը թերևս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ անդամ Կորյուն Աթոյանն է։ Հանրապետական է նաև հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը։ Սպասվում է, որ երիտասարդների և ուսանողների տեսակետը հանձնաժողովում պետք է ներկայացնեն Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը և «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ, ՀՀԿ անդամ Գևորգ Մելքոնյանը, ով նաև ԵՊՀ ռեկտորի օգնականն է։ Վերջինս հատկապես հայտնի դարձավ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած դասադուլների ժամանակ, երբ քննադատելով դասադուլավորներին, շատերի կարծիքով, ջավախահայ ուսանողներին բախումներ հրահրելու կոչ էր արել։

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաև 8 կազմակերպություններ, որոնցից երեքը դեմ են արտահայտնվելու ուղեվարձի բարձրացմանը, մնացածի տեսակետները այս պահին հայտնի չեն։

Կազմում գտնվող և բարձրացմանը դեմ արտահայտվող կազմակերպություններից մեկը նախապես հայտարարել էր, որ այս հանձնաժողովում տրանսպորտի ուղեվարձի գնի քննարկմանը իրենք չեն մասնակցի, առաջին նիստին կառաջարկեն հարցը տեղափոխել հանրային քննարկումների դաշտ, հակառակ դեպքում իրենք այլևս չեն մասնակցի աշխատանքներին։ Մինչդեռ քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքով՝ մի քանի կազմակերպությունների դուրս գալը չի խանգարի աշխատանքներին, քանի որ եթե 36-հոգուց կեսը ներկա լինեն, ապա նիստը կկայանա։

Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ավելի վաղ հրաժարվել էին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին. հիմնական պատճառը այն էր, որ քաղաքապետը նախապես հայտարարել էր հանրային քննարկումներ կազմակերպելու մասին, մինչդեռ արդյունքում հանձնաժողով ստեղծվեց։ «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասում է՝ հանձնաժողովի կազմը տեսնելուց հետո իր համար ակնհայտ է, որ այն պարզապես հանձնարարական ունի ապահովվել ուղեվարձի գնի բարձրացման համար անհրաժեշտ դրական եզրակացությունը։ Իրենք այս հանձնաժողովին անվստահություն են հայտնում։

«Հանձնաժողովի ամբողջ նպատակն այն է, որ արձանագրեն, թե մեր հասարակությունը ցնծությամբ ընդունում է թանկացումը»,- փոխանցեց Բախշյանը։

Բախշյանի համար տարօրինակ է նաև, որ հանձնաժողովում քաղաքապետարանը այդքան մեծ կազմով է ներկայացված, իսկ աշխատանքներին մասնակցել ցանկացողների դիմումների ընդունման համար ընդամենը մեկ օր ժամանակ է տրվել, ինչը, ըստ նրա, հատուկ է արվել։

Այս հանձնաժողովի աշխատանքը բոյկոտել են նաև ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները։ Վահագ Մինասյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել են կազմը, և վստահ են, որ այն չի կարող արտահայտել հանրության կարծիքը, ուստի իրենք պատրաստվում են ստեղծել դրա այլընտրանքը։

«Մենք ինքներս պատրաստվում ենք հանձնաժողով ձևավորել, գուցե հրավիրենք նաև առկա հանձնաժողովի մասնակիցներին»,- ասաց Մինասյանը։

Ակտիվիստի խոսքով՝ եթե հանձնաժողովը անգամ փորձի ուղեվարձը բարձրացնելու որոշում կայացնել, ապա այս անգամ ավելի մեծ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։

Քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում փոփոխություններ չեն լինի, այն իր առաջին նիստը կգումարի առաջիկա 5 օրերի ընթացքում։
XS
SM
MD
LG