Մատչելիության հղումներ

Սոցապի Գյումրու բաժնի աշխատողների կողմից յուրացումների գործը շարունակվում է


Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը:

Ըստ գործի նյութերի՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի 5 աշխատակիցներ, այդ թվում նաև պետը՝ Էդուարդ Վարժապետյանը, նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափի՝ 91 միլիոն 566 հազար դրամի կենսաթոշակի, թաղման նպաստի և ժառանգվող գումարներ: Նրանք մեղադրվում են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Այս գործով ընդամենը մեկ անձ է կալանավորված՝ Սոցապ վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման պատասխանատու Ռուբեն Մնացականյանը: Եվս մեկ կասկածյալ՝ Աննա Խաչատրյանը, փախուստի մեջ է:

Դատական այս գործով որպես վկա ներգրավված է 120 անձ:

Վկաներից Սուրիկ Թամիրյանը, օրինակ, զարմացած էր դատավոր Էդուարդ Մանուկյանի այն հարցից, թե երկրորդ անգամ արդյոք ստացե՞լ է մոր թաղման նպաստը՝ 200 հազար դրամը:

«Ինչո՞ւ, մի քանի անգամ կարելի՞ էր ստանալ», - հարցին հարցով պատասխանեց նա:

Ամբաստանյալի աթոռին նստած Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը ամեն կերպ փորձում էր դեմքը թաքցնել: Մինչ դատավարության սկսվելն էլ նա և կալանավորված ամբաստանյալ Ռուբեն Մնացականյանը վիճեցին: Վերջինս ասաց, թե դեռ շատ բան կասի այս գործով:

Երկու տասնյակից ավելի վկաների հարցաքննությամբ այսօրվա դատական նիստը ավարտվեց, հաջորդը օգոստոսի 7-ին է նշանակվել:

Այս գործը Կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործից առանձնացված մասն է: Այս համակարգի մի շարք աշխատակիցների նկատմամբ ևս քրեական գործեր են հարուցված, ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG