Մատչելիության հղումներ

logo-print

Էթիկայի հանձնաժողովը կքննի արտահերթ նիստը տապալած պատգամավորների վերաբերյալ դիմումը


Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողովը քննության կառնի Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության դիմումը, որը վերաբերում է նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը տապալած պատգամավորների վարքագծին:

Դիմումում ՀՅԴ-ն Էթիկայի հանձնաժողովին խնդրում է քննել ԱԺ-ի արտահերթ նիստին չգրանցված պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասի ա, գ, զ կետերով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ հարցը: Դիմումին կից ներկայացվել է այդ պատգամավորների ցանկը:

Հիշեցնենք, արտահերթ նիստը հրավիրել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը` նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրակեղծիքները նվազեցնելուն միտված մի շարք օրենսդրական փոփոխություններ քննարկելու համար: ՀԱԿ-ի նախաձեռնությանը միացել էին բոլոր ոչ կոալիցիոն ուժերը: Սակայն իշխող մեծամասնությանը հաջողվեց տապալել նիստը, քանի որ նրանց պատգամավորները չներկայացան նիստին, եւ քվորում չապահովվեց:

Հանձնաժողովը իր որոշումը կհրապարակի 30 օրվա ընթացքում:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG