Մատչելիության հղումներ

Աժ նիստը բոյկոտած պատգամավորները «էթիկայի նորմ չեն խախտել»


Խորհրդարանի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը երկուշաբթի օրը եզրակացրեց, որ անցած նոյեմբերին կոալիցիոն ուժերի պատգամավորների չմասնակցության պատճառով ԱԺ արտահերթ նիստի չկայանալը էթիկայի նորմի խախտում չէ:

Հանձնաժողովն աշխատում է նոր կազմով` Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ) գլխավորությամբ:

Հանձնաժողովին դիմել էր պատգամավոր Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ): Ազգային ժողովի 48 պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում պետք է քննարկվեին մի շարք օրենքներում ՀԱԿ դաշինքի խորհրդարանական խմբակցության հեղինակած փոփոխությունները, որոնք նպատակ էին հետապնդում կարգի բերել ընտրացուցակները ու նվազեցնել ընտրակեղծիքների հնարավորությունը: Արտահերթ նիստը, հիշեցնենք, չկայացավ, քվորումի բացակայության պատճառով:

Նիստի նախօրեին խորհրդարանական մեծամասնությունը կազմող ՀՀԿ խմբակցությունը հայտարարել էր, որ քվորում չի լինելու` պնդելով, թե քաղաքական բոյկոտը եւս ընդունված քաղաքական հասկացություն է:

Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Վահան Բաբայանը փոխանցեց, որ խորհրդարանի նախագահը հարգելի է համարել հիշյալ նիստին չներկայացած բոլոր 83 պատգամավորների բացակայությունը:

«Էթիկայի հանձնաժողովը հակաէթիկական գործընթացի մեջ է», - նիստից հետո հայտարարեց Արմեն Ռուստամյանը. - «Այն հոդվածը, որտեղ ասվում է, որ կարելի է հարգելի համարել, այդ հոդվածն ասում է, որ խմբակցությունը բոյկոտելու մասին հայտարարում է նիստում եւ այդ դեպքում քվեարկության չմասնակցելը համարվում է հարգելի: Այսինքն, այդ տրամաբանությամբ իրենք գրանցումն են համարում հարգելի, բայց բոլորը տեսել են, չէ՞, ինչ է կատարվել` հայտարարություն չի հնչել (պատշաճ կարգով դա պիտի տեղի ունենար նիստի ընթացքում), նիստ չի եղել, Ազգային ժողովի նախագահն է յուրացրել իրավասությունը` այդ պարագայում հարգելի-անհարգելի ճանաչելու հետ կապված»:

Ռուստամյանը եզրակացրեց. - «Ըստ էության, սա ասում է բոլոր պատգամավորներին` կարող եք չհարգել օրենքը»:

Ռուստամյանի դիմումը հանձնաժողովում մերժվեց ԲՀԿ-ական Վահան Բաբայանի քվեարկության արդյունքում` ով միացավ հանձնաժողովի 2 ՀՀԿ-ական անդամներին:

«Այն դեպքում, երբ Ազգային ժողովի նախագահը բացակայողների բացակայությունը համարել է հարգելի, իսկ դա Ազգային ժողովի նախագահի բացառիկ իրավունքն է, կարծում եմ, այդքանից հետո այդ հարցը քննարկելն անիմաստ է դառնում», - փաստարկեց Բաբայանը` հավելելով որ դա իր անձնական քվեարկությունն էր եւ կուսակցության հետ չի համաձայնեցրել:

Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները, հիշեցնենք, միացել էին արտահերթ նիստ հրավիրելու մասին ՀԱԿ-ի դիմումին: Իսկ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը նոյեմբերի 21-ին, երբ նիստը չկայացավ, մասնակցեց ԱԺ շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիային` կոչ անելով մի կողմ դնել նեղ կուսակցական շահերը եւ առաջնորդվել ազգի շահերով:

Հանձնաժողովի նոր ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուր պատգամավորի հարցով առանձին քվեարկություն է անցկացվել: Բոլոր 83 պատգամավորները, ի դեպ, հրավիրվել էին հանձնաժողովի նիստին: Մասնակցում էին, սակայն, 3-ը, ովքեր հանձնաժողովի անդամներ են եւ եկել էին ի պաշտոնե:
XS
SM
MD
LG