Մատչելիության հղումներ

Թոշակների ուշացումը կապված է նոր համակարգի նկատմամբ «ներքին դիմադրության» հետ


Թոշակների ուշացումը կապված է նոր համակարգի նկատմամբ «ներքին դիմադրության» հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:16 0:00
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձավ շաբաթասկզբին արձանագրված թոշակների վճարումների ուշացմանը:

«Հայփոստ»-ի բաժանմունքներից մեկում թոշակառուներին ասել էին, թե թոշակների ցուցակների ուշացման պատճառով է, որ վճարումն ուշացվել է: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարին ու վարչապետի վերահսկողական ծառայությանը քննություն անցկացնել՝ պարզելու թոշակների ուշացման պատճառները:

«Պետք է արձանագրենք, որ չնայած այն արմատական փոփոխություններին, որ մենք կատարեցինք այս բնագավառում, դեռևս նկատվում է ներքին դիմադրություն այս նոր համակարգի ներդրման: Առաջին անգամ թոշակները վճարվում էին էլեկտրոնային տվյալների բազայի հիման վրա, և շատ մարդկանց դա դուր չի գալիս և փորձում են ցույց տալ, որ պետք է զուգահեռաբար նաև թղթային փաստաթղթերով թոշակներ նշանակվեն և վճարվեն: Հասկանալի է, որ կոռուպցիոն ռիսկերը հենց առաջանում էին թղթային ձևակերպումների ժամանակ», - նշեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նախարար Արտեմ Ասատրյանն իրենց զեկուցել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում արձանագրվել են նոր խախտումներ:

«Այսինքն, կան մարդիկ, որոնք փորձում են որոշակի հին մեթոդներով փող վաստակել անօրինական ձևով: Բոլոր նյութերը կնախապատրաստվեն նախարարության կողմից, մենք սեպտեմբերին հրապարակային կներկայացնենք, թե ինչպիսի չարաշահումներ են առկա եղել համակարգում և ինչ եղանակներ էին օգտագործում անօրինական ձևով փող աշխատելու համար», - նշեց վարչապետը՝ ներողություն խնդրելով քաղաքացիներից, որ առաջացել են պրոբլեմներ՝ կապված վճարումների հետ ու գոյացել են հերթեր:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այդ պրոբլեմները կապված են նոր համակարգի ներդրման ու դրա նկատմամբ համակարգում առկա դիմադրության հետ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հավաստիացրել է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում այլևս նման խնդիրներ չեն առաջանա:

Սոցիալական ապահովության ծառայության պետ Արմեն Աբրահամյանն ընդունում է, որ ոլորտում կա այդ դիմադրությունը: «Ցավոք սրտի, մեր բնագավառում դիմադրությունը ոչ միայն այդ բնական, օբյեկտիվ դիմադրությունն է, այլև կա սուբյեկտիվ ֆակտորներով պայմանավորված դիմադրություն: Նաև կա դիմադրություն մեր գործընկերների կողմից, ավելի շատ՝ գործընկերների միջին օղակի ղեկավարների կողմից: Մասնավորապես, «Հայփոստ»-ը նկատի ունեմ»:

Այնուհետեւ նա ներկայացրեց այն ժամանակացույցը, ըստ որի «Հայփոստ»-ի բաժամունքներին են տրամադրվել թոշակառուների ցուցակները․ - «Ֆինանսավորումը տվել ենք ամսի 1-ին, ցուցակները տվել ենք ամսին 5-ին: Իրենք կարող էին ամբողջ Հայաստանում սկսել վճարումները: Ըստ պայմանագրերի, տվյալ ամսվա թոշակը քաղաքացին պետք է ստանա մինչև տվյալ ամսվա 20-ը»:

Աբրահամյանը կարծում է, որ կոռուպցիոն երևույթների համար պատասխանատու են ծառայության որոշ անբարեխիղճ աշխատակիցներ, ինչպես նաև քաղաքացիները:

«Մեր քաղաքացիների մեծ մասը, ցավոք սրտի, սովորել է, որ ինքը կարող է ինչ-որ գործողությունների ընթացքում առավել իրավունքներ ձեռք բերել, քան ինքը ունի: Մյուս կողմը մեր աշխատակիցներն են, որոնք երկար ժամանակ աշխատելուց հետո սովորել են, որ աշխատավարձի վրա հույս չպիտի դնեն, չպիտի մտածեն աշխատավարձը բարձրացնելու կամ եղած աշխատավարձի դիմաց օրինական աշխատելու մասին․․․ Այս ցուցակների ձևավորման փուլում արդեն, օրինակ, Էրեբունի [վարչական շրջանի] տեսուչներից մեկին առաջարկել ենք աշխատանքից ազատել: Ինքը ազատվել է աշխատանքից՝ էթիկական նորմերը խախտելու համար քաղաքացու հետ հարաբերություններում», - փոխանցեց նա:

Հարցին, թե կենսաթոշակներին առչվող աղմկահարույց դատական գործից հետո որքանով է ավելացել կամ պակասել նման դեպքերի թիվը, Արմեն Աբրահամյանն արձագանքեց․ - «Ես կարող եմ ասել, որ դատական պրոցեսում ինչքան գումար դրված է, այդքան գումարի մասով էլ մենք բացահայտումներ արել ենք: Այլ խնդիր է, որ մենք աշխատակիցներին խնդրել ենք իրենց դիմումի համաձայն հեռանալ․ 2011 թվականին՝ 35, 2012 թվականին՝ 70-ի մոտ»:
XS
SM
MD
LG