Մատչելիության հղումներ

Մարգարյանը կրկին խուսափեց իր ունեցվածքին վերաբերող հարցից


Տարոն Մարգարյանն այդպես էլ չպատասխանեց իր ունեցվածքին վերաբերող հարցերին
please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն էլ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը խուսափեց պատասխանել իր հայտարարագրած մի քանի միլիոն դոլար գնահատվող ունեցվածքի ծագմանը վերաբերող հարցերին:

Հարկ է նշել, որ Տարոն Մարգարյանը որեւէ պատասխան չի տվել, թե ինչ ճանապարհով է կուտակել նման հարստություն:

Հայ Ազգային Կոնգրեսը, հիշեցնենք, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով քրեական գործ հարուցել, բացահայտել, թե արդյոք այդ ունեցվածքը ձեռք չի բերվել կոռուպցիա, «ատկատների» կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու միջոցով:

Իր հայտարարագրած ունեցվածքի մասին հարցերին ի պատասխան` այսօր Կենտրոն համայքում ընտրողների հետ հանդիպման եկած Տարոն Մարգարյանն արձագանքեց. - «Սիրելի լրագրողներ, խնդրում եմ թույլատրել բնակիչների հետ շփվել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է գնահատում Հանրապետականի շանսերը, իշխող կուսակցության ցուցակը գլխավորող Մարգարյանն արձագանքեց. - «Բնականաբար, գնահատում եմ շատ բարձր: Ես մեր թիմի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր»:

Մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի բակում ՀՀԿ-ի վերջին հանդիպմանն ունեցած իր ելույթում Տարոն Մարգարյանն ընդունեց, որ քաղաքում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք, սակայն, նրա խոսքով` հնարավոր չէր լուծել չորս տարվա ընթացքում, քանի որ դրանք «կուտակվել են 20 տարիների ընթացքում»:

«Մեր նոր ծրագրերը խոստումներ չեն», - հայտարարեց Մարգարյանը: - «Մեր նոր ծրագրերը այն ծրագրերի շարունակականությունն է, որը 4 տարի առաջ մեր երեւանցիները վստահեցին մեր թիմին: Այո, դեռ հազարավոր խնդիրներ մնացել են, բայց այդ խնդիրները հնարավոր չէր չորս տարվա ընթացքում կյանքի կոչել, քանի որ 20 տարիների կուտակված խնդիրներ էին: Մայիսի 5-ին երեւանցին իր ձայն տալու է անվճար մանկապարտեզին, կանաչ Երեւանին, մաքուր Երեւանին, մի խոսքով` ավելի լավ Երեւանին»:

Ելույթներ ունեցան Երեւանի գործող ավագանու մյուս հանրապետական անդամները: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, մասնավորապես, քննադատեց մրցակիցներին. - «Եվ թող մեր մրցակիցները կանգնեն ու ասեն` մինչեւ այսօր իրենց անցած ճանապարհի ընթացքում ինչ են արել այս քաղաքի համար… իրենց պաշտոնատենչությունն ուզում են ստով թաքցնել: Մենք այդքան միամիտ չենք»:

Հանդիպմանը եկած ընտրողները միայն դրական, ջերմ խոսքեր էին ասում գործող քաղաքապետի հասցեին:

Քաղաքացիներից մեկը, սակայն, ուշագրավ մի դիտարկում արեց, որ հանդիպումն անցնում է դպրոցի բակի անմիջական հարեւանությամբ կառուցված սրճարանի մոտ. - «Դպրոցի բակի հաշվին սարքել են սրճարան, իրենք են կանգնել որպես բեմահարթակ եւ ելույթ են ունենում»:
XS
SM
MD
LG