Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նիստը չկայացավ


Գրանցվել էին 46 պատգամավորներ, բացակա էին 83-ը:

Ընդդիմության առաջարկով այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ:

Գրանցվել էին 46 պատգամավորներ, բացակա էին 83-ը:

Նիստը չկայացավ կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» պատգամավորների բացակայության պատճառով, ինչը նրանք միտումնավոր են արել` նիստը տապալելու համար:

Այսօրվա նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ) չէր գրանցվել` քվորումի ապահովմանը չնպաստելու համար: Նույն կերպ էր վարվել նաեւ խորհրդարանի մյուս փոխխոսնակը` նույնպես Հանրապետականը ներկայացնող Հերմինե Նաղդալյանը:

Խորհրդարանում այսօր կոալիցիոն ուժերի այլ պատգամավորներ նույնպես կային, սակայն նրանք դահլիճ չմտան:

Խորհրդարանական մեծամասնությունը ի սկզբանե հայտարարել էր, որ արտահերթ նիստը սկսելու համար պահանջվող քվորումը` առնվազն 66 պատգամավորի ներկայությունը չի ապահովվելու։

Արտահերթ նիստը հրավիրվել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ` ստորագրահավաքի արդյունքում: Նախաձեռնությանը միացել էին ոչ կոալիցիոն բոլոր խմբակցությունները։ Նիստը պիտի քննարկեր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն նվազեցնել նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքները:

Երբ պարզվեց, որ քվոչումը չի ապահովվում, ընդդիմադիրները հակասահմանադրական որակեցին ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» այսօրվա պահվածքը:

«Սահմանադրության 70-դ հոդվածը շատ հստակ իրավունք է տալիս ընդդիմությանը. եթե անգամ մեծամասնությունը Ազգային ժողովում դեմ է որեւէ հարցի քննարկմանը, ընդդիմությունը իրավունք ունի այդ հարցի քննարկումը նախաձեռնել եւ այդ քննարկումը ստանալ: Այն, ինչ այսօր արեց Հանրապետական կուսակցությունը, Սահմանադրության խախտում է: Նրանք փաստորեն արժեզրկում են սահմանադրական այս նորմը», - նշեց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Պատգամավորների մասնակցությունը նիստերին, նաեւ այս արտահերթ նիստին, պարտավորություն է, ոչ թե իրավունք, եւ սա լավ չեն հասկացել: Կատարել են այսպես հայավարի-տվավարի քայլ` առանց հասկանալու, որ այսպիսով իր լուր աշխարհի ասում են, որ Հայաստանում կա մի մեծամասնություն, որը անպատասխանատու մեծամասնություն է», - իր հերթին ասաց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մեծամասնություն լինելու իմաստը հենց այն է, որ առաջ տանես քո նախաձեռնությունները, իսկ մյուսներինը, ցանկության դեպքում, մերժես. - «Հենց այդպես էլ պետք է լինի: Քաղաքական որ ուժը հաղթել է, նա էլ ծանրությունը, բեռը տանում է` բոլոր հոգսերը, նաեւ բոլոր բացասական, ոչ բացասական երեւույթները: Այսինքն` չի կարելի մեր միջոցները համարել իրենցը, ինչպես մենք իրենց միջոցները չենք համարում մերը»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք նախաձեռնել են այն, ինչն իշխանությունը պետք է աներ. - «ԵԽԽՎ-ն եւ ԵԱՀԿ-ն դրեցին այդ խնդիրները այս իշխանությունների առաջ, որ պետք վերացնել այն թերությունները, որոնք տեղի ունեցան պառլամենտական ընտրությունների ժամանակ, որպեսզի բարձրացվի վստահությունը նախագահական ընտրությունների նկատմամբ: Երբ մենք տեսանք, որ այդ քայլը իշխանության կողմից չի արվում, այդ բեռը իր վրա վերցրեց ընդդիմությունը»:

Գալուստ Սահակյանի գնահատմամբ, մինչդեռ` այս նախաձեռնությամբ ընդդիմությունը «վերակենդանանում է». - «Մասնավորապես ՀԱԿ-ը փորձում է այդ ճանապարհով վերակենդանացման նշույլներ ցույց տալ: Որովհետեւ ժամանակն էլ չի հերիքի: Դրա համար այդ նույն խնդիրներին կանդրադառնանք 2015 կան 2016 թվականներին` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»:

Հանրապետականները բազմիցս ասել են, թե դեմ չեն առաջարկվող փոփոխություններին, ուղղակի մինչեւ նախագահական ընտրություններ մնացած ժամանակահատվածն է կարճ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց. - «Ինչպես ես հասկանում եմ իրենց տարբեր ժամանակներում արած տարբեր մեկնաբանություններից` կա'մ շուտ է, կա'մ ուշ է»:

Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորների բացակայության հարցը առաջիկայում ընդդիմադիրները դարձնելու են ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա. - «Նախագահությունը, որ պարտավոր էր նիստը գումարել, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել: Սա նույնպես պարտավորության խախտում է, որը ուղղակի կապված է էթիկայի խնդիրների հետ»:

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում հրապարակած հոդվածում կարծիք է հայտնել, որ արտահերթ նիստի չկայացման պարագայում ընդդիմությունն անմիջապես պետք է դիմի Սահմանադրական դատարան:

Տեր-Պետրոսյանը գնահատել է նաեւ նիստին չմասնակցելու հնարավորությունը` կարծիք հայտնելով, որ իշխանության այդ ընտրությունը «այլ բան, քան ամբարտավանության, գավառական «զոռբայության» կամ լիակատար տգիտության արտահայտություն չի կարելի անվանել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մտավախություն չունեն, որ ընդդիմությունը կարող է համախմբվել, իշխող քաղաքական ուժի ղերավար անդամ Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Թող համախմբվեն, բաժանվեն, միանան… Ինչքան էլ վերականգնվեն, միեւնույն է, դա համախմբում չէ: Որեւէ մեկը, երբ վերակենդանանում է, բավականին երկար դեռեւս բուժման կարիք է ունենում»:

Նշենք նաեւ, որ քվորումի ապահովմանը չաջակցեց նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Արտահերթ նիստի հրավիրումը նախաձեռնած ՀԱԿ-ը չմեկնաբանեց Ծառուկյանի բացականության պատճառները:
XS
SM
MD
LG