Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն չի քննի քաղաքապետի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը


Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանդիպում է մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի բնակիչներին նախընտրական քարոզարշավի շրջանակներում

Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանը հանդիպում է մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկի բնակիչներին նախընտրական քարոզարշավի շրջանակներում

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հրաժարվել է քննության առնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հաղորդումը, որով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պահանջել էր քրեական գործ հարուցել, պարզել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը եւ պատասխանատվության ենթարկել նրան:

Ի պատասխան հանցագործության կատարման մասին Կոնգրեսի հաղորդման` ՀՔԾ-ն ուղարկել է գրություն այն մասին, որ «այս դիմումը ենթակա չէ քննարկման», «բովանդակային առումով այն հանցագործության կատարման մասին հաղորդման բնույթ չունի», քանի որ դրանում ընդամենը թվարկված է Տարոն Մարգարյանի հայտարարագրած անշարժ ու շարժական գույքը եւ «հիշատակված չի որեւէ տեղեկություն գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու, գույքի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով որեւէ արարք կատարելու մասին»:

Հանցագործության մասին հաղորդման մեջ Կոնգրեսը վկայակոչել էր պաշտոնական փաստաթղթեր` 2005-ին, 2007-ին եւ 2013-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված Տարոն Մարգարյանի գույքի եւ եկամուտներն հայտարարագրերը, ըստ որոնց Մարգարյանի կարողությունները 2005-ից ի վեր աճել են միլիոններով, ընդ որում, ըստ ընդդիմադիրների ուսումնասիրությունների, դա ոչ ժառանգության կարգով ստացած ունեցվածք է, ոչ ձեռնարկատիրական գործունեության, ոչ էլ նվիրատվության: Մասնավորապես, 2005-ին Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի մեկ տարվա եկամուտը կազմել է մոտ 7 միլիոն դրամ, իսկ 2013-ին արդեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է մի ունեցվածք, որը ընդդիմությունը գնահատում է 6-10 միլիոն դոլար, մասնավորապես, միանձնյա եւ ընդհանուր սեփականություն հանդիսացող 7 շենք ու շինություն, հողին ամրակցված 3 անշարժ գույք, հողամաս, 115 միլիոն դրամ, 50 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման մեջ Կոնգրեսը հիշատակել էր այն փաստը, որ Ավանի թաղապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը եղել է 130 հազար դրամ, իսկ որպես քաղաքապետ նա ստանում է ամսական 394 հազար դրամ աշխատավարձ:

Ունեցվածքի առաջացման աղբյուրների բացակայությունը հայտարարագրերում Կոնգրեսին հիմք էին տվել ենթադրել, որ գործող քաղաքապետը իր ունեցվածքը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով` թաքցնելով գույքի ստացման աղբյուրը, ինչը համապատասխանում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածին, այն է` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»:

Սակայն ՀՔԾ-ն պատասխանել է, որ Կոնգրեսի գրությունը «կատարված հանցագործության մասին որեւէ տեղեկատվություն չի պարունակում», իսկ Քրեադատավարական օրենսգրքով ու Վճռաբեկ դատարանի 2007-ի նախադեպային որոշմամբ քրեական գործ կարող է հարուցվել (կամ գործի հարուցումը մերժել) «հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների» առկայության դեպքում:

ՀԱԿ-ը ՀՔԾ-ի պատասխանը որակում է ապօրինի` կառույցին մեղադրելով անգործության մեջ: ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնը համակարգող Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզված էր, որ ՀՔԾ-ն պարզապես խուսափել է գործի քննությունից:

«Այս գրությունը որեւէ կապ չունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացքի հետ, որը կարող էր ունենալ հաղորդումը: Սա ընդամենը հարցի քննությունից խուսափելու, կամ հարցի «տակ չմտնելու» համար ընտրված ճանապարհ էր: ՀՔԾ-ն չի ուզում ուսումնասիրել, որովհետեւ գլխավոր դատախազին ուղղված մեր հաղորդման մեջ փաստերն այնքան ակնհայտ են, որ քրեական գործ չհարուցելու որեւէ տարբերակ չկար: Ուղղակի անհնար է խուսափել դրանից, երբ ակնհայտ երկու փաստ կա` պետական պաշտոնյան X թվականին ունեցել է X չափով ունեցվածք, Y թվականին` Y չափով ունեցվածք, ու այդ ընթացքում չի ունեցել բավարար եկամուտներ, որոնց արդյունքում կարող էր այդ ունեցվածքի չափը փոխվել», - ասաց Խաչատրյանը:

Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը «սպասելի» համարեց քննչական մարմնի նման քայլը:

«Ցանկացած դեմոկրատական երկրում սա քննիչի համար պետք է հիմք ծառայեր, որ անմիջապես սկսվեր հետաքննություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զուրաբյանը. - «Ոչ մի բան չեն արել, եւ հասկանալի է, թե ինչու չեն արել, որովհետեւ հենց մի փոքր սկսեն փորել այդ ուղղությամբ, անմիջապես բոլոր այդ ապօրինությունները կբացվեն: Եվ բնականաբար, ռեժիմը չի կարող հիմա թույլ տալ իրեն այդպիսի շռայլություն, որ իրենց կողմից այդպիսի զոռբայությամբ եւ կեղծված ընտրություններով անցկացված քաղաքապետը կանգնի դատարանի առջեւ, առավել եւս, որ նա ոչինչ ավելի չի արել, քան արել են Հանրապետական կուսակցության մյուս պարագլուխները: Եվ նրանք շատ լավ հասկանում են, որ մի նման գործի բացահայտումը կբերի նաեւ այլ մարդկանց ապօրինությունների բացահայտմանը, ուստի ամեն ինչ անելու են, որ որեւէ գործողություն, որեւէ վարույթ չհարուցվի»:

Այնուհանդերձ, ՀԱԿ-ը բողոք է ներկայացնելու գլխավոր դատախազին, որից հետո դիմելու է դատարան:
XS
SM
MD
LG