Մատչելիության հղումներ

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկում են Պոդոլսկում տեղի ունեցածը


«Արտաքին գործերի նախարարության գաղտնապահությունը նման է Ազգային անվտանգության ծառայության գաղտնապահությանը», - այսօր հրավիրված քննարկմանը ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիորոսյանը՝ նկատի ունենալով, որ ԱԳՆ-ն պաշտոնական որևէ հաղորդում չի տարածել այն մասին, թե ինչ են անում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի իրավունքները Ռուսաստանում պաշտպանելու համար։

«ՀՀ քաղաքացին նման դեպքերում պետք է ՀՀ պաշտպանության տակ լինի՝ անկախ նրանից մեղավոր է, թե ոչ։ Մենք դա գիտենք մեր անձնագրերում եղած գրառումից, որ ՀՀ քաղաքացին գտնվում է Հայաստանի հանրապետության պաշտպանության տակ», - նշեց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, դժբախտ դեպքից միայն օրեր անց՝ երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանում տեղի ունեցածին արձագանքեց, բայց՝ ոչ թե պաշտոնական հաղորդագրությամբ, այլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում գրառում անելով:

«Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիները անպաշտպան են. ինչո՞ւ առաջին նամակը պետք է տարածվի օմբուդսմենի գրասենյակից, ոչ թե Հայաստանի դեսպանատնից», - ասաց Մարտիրոսյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ասաց, որ դեռևս պաշտոնական նամակ չեն ստացել ռուսաստանյան իրենց գործընկերներից, բայց պատասխան ստացել են՝ հավաստիացումներ այն մասին, որ կհետևեն գործին։

Սամվել Մարտիոսյանը, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համակարծիք էին մի հարցում, որ ծաղկավոր խալաթով ու հողաթափերով դատարան չէր տարվի սարսափելի վթարի մեղավորը, եթե նա այլազգի, հատկապես, եթե, ռուսների ձեւակերպմամբ՝ կովկասյան ազգի ներկայացուցիչ չլիներ։

«Ողբերգություն է տեղի ունեցել, ու եթե նույնիսկ նա մեղավոր է, այդպիսի վերաբերմունքը այդ մարդու նկատմամբ հստակ քաղաքական որոշում էր, և ես չեմ կարծում, որ դա իրավապահ մարմինների ինքնուրույն որոշումն էր», - ասաց Ավետիք Իշխանյանը։

Քննարկման ներկա բազմաթիվ բանխոսները համամիտ էին նաև, որ եթե Ռուսատանում նման կերպ վարվեին ԱՄՆ-ի կամ Եվրամիության քաղաքացու հետ, տեղի ունեցածը կվերածվեր դիվանագիտական սկանդալի։

«Ամենազարհուրելին այն էր, որ ռուսաստանյան պետական հեռուստաալիքով էր այդ ոճով լուսաբանվում [Հրաչյա Հարութունյանի արժանապատվությունը վիրավորելով], դա ոչ միայն պետության վերաբերմունքն էր, այլև ազդակ էր այլ լրատվամիջոցներին, որ այդ ոճով պետք է լուսաբանել», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։
XS
SM
MD
LG