Մատչելիության հղումներ

Վկաները պատմում են իրենց կենսաթոշակների յուրացումների մասին


Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը (կենտրոն) դատարանի դահլիճում, արխիվ

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը (կենտրոն) դատարանի դահլիճում, արխիվ

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին 13 պատասխանատու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով այսօր 17 վկա հարցաքննվեց Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հարցաքննվողներից էին նաեւ այն մարդիկ էին, ովքեր չէին ստացել իրենց կենսաթոշակները երկար տարիներ արտասահմանում բնակվելու պատճառով կամ էլ ստացել էին մասամբ, այսինքն` կուտակված թոշակի միայն չնչին մասը: Սակայն Հայաստան ժամանելուց հետո, կամ եթե մահվան դեպք է եղել եւ Հայաստանում բնակվող ազգականներն են սկսել հետաքրքրվել կենսաթոշակով, շատ դեպքերում պարզվել է, որ այլ անձի` հիմնականում վկաներին անծանոթ ստորագրությամբ եւ առանց իրենց իմացության, թոշակառուները գումարը արդեն իսկ «ստացել են»:

Դատական նիստից առաջ վկա Գեորգի Հակոբյանը, որ մոտ 10 տարի ապրել էր ԱՄՆ-ում եւ 2010 թվականին վերադարձել էր Հայաստան, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց իր գլխին եկածը:

«Արտասահմանում եղած ժամանակ ինչ-որ մարդիկ մեծ-մեծ գումարներ են կորզել իմ հաշվին: Բացի այն, որ կորզել են, նաեւ իմ երեք տարվա թոշակը լրիվ չեն տվել», - պատմեց թոշակառուն:

Հիշեցնենք` 2010 թվականին հարուցվել էր քրեական գործ կենսաթոշակային ոլորտում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա: Համաձայն գլխավոր դատախազության տեղեկատվության` քրեական գործից անջատվել եւ դատարան են ուղարկվել 3 քրեական գործեր 12 անձանց վերաբերյալ, որոնցով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Վազգեն Խաչիկյանը վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2010 թվականի դեկտեմբերին, իսկ անցած տարի սեպտեմբերի 28-ին Խաչիկյանը ձերբակալվեց` 240 մլն դրամ գումար հափշտակելու մեղադրանքով:

Այսօր դատական նիստի ընթացքում վկաների հարցաքննության ժամանակ շատ հաճախ վկաների` նախաքննության ժամանակ տված ցուցմունքները չէի համապատասխանում այսօր տված ցուցմունքներին: Շատերն ասում էին, որ պարզապես երկար ժամանակ է անցել եւ մանրամասները չեն հիշում: Հատկապես չէին հիշում 3 տարվա համար ստացած կենսաթոշակի հստակ չափը, թեպետ վստահեցնում էին, որ իրական թվից զգալի պակաս է եղել:

Այդ ահռելի տարբերության մասին խոսեց նաեւ վկա Շուշան Համաբարձումովան, ով 2009 թվականին Հունաստանից վերադարձել էր Հայաստան եւ փորձել էր պարզել, թե ով է իր փոխարեն ստորագրել եւ ստացել իր գումարը, սակայն վերջինիս ոչ միայն չեն ասել այդ մասին, այլ նաեւ չեն նշել թոշակառուի գումարի իրական չափը: Թոշակառուին հատկապես զայրացրել էր վերջին հանգամանքը:

Մեղադրական կողմի այն հարցին` արդյոք վկան ճանաչո՞ւմ է այն ստորագրությունը, որ դրված էր իր անվան դիմաց, Համբարձումովան պատասխանեց, որ անգամ չեմ փորձել նմանացնել իր ստորագրությանը: Կեղծիքն ակնհայտ է եղել: Գործով քննվող գրեթե բոլոր վկաների համար անակնկալ էր բացահայտել այլ ստորագրություն իրենց կամ իրենց ազգականի անվան դիմաց:

«Քննիչը ինձ ինչ-որ ստորագրություն է ցույց տվել, հարցրել է` ճանաչո՞ւմ եմ այն, եղբո՞րս ստորագրությունն է, ես ասել եմ` չէ», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց վկա Լյովա Մարգարյանը, ով պարզել էր, որ ԱՄՆ-ում ապրող իր եղբոր կենսաթոշակը ինչ-որ այլ անձ է ստացել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 23-ին, որի ընթացքում կհարցաքննվեն մի խումբ այլ վկաներ:
XS
SM
MD
LG