Մատչելիության հղումներ

ՀՀ իրավասու մարմինները ոչինչ չեն ձեռնարկում Հրաչյա Հարությունյանի գործով


Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճում: 16-ը հուլիսի, 2013թ․

Հրաչյա Հարությունյանը դատարանի դահլիճում: 16-ը հուլիսի, 2013թ․

Հայաստանի գլխավոր դատախազությունը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով:

«Դատախազությունը ցանկացած գործով միջամտում է իր գործառույթներից բխող անհրաժեշտություն առաջանալու դեպքում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ այս պահին «միջամտության անհրաժեշտություն չկա»:

Արդարադատության նախարարի խոսնակ Կարինե Քալանթարյանն ասաց, որ նախարարությունն այս հարցով անելիք չունի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քալանթարյանը հավելեց, թե հնարավոր է, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո Արդարադատության նախարարություն դիմի, որ նա պատիժը կրի Հայաստանում:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մինչդեռ, անգործություն է որակում նման վերաբերմունքը:

«Ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում դա ընդամենը արդարացում է՝ անգործություն դրսևորելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շուշանյանը՝ փաստարկելով․ - «Որովհետև եթե հիմա անհապաղ քայլեր, միջոցներ չձեռնարկվեն, Հրաչյա Հարությունյանը դառնալու է իրավական բեսպրեդելի, կամայականության զոհ: Հիմա է պետք բոլոր իրավական միջոցները, բոլոր ուժերը գործի դնել՝ նրա իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»:

Նրա խոսքով՝ և՛ Գլխավոր դատախազությունը, և՛ Արդարադատության նախարարությունը պարտավոր են դիմել անհրաժեշտ քայլերի, քանի որ մեր Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում եւ ՀՀ տարածքից դուրս գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո․ - «Սահմանադրության այս պահանջը ապահովելու պարտականությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր իրավասու մարմինների»:

Ուստի, ըստ փաստաբանի, Հայաստանը պետք է պահանջի ՌԴ համապատասխան մարմիններից, որպեսզի «այդ փաստով կատարվի քննություն, բացահայտվեն բոլոր պատասխանատու անձինք և պատասխանատվության ենթարկվեն»․ - «Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը պետք է պահանջի և երաշխիքներ ստանա, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքներն այս քննության ողջ ընթացքում ապահովված կլինեն: Դա բացառապես հնարավոր է պաշտոնական դիմումների, պաշտոնական հարցումների, պահանջների մակարդակով»:

Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների և արդարադատության նախարարությունների միջև գործում են համագործակցության մասին համաձայնագրեր: Շուշանյանի համոզմամբ՝ այդ համաձայնագրերը Գլխավոր դատախազությանը և Արդարադատության նախարարությանն ընձեռում են համապատասխան հնարավորություններ՝ Ռուսաստանում կալանավորված Հրաչյա Հարությունյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում:

Ուշագրավ է, որ Արդարադատության նախարարությունը չի պատրաստվում դիմել համապատասխան քայլերի անգամ այն դեպքում, երբ ռուսաստանցի իրավապաշտպաններն արդեն իսկ, վկայակոչելով Հրաչյա Հարությունյանին կալանավորելու ոճը, զգուշացրել են, որ նա, հնարավոր է՝ լուրջ խնդիրներ ունենա ազատազրկման վայրում:

Մուշեղ Շուշանյանն այս առնչությամբ ասաց, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների և դատական ատյանների կամայականության զոհը դառնալու հեռանկարից ապահովագրված չէ, քանի դեռ Հայաստանի իրավասու մարմինները շարունակում են անգործությունը՝ չկատարելով իրենց պարտականությունները:
XS
SM
MD
LG